×

Տաթեւ Քաղկեցյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Vino&Vino Expert՝ դասընթաց «միջազգային համը» ճանաչել ցանկացողների համար

Vino&Vino ընկերությունը հունիսի 21-ից Երեւանում կմեկնարկի միջազգային ճանաչում ունեցող Vino&Vino Expert դասընթացը՝ գինու ոլորտի սկսնակ մասնագետների, գինեսերների եւ ընդհանրապես գինին ճանաչել ցանկացող յուրաքանչյուրի համար:

Դասընթացի կլինի ռուսերենով, կտեւի 3 շաբաթ, կանցկացվի յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 19:00-ին, շաբաթ՝ 11:00-ին՝ Holiday Inn Express հյուրանոցում (Բուզանդ 97/2): Այն կվարի Բելառուսից ժամանած Vino&Vino Expert նախագծի ղեկավար, Vino&Vino ընկերության բրենդ մենեջեր Տաթեւ Քաղկեցյանը:

Տաթեւ Քաղկեցյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տաթեւ Քաղկեցյանն ավարտել է Բելգիայում Եվրոպական գինեգործության ակադեմիան, այնուհետեւ՝ Լոնդոնի WSET միջազգային դպրոցը: 2019-ից աշխատում է Vino&Vino Expert դպրոցում՝ որպես ծրագրի ղեկավար: GastroVino-ի հետ զրույցում Տաթեւիկը պատմել է սպասվող դասընթացների թեմաների եւ անցկացման ձեւաչափի մասին:

Vino&Vino Expert դպրոցը

Vino&Vino Expert դպրոցը հիմնադրվել է 2016 թվականին Մինսկում: Դպրոցը կազմակերպում է գինեգործության ոլորտին վերաբերող երկարաժամկետ եւ կարճաժամկետ դասընթացներ, վարպետության դասեր, ինչպես նաեւ պահանջարկից ելնելով՝ մշակում տարբեր կրթական ծրագրեր:

Լուսանկարը՝ Vino&Vino


Այս տարի որոշեցինք, որ պետք է կարճաժամկետ դասընթաց անցկացնենք նաեւ Երեւանում: Այն նախատեսված է ինչպես գինու ոլորտի սկսնակ մասնագետների, այնպես էլ գինեսերների համար, որոնք ուզում են ճանաչել միջազգային շուկան, հասկանալ գինին, հասկանալ՝ ինչն է իրենց դուր գալիս, որ տեսակներն են նախընտրում եւ կարողանան դարակաշարից վստահորեն ընտրել իրենց դուր եկած գինին: Դասընթացին կարող են մասնակցել նաեւ այն մարդիկ, ովքեր բավականաչափ ծանոթ են գինուն, բայց ուզում են ավելի խորանալ, ավելի մասնագիտորեն մոտենալ այս բնագավառին:

Տեսություն եւ պրակտիկա

Կուրսը բաղկացած է 6 դասից, յուրաքանչյուր դաս կտեւի  3 ժամ, կբաժանվի տեսական եւ գործնական մասերի: Քանի որ չգիտենք, թե մասնակիցներից յուրաքանչյուրը գինեգործությանը վերաբերող ինչ գիտելիքներ կունենա եւ որքան տեղեկացված կլինի ոլորտին, առաջին դասը կկազմակերպենք այնպես, որ հետագա դասերին բոլոր մասնակիցները խոսեն «նույն լեզվով»:  

Առաջին դասը կունենա ներածական բնույթ, որտեղ մասնակիցներին կծանոթացնենք գինեգործության հիմնական գործիքներին: Կխոսենք կլիմայական պայմանների մասին, ինչպես են դրանք ազդում խաղողի տեսակների վրա, օրինակ՝ ինչպես է նույն սորտի խաղողը տարբեր երկրներում յուրովի ստացվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկրորդ, երրորդ դասերը նվիրված կլինեն անմիջապես խաղողի տեսակներին: Չորրորդ դասին մասնակիցները կծանոթանան «հին աշխարհի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի գինեգործությանը, նրանց գինեգործական շրջաններին, անտեղ աճող խաղողի տեսակներին եւ կիմանան, թե այս երկրներն ինչ են առաջարկում միջազգային շուկային:

Հինգերորդ դասին մասնակիցները կուսումնասիրեն նոր աշխարհի գինեգործությունը, որի մեջ մտնում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Չիլիի, Արգենտինայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի գինեգործությունը:

Վեցերորդ դասը կնվիրվի թնդեցված խմիչքներին՝ պորտվեյններ, խերեսներ, քաղցր գինիներ, որոնք շատ հետաքրքիր են, բայց Հայաստանում մեծ տարածում չունեն:

5-6 գինու համտես՝ յուրաքանչյուր դասին

Դասընթացին մասնակիցները հնարավորություն են ունենալու համտեսել տարբեր երկրների ավելի քան 50 տեսակի գինի, յուրաքանչյուր դասին՝  5-6 նմուշ:

Դեգուստացիայի մասը գրագետ է կազմված այն առումով, որ ուսանողները համեմատելու, եզրակացություններ անելու հնարավորություն են ունենալու, հասկանալու են գինու պատրաստման տեխնոլոգիան, դրա որակի վրա ազդող գործոնները:

Լուսանկարը՝ Vino&Vino


Ինձ համար շատ կարեւոր է, որ դասերն անցնեն ոչ թե չոր՝ ուղղակի դասախոսություններ կարդալով, այլ մասնակիցների հետ անընդհատ երկխոսության մեջ լինելով, կարծիքների փոխանակությամբ:

Ուսանողներին կտրամադրենք նաեւ ուսումնական նյութեր՝ գրքի տեսքով, որտեղ կարող են նաեւ նշումներ, գրառումներ կատարել:

Վերջին դասին մասնակիցները թեստ կհանձնեն՝ վկայական ստանալու համար, որը բավականին ճանաչելի է եւ գործատուներն այն ընդունում են որպես տվյալ մարդու գիտելիքների մասին հավաստող հիմնային փաստաթուղթ:

Դասընթացի վճարը կազմում է 85 000 դրամ, մասնակցող ուսանողների խումբը բաղկացած է լինում մոտավորապես 15-18 հոգուց: Սա ամենաօպտիմալ քանակն է, երբ յուրաքանչյուր ուսանողի կարողանում ես անհրաժեշտ ժամանակ հատկացնել:

Առաջին փորձը

Սա լինելու է Հայաստանում նման դասընթաց անցկացնելու իմ առաջին փորձը: Նոր լսարանի հետ եմ աշխատելու, նոր արձագանքներ եմ ստանալու, ինչի հիման վրա կարող եմ շոշափելի զգալ եւ կուրսն ադապտացնել:

Ընդհանրապես շատ եմ սիրում կիսվել իմ ունեցած գիտելիքով, ինֆորմացիայով,  համախոհներ գտնել եւ հետագայում պահել կապը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ուրախությամբ պիտի նշեմ, վերջին տասը տարում գինեգործության ոլորտը Հայաստանում շատ մեծ զարգացում է ունեցել, եւ ոլորտում մասնագիտանալ ցանկացողները մեր դասընթացների միջոցով «միջազգային համի» վերլուծության հնարավորություն կստանան եւ հետագայում հեշտ կհասկանան, թե ինչ է մեր շուկան տալիս իրենց:

Vino&Vino Expert դասընթացին գրանցվելու համար զանգահարեք 041 010078 հեռախոսահամարով:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին