×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արցախյան խնդողնին եւ հողի արժեւորումը «Երեւանի գինու օրերին»

Մայրաքաղաքի ավանդույթ դարձած «Երեւանի գինու օրեր»-ն այս տարի անցկացվեցին հունիսի 3-ից 5-ը: Փառատոնի շրջանակում ներկայացված էին 50 հայ արտադրողի 500-ից ավելի գինիներ: GastroVino-ի լրագրողը շրջել է փառատոնի տարածքով եւ ներկայացնում է դրա ամենավառ դրվագները:

Խնդողնին, որ պատմում է Արցախի մասին

Գինու տասնյակ տաղավարների միջեւ կողմնորոշվելն ու ընտրելը հյուրերի համար այդքան էլ հեշտ չէր. յուրաքանչյուր արտադրող ջանում էր ապահովել հնարավորինս ուրախ տրամադրություն ու մատուցել լավագույն գինիները: Այդուհանդերձ, բազմության մեջ Արցախի դրոշով տաղավարն ասես սիրտդ է ընտրում, հետո կարդում ես՝ Քիրս:

«Քիրս» գինեգործարանի տնօրեն Անդրանիկ Սարգսյանի խոսքով՝ բրենդի անունը պայքարի ու միասնության խորհուրդ ունի, քանի որ Արցախի ամենաբարձր գագաթներից Քիրս լեռը հենց այդպես է ընկալվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեր գինու պիտակների վրա Քիրսն է պատկերված՝ տարբեր կողմերից: Օրինակ՝ սպիտակ գինու պիտակի վրա լեռը պատկերված է այն կողմից, որտեղից երեւում են գագաթին բռունցքի ձեւով թափված քարերը: Քիրսը հենց դրա համար էլ կոչվում է պայքարի եւ միասնության սար: Բրենդի անվան ընտրությունը եւս մեկ հիշատակում է, որ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը պետք է միասնական լինեն ու պայքարեն մեր կորցրած տարածքների վերադարձի ու կրկին արժանապատիվ խաղաղություն նվաճելու համար: Նաեւ Սարյանի ու Մինասի վառ գույներն ենք ընտրել, որպեսզի տեսնողը հեռվից էլ ճանաչի արցախյան գինին»,- մանրամասնել է նա:

Գործարանը գտնվում է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, այգիներն էլ Խրամորթում են: «Քիրս»-ի սպիտակը պատրաստում են Կանգուն, Բանանց սորտերից, իսկ կարմիրն ու ռոզեն՝ Խնդողնուց:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Առավել պատասխանատու ենք հանդես գալ բարձր կարգի գինիներով, քանի որ մեր հայրենիքն ենք ներկայացնում: Ձգտում ենք տարեց տարի որակն էլ ավելի լավացնել: Տարեկան արտադրում ենք 100 000 շիշ, արտահանում ենք Ռուսաստան, արդեն նոր պայմանագրեր ունենք Կանադա, Ֆրանսիա եւ Ավստրալիա արտահանելու համար»,- պատմում է Անդրանիկ Սարգսյանը:

Արցախյան գինու տաղավարը նաեւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել զբոսաշրջիկների մոտ, որոնցից շատերը, փառատոնի առաջին օրն այն ճանաչելով, հաջորդ օրերին նորից էին գալիս՝ փնտրելով հենց Արցախի գինին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Զբոսաշրջիկներին պատմում ենք մեր ամբողջ կենսագրությունը, Արցախի պատմությունը: Հպարտությամբ ենք ներկայացնում Արցախը, մարդկանց շրջանում էլ արդեն ակնածանք է ձեւավորվել մեր գինու նկատմամբ: Շշի փականի վրա էլ Տատիկ-պապիկի նկարն է: Թե´ Տատիկ-պապիկը, թե´ Քիրսն ու մյուս լեռները մեր արժեքներն են, որոնց համար պայքարում ենք: Եղբորս ու տղաներիս հետ պատերազմին եմ մասնակցել, հիմա էլ ձգտում ենք տնտեսությունը զարգացնել: Ցանկանում եմ, որ մեր ժողովրդի միտքը պարզվի, ու յուրաքանչյուրն իր ոլորտում իրեն լավագույնս դրսեւորի՝ հանուն հայրենիքի, քանի որ հայրենիքը մեր բարձրագույն արժեքն է»,-ամփոփում է արցախցի գինեգործը:

Հողի արժեւորումը

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս տարի փառատոնին առանձին տաղավարով ներկայանում էր նաեւ Հայաստանի գինու պատմության թանգարանը, սակայն բոլորովին նոր մոտեցմամբ: Թանգարանային նմուշները ներկայացված էին յուրատիպ ստենդներով՝ պատրաստված հողից: Թանգարանի տնօրեն, հնագետ Հայկ Գյուլամիրյանը պատմել է, որ ցանկացել են ընդգծել հայկական գինու տերուարը՝ ցույց տալով հողի շերտերը:

«Քանի որ Հայաստանը հրաբխային գոտի է, որոշեցինք ստենդի ներքեւի մասն անել բազալտից, որի վրա արդեն կավահողային շերտն է: Հնագիտության մեջ սա կոչվում է ստրատիգրաֆիա, այն է՝ շերտագրություն: Ստենդների միջնամասերում ապակու մեջ տեղադրել եք մեր թանգարանի լավագույն արտեֆակտներից երեքը՝ Ք. Ա 15-րդ դարին թվագրվող կերնոսը եւ պսիկտերը, ինչպես նաեւ խոյաքանդակ կանթով սափորը, որը նախատեսված է եղել հանդիսությունների համար: Ապակուց վերեւ նորից տերուարը շարունակվում է: Այսինքն՝ հողի կտրվածքն է, հողը բերել ու ցույց ենք տալիս Երեւանում: Այս կերպ ուզում ենք մարդկանց ուղղորդել արժեւորել հողն ու տեսնել՝ ինչքան գեղեցիկ է այն ուղղակի պարզ լույսերի ներքո»,- մանրամասնել է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թանգարանի տնօրենը հավելել է, որ այս նորարարական մոտեցմամբ փորձել են գրավել հատկապես երիտասարդության ուշադրությունը՝ ժամանակակից հայեցակարգով ներկայանալուց հետո սպասելով նրանց թանգարանում:

Խմել եւ ճանաչել գինին

«Երեւանի գինու օրեր»-ի այցելուների շարքում շատ էին ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ վերջին ամիսներին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հյուրերը:

Յուրին, որ արդեն երեք ամիս է Երեւանում է բնակվում, իր հանգստյան օրերը փառատոնին մասնակցությամբ էր անցկացնում:

«Հայաստանում շատ հաճելի է, մարդի միշտ պատրաստակամ են օգնելու: Այս փառատոնի մթնոլորտը եւս շատ եմ հավանում, այստեղ շատ հետաքրքիր է: Ռուսաստանում հայկական գինի չեմ փորձել, իսկ այս փառատոնը հրաշալի հնարավորություն է համտեսելու տարբեր տեսակներ, որպեսզի հետագայում գինի ընտրելն ավելի հեշտ լինի»,- պատմել է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարի փառատոնի շրջանակում շեշտադրվել էր նաեւ հայկական գինու պատմության ներկայացումը: Առանձնացվել էր առանձին տաղավար՝ երեք լեզուներով անվճար գինեդասեր կազմակերպելու համար: Moon events-ի կամավոր Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ այս ձեւաչափը ստեղծվել է նախորդ տարիների հյուրերի արձագանքների հիման վրա, քանի որ մարդիկ ցանկություն էին հայտնել ոչ միայն գինին վայելելու, այլեւ նաեւ դրան տեսականորեն ծանոթանալու:

«Փառատոնի երեք օրերի ընթացքում ունեցել ենք տարբեր պրեզենտացիաներ, որոնք հիմնականում վարել են գինեգործարանների հիմնադիրները, պատմել իրենց պատմությունն ու ունկնդիրներին հյուրասիրել իրենց գինին: Ներկայացվել են հայկական գինեգործական շրջանները, ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ արտասահմանյան գինեգործության առանձնահատկությունները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կիրակի օրն ունեցանք նաեւ դաս գինու բույրերի մասին, որի ընթացքում հետաքրքիր փորձառություն էինք նախատեսել. գինու բույրով ունկնդիրները փորձեցին հասկանալ՝ ինչ գինի է: Գինեդասերի այս ծրագիրը շատ լավ հնարավորություն էր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար՝ ավելի լավ ճանաչելու գինին»,- մանրամասնել է նա:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին