«Գինու Օրեր»-ին մասնակցած կանայք ավելի հաճախ կարեւորում են միջոցառման տրամադրությունը, դիզայնը, ստեղծված մթնոլորտը, տղամարդիկ՝ գինին։
«Երեւանի Գինու Օրեր 2021» միջոցառման ընթացքում անցկացրած հետազոտության արդյունքներն այսօր «From IRL to URL»/«Գինու Օրերից դեպի Մետավերս» կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Լիլիթ Բաբայանը։
2021 թվականի «Գինու Օրեր» միջոցառման ընթացքում կատարված հարցմանը քաոտիկ ընտրանքով, կիսաձեւայնացված հարցաթերթով մասնակցել է 637 մարդ։
«Հարցվածների թվում հիմնական խումբը եղել են 18-63 տարեկանները, բայց մասնակցել են նաեւ անչափահասներ եւ 63-ից բարձր տարիքի մարդիկ»,- ասել է նա։
«Գինու Օրեր»-ի մասնակիցներին ուղղվել են միջոցառման հետ կապված իրենց տպավորություններին վերաբերող հարցեր։ Հարցման միջոցով փորձ է արվել ստանալ միջոցառման սպառողների թիրախային խմբի սոցիալ-ժողովրդագրական պատկերը, վերլուծել ըստ սեռատարիքային սեգմենտի եւ հասկանալ, թե ովքեր են հիմնական սպառողները։
«Հարցվածների հիմնական մասը եղել է Երեւանից, սակայն միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից «Գինու Օրեր»-ը լուրջ նշանակություն ունի։ Տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների բաշխվածությունը գրեթե հավասար է եղել, միայն մի փոքր շեշտով դեպի Ռուսաստան»,- ասել է Լիլիթ Բաբայանը։
Լիլիթ Բաբայանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«18-25 տարեկանների խմբում ավելի շատ են եղել իգական սեռի ներկայացուցիչները։ Այս խմբում զբոսաշրջիկներն ավելի քիչ են, նրանք ավելի բարձր տարիքային խմբում են։ Ինչ վերաբերում է այս տարիքային խմբի՝ միջոցառման ընթացքում գումար ծախսելու պատրաստակամությանը, ապա նրանք ամենապատրաստակամը չեն, ինչը հասկանալի է, քանի որ ֆինանսապես կայուն չեն։ Այս խմբում գերակշռում են մարդիկ, ովքեր պատրաստ են ծախսել մինչեւ 10 հազար դրամ»,- ասել է «ՍՈՑԻԵՍ»-ի ծրագրերի ղեկավարը։
Հարցմանը մասնակցած գրեթե բոլոր տարիքային խմբերում շատերը միջոցառման մասին տեղեկացել են սոցիալական ցանցերի միջոցով, սակայն այս հանգամանքը երիտասարդների դեպքում ավելի արտահայտված է։
Լիլիթ Բաբայանն ասել է, որ «Գինու Օրեր»-ը ընկալվում է նախ որպես գինի համտեսելու հնարավորություն, սակայն այցելուները, որպես դրական կողմ, նշել են նաեւ հաճելի սնունդը։
«Բոլոր տարիքային սեգմենտներում, որպես դրական կողմ, կարեւորել են նաեւ մթնոլորտը, որոշ դեպքում հավասարապես, իսկ որոշ դեպքերում էլ ավելի շատ, քան գինի եւ սնունդ համտեսելու հնարավորությունը, համերը, բույրերը»,- ասել է Լիլիթ Բաբայանը։
Լիլիթ Բաբայանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հարցման մասնակիցների թվում հիմնական թիրախային եւ ամենավճարունակ խումբը 26-40 տարեկաններն են։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս խմբում նշանակալի տարբերություն կա տղամարդկանց եւ կանանց՝ ծախսելու պատրաստակամության առումով։
«Մարդը կարող է լինել վճարունակ, բայց պատրաստ չլինել ծախսել։ Հատկապես այս տարիքային խմբում տղամարդիկ պատրաստ են ավելի մեծ գումարներ ծախսելու, քան այլ տարիքային խմբերում։ Այս խմբում մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներն ու տարբեր ոլորտի աշխատողները։ Ավելի քիչ են մարդիկ, ովքեր պատրաստ են ծախսել 5 հազար դրամ, ավելի շատ՝ 10 հազար, 30 հազար եւ ավելի գումար ծախսելու պատրաստակամություն ունեցողները։ Այս տարիքային խմբում եւս հիմնական տեղեկատվության աղբյուրը սոցիալական ցանցերն են»,- ասել է Լիլիթ Բաբայանը։
Մյուս թիրախային խումբը, որն առանձնացվել է հարցման արդյունքում 41-63 տարեկաններն են եւ բավական նման է նախորդին, միակ տարբերությունն այն է, որ այս մարդիկ միջոցառման մասին ավելի շատ իմանում են ծանոթներից, քան սոցիալական ցանցերից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինչպես բոլոր խմբերում՝ այստեղ եւս գերակշռում են մարդիկ, որոնք կարեւորում են միջավայրը, մթնոլորտն ու ստեղծված տրամադրությունը։ Բոլոր տարիքային խմբերում իգական սեռի ներկայացուցիչներն ավելի հակված են նշելու, որ գնահատում են միջոցառման տրամադրությունը, դիզայնը, ստեղծված մթնոլորտը, իսկ արական սեռի ներկայացուցիչների համար հիմնական դրական կողմը գինիներն են, դրանց համերը։ Սպառողական քաղաքականության մշակման տեսանկյունից կարեւոր թեմա է, թե ո՞ւմ է ուղղվում գինին, դրա որակը»,- ասել է Լիլիթ Բաբայանը։
«ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում առանձնացվել են մասնակիցների նախընտրությունները, ցանկությունները, որոնք կօգնեն բարելավել «Գինու Օրեր» միջոցառումը։
«Հարցվածները, որպես միջոցառման բարելավման ճանապարհ, դիտարկում են միջոցառման տեւողության երկարացումը, տարածքի, մասշտաբի ընդլայնումը»,- ասել է Լիլիթ Բաբայանը։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: