Հայկական գինու ու խոհանոցի մասին պատմող «Origins» առցանց ամսագիրը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը գաստրոնոմիկ զբոսաշրջության տեսանկյունից, այլեւ աշխարհին կներկայացնի հայկական մրցակցային ու որակյալ գինին:
Ամսագիրը ստեղծվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ու «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ) ծրագրերի աջակցությամբ:
EU4Bussines ITTD ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական Միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը: EU4Bussines ITTD եւ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրերը իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
«Origins» առցանց ամսագրի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Խորապես տպավորված եմ հայկական գինիների բազմազանությամբ ու որակով», - ասել է ԵՄ դեսպանը՝ նշելով, որ վերջին տարիներին ոլորտում մեծ առաջընթաց է նկատում:
Անդրեա Վիկտորինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Երբ 2007-2009թթ. Հայաստանում էի որպես Գերմանիայի դեսպան, գինու տեղական արտադրությունը դեռ աճելու տեղ ուներ: Կար մի հրաշալի հայկական սպիտակ գինը, որի մասին միշտ հետեւյալ պատմությունն եմ պատմում: Առաջին շշից հետո դու մտածում էիր՝ «ինչ հաճելի, թեթեւ, սպիտակ գինի է»: Երբ բացում էիր երկրորդ շիշը, ասում էիր՝ «հետաքրքիր համ է»: Երրորդ շիշն արդեն քացախի էր նման: Այդ տարիներին մտածում էի՝ նրանք ունեն գինեգործության դարավոր ավանդույթներ, բայց, գուցե, հիմա որոշ բաներ մոռացել են: Հիմա իսկապես տպավորված եմ հայկական գինու բազմազանությամբ ու որակով», - նշել է նա:
Անդրեա Վիկտորինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դեսպանն ասել է, որ հայկական գինիներն աշխարհում պետք է ավելի ճանաչված դառնան, երկիր բերեն արտասահմանցիներին, որովհետեւ գինու զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը հրաշալի նպատակակետ է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շատ լավ գաղափար է ստեղծել ամսագիր, որը պատմում է ոչ միայն գինեգործության մասին, այլեւ ներկայացնում է հայկական ավանդույթներն ու խոհանոցը: Հուսով եմ՝ այն շատ մարդկանց կհետաքրքրի, ինչը կօգնի զարգացնել զբոսաշրջությունը: 2019թ.-ին այս առումով բավականին դրական ազդակներ կային, դուք բազմաթիվ միջազգային ամսագրերում էիք՝ որպես հետաքրքիր զբոսաշրջային նպատակակետ, բայց սկսվեց համավարակը, հետո՝ պատերազմը: Համոզված եմ, որ դուք կվերադառնաք այս տարի», - ասել է ԵՄ դեսպանը:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը ասել է՝ ի տարբերություն դեսպան Անդրեա Վիկտորինի, Հայաստանում է միայն մեկ տարի, բայց արդեն իսկ կարող է ասել՝ հայկական գինին հրաշալի որակ ունի.
Մադլեն Ռաուշենբերգերը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինձ համար հետաքրքիր փորձառություն է լինել այստեղ ու տեսնել՝ ինչ կարող է առաջարկել այս երկիրը գաստրո եւ գինեգործության ոլորտում: Մենք մշտապես ջանքեր ենք գործադրել աջակցելու Հայաստանում տեղական տնտեսության զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ ունի գինեգործության ոլորտը: Նայելով թվերին՝ կարող եմ ասել, որ զգալի աճ ենք տեսնում ոչ միայն արտադրանքի քանակի, այլեւ որակի տեսանկյունից: Մեր գործընկերների՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ջանքերով աջակցում ենք Հայաստանի դիրքավորմանը ոչ միայն որպես հիասքանչ մշակույթ ու գինեգործական ավանդույթներ ունեցող երկիր, այլեւ որպես համաշխարհային մակարդակով մրցակցային ու բարձրորակ գինի արտադրող»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մադլեն Ռաուշենբերգերն ասել է, որ այս առումով Հայաստանն ավելի ու ավելի գրավիչ նպատակակետ է դառնում գինու սիրահարների համար եւ գինեգործության ոլորտի զարգացումը, միանշանակ, նպաստում է նաեւ Հայաստանի մարզերի զարգացմանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր ծրագրով աջակցում ենք «Origins» առցանց ամսագրին, որը ներկայացնում է պատմություններ այս գեղեցիկ երկրի մշակույթի, գինու, ուտեստների ու ավանդույթների մասին: Համոզված եմ, որ այն կօգնի բարձրացնել Հայաստանի ճանաչելիություն ու խոստանում եմ լինել ձեր մշտական ընթերցողներից մեկը»:
Էյմի Քեուշգուերյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
««Origins» ամսագիրը ստեղծել ենք հայկական ուտեստների ու գինու մասին չպատմված պատմությունները ներկայացնելու», - ասել է ամսագրի հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը:
Նա ընդգծել է՝ գինեգործության ոլորտը Հայաստանում արագ է աճում, եթե 2015թ.-ին Հայաստանում կար գինու 38 գրանցված բրենդ, այսօր 110 բրենդ կա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ամսագրի բովանդակությունը ստեղծում են շատ տաղանդավոր հեղինակներ, թարգմանիչներ ու լուսանկարիչներ: Մենք ներկայացնելու ենք ակնարկներ, ոլորտի տեղական նորություններ ու շաբաթական կունենանք 2-ից 3 հրապարակում: Լինելու է նաեւ առցանց խանութ, հրապարակվելու ենք տեղական խոհանոցի բաղադրատոմսեր», - ասել է «Origins» ամսագրի հիմնադիրը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: