Երեւանում գինու օրերն են․ կրկին Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցները լի են գինեգործական տաղավարներով եւ գինեսերներով, որոնք եկել են տոնելու ու գտնելու իրենց խառնվածքին ամենահամապատասխան գինին։ Ներկայացված տասնյակ ընկերությունների շարքում իր արտաքին գրավչությամբ եւ ջերմ մթնոլորտով առանձնանում է «Արմենիա Վայն» գինեգործարանի տաղավարը։
GastroVino-ի հետ զրույցում «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը պատմել է գինեգործարանի նորույթների եւ հատուկ «Երեւանի գինու օրեր» փառատոնի հյուրերի համար նախատեսված անակնկալների մասին։
Տրամադրությունը՝ գինոտ
Օրն այսօր գինառատ է։ «Արմենիա Վայնը», ինչպես միշտ, շատ ջերմ տրամադրությամբ եւ հյուրերի հանդեպ հատուկ սիրով սպասում է Մոսկովյան-Թումանյան-Սարյան խաչմերուկում։ Այս տարի փորձել ենք տաղավարում ստեղծել հատուկ ջերմություն գինուն համահունչ գույնով՝ տաղավարին տալով տակառաձեւ տեսք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսօր արդեն իսկ նկատվում է տաղավարի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն հատկապես զբոսաշրջիկների կողմից։ Դրան, իհարկե, նպաստում են նաեւ մեր բազում անակնկալները։ Ինչպես գիտեք, «Արմենիա Վայն»-ի կոնյակի հնացման մառաններում 24/7 ռեժիմով հնչում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Հենց այդ երաժշտությունն էլ մեզ հետ տաղավար ենք բերել։ Ունենում ենք նաեւ հատուկ երաժշտական ընդմիջումներ՝ սիրված երաժիշտների մասնակցությամբ։ Օրինակ՝ վաղը 19։15-ից մեզ մոտ կարող եք վայելել Hayat Project-ի ելույթը, իսկ նախքան դա կլինի հետաքրքիր անակնկալ ուղղաթիռով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արմենիա Վայն»-ի տաղավարում գինեսերները կարող են հանդիպել նաեւ մեր գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանին, գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլային եւ գլխավոր կոնյակագործ Օլիվիե Շապտին։ Նրանք բաց են շփման եւ գինու մասին զրուցելու համար։
Նոր գինիներ․ օրգանական եւ փրփրուն
Այս օրերին մեր տաղավարի հյուրերն ունեն բացառիկ հնարավորություն համտեսելու մեր նոր արտադրանքը՝ «ԲիոՆէ» կարմիր չոր գինին։ Գինու անվանումը պատահական չէ ընտրված․ «bios» հունարենից թարգմանաբար նշանակում է կյանք, իսկ «Նէ»-ն մարմնավորում է կնոջը՝ որպես կյանքի սկզբի, արարման խորհրդանիշ։ Ինչպես գիտեք, օրգանական գինին մաքուր, առանց որեւէ տեսակի հավելումների գինի է, եւ փորձել ենք կնոջ՝ «նէ»-ի կերպարով ցույց տալ այդ մաքրությունն ու արարչագործությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սահմանափակ արտադրության գինին «Արմենիա Վայն»-ի սեփական օրգանական այգիների Կաբերնե Ֆրան եւ Մերլո սորտերի կատարյալ միաձուլումն է, որը սերտիֆիկացված է համաշխարհային Ecocert ընկերության կողմից։ «ԲիոՆէ»-ն դեռեւս վաճառքի ենթակա չէ, եւ շուկայում կլինի միայն երկու շաբաթից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Յուրատեսակ է նաեւ գինու դիմապիտակը։ Դրա ներքեւի մասում Արարատ լեռն է, իսկ վերնամասում Արենի քարանձավն է, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարանը։ Քարանձավի շուրջը պատկերված թռչյունները չվում են տարբեր երկրներ․ սրանով էլ փորձել ենք ցույց տալ մեր կոչումը, այն է՝ ներկայանալ աշխարհին հայկական գինեգործության յուրահատուկ եւ որակյալ գինու դեմքով։
Շուտով շուկային կներկայացնենք նաեւ ավանդական մեթոդով պատրաստված «Թարիրի» փրփրուն գինին, որը նոր խոսք կլինի հայկական փրփրուն գինու ասպարեզում։ Այն եւս շուկայում կլինի երկու շաբաթից, սակայն մեր տաղավարի հյուրերը փառատոնի շրջանակում կարող են դառնալ առաջին համտեսողներից։
Լայն, բայց չհագեցնող ընտրություն
Տաղավարում գինեսերները կգտնեն նաեւ մի շարք այլ, արդեն իսկ սիրված գինիներ։ Ներկայացված են մեր սուպերպրեմիում դասի «Թարիրի»-ն, շատերի կողմից խիստ պահանջված «Տակառ»-ը, նաեւ մեր յուրահատուկ ստեղծագործություններից մեկը՝ «Տակառ Ռուբի» պորտո ոճի գինին։ Վերջինս թեեւ բավականին նոր է շուկայում, սակայն արդեն իսկ մեծ պահանջարկ է վայելում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր հյուրերը կարող են համտեսել նաեւ մեր պրեմիում պոպուլյար դասի «Երեւան» գինիները, «Արմենիա» շարքը, «Օրրան» գինիները, ինչպես նաեւ այս տարի շուկային ներկայացրած «Արտ Արմենիա» տեսականին։ Վերջինս Արենի, Մալբեկ, Կանգուն եւ Վիոնյե սորտերից յուրահատուկ ասամբլյաժ է։ Գինու դիմապիտակին պատկերել ենք հայկական զարդանախշ՝ դիտարկելով այն որպես աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորություն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Յուրահատուկ է նաեւ մեր գինեգործների կողմից հատուկ պատրաստված հայկական երեք սորտերի համադրություն ներկայացնող գինին, որը մատուցում ենք կարասից։ Տարեվերջին հանրությանը կներկայացնենք նաև «Թարիրի» ռեզերվը եւ «Տակառ» պորտո ոճի 6-ամյա հնացման գինին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բոլորին սպասում ենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ։ Սա մասնագիտական տոն է, որին պատրաստվում ենք մեծ ոգեւորությամբ։ «Երեւանի գինու օրերին» փորձում ենք հատուկ կերպով ներկայացնել, թե ինչ է առաջարկում «Արմենիա Վայնը» շուկային։ Թե ՛ հայ գինեսերներին, թե ՛ զբոսաշրջիկներին ձգտում ենք պատշաճ մատուցել հայկական գինեգործության 6000-ամյա ավանդույթներն ու լինել դրա հպարտ կրողը։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: