×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Hazarvaz. Հազար վազով այգին ու տերուարի մասին պատմող գինին

Երեւանից Ֆրանսիա, Պորտուգալիա, այնուհետեւ կրկին հայրենիք՝ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ. Արտեմ Պարսեղյանի գինեգործ դառնալու ուղին աշխարհագրական այս անուններով է անցնել: Գինեգործության հանդեպ հետաքրքրությունը Արտեմին սովորեցրել է սիրել այգին, հողի հետ աշխատանքը եւ վերջապես «համոզել» ապրել գյուղում:

GastroVino-ի հետ զրույցում գինեգործը պատմել է կենսաբանությունից գինեգործություն անցման, Եվրոպայում սովորելու, Աղավնաձոր տեղափոխվելու որոշման եւ Hazarvaz գինու ստեղծման մասին:

Գինեգործությունն այնքան գրավեց ինձ, որ…

Գինու պատրաստման, տեխնոլոգիայի հանդեպ հետաքրքրությունս սկսվեց ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետում սովորելու տարիներին, երբ սկսեցի ուսումնասիրել գինու մանրէաբանությունը: Մինչ այդ գինեգործության հետ առնչություն չէի ունեցել, եղել էին միայն լաբորատոր փոքրիկ պրակտիկաներ՝ խմորասնկերի, վակցինաների հետ կապված:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործությունն այնքան գրավեց ինձ, որ որոշեցի հետագա կրթությունս շարունակել այս ուղղությամբ: Այն ժամանակ պլանավորում էի ընդունվել Ագրարային համալսարան, բայց հասկանում էի, որ կրթական մակարդակը, ցավոք այն չէր, ինչ կուզեի գինեգործի մասնագիտություն ստանալու համար:

2011 թվականին իմացա Էրազմուս Մունդուսի Vinifera Euromaster Masters of Viticulture ծրագրի մասին, դիմեցի եւ 40 հազար եվրոյի մագիստրոսական կրթաթոշակ շահեցի: Ծրագիրը երկու տարով էր. առաջին տարին սովորեցի Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Montpellier SupAgro համալսարանում, երկրորդ տարին՝ Գերմանիայի Geisenheim University-ում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ֆրանսիայում սովորելու ժամանակ պետք էր նվազագույնը երկու ամիս պրակտիկա անցնել որեւէ երկրում: Ընտրեցի Պորտուգալիան: Ընտրությանս վրա ազդեց ոչ միայն նրանց հետաքրքիր փորձը, այլեւ Հայաստանի պես շատ չբացահայտված խաղողի սորտեր ունենալը: Կյանքումս առաջին բերքահավաքն արեցի եւ գինու պատրաստման առաջին պրոցեսին ամբողջական մասնակցություն ունեցա Պորտուգալիայում՝ 2012 թվականին:

Գերմանիայում կրթության փուլն ավարտելուց եւ թեզս պաշտպանելուց հետո՝ 2013-ին, ընտրության առաջ էի կանգնած՝ մնա՞լ այնտեղ, թե՞ վերադառնալ Հայաստան:

Մոտ 150 տարվա փոքր այգի ձեռք բերեցի ու…

Վերադարձս համընկավ հայկական գինեգործության վերելքի հետ: Հենց այդ ժամանակ գինեգործության մեջ առաջին քայլերն էր անում «Տրինիտի կանյոն այգիներ»-ի թիմը, միացա իրենց եւ ես էլ աշխատանքային առաջին քայլերս սկսեցի նրանց հետ: Առ այսօր «Տրինիտի»-ի գլխավոր գինեգործն եմ: Դրան զուգահեռ սկսեցի աշխատել նաեւ EVN Գինու ակադեմիայում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարիների ընթացքում խաղողի այգիների, ընդհանրապես՝ հողի հետ կապը, աշխատանքը ավելի ամրացավ եւ 2020-ին որոշեցի, որ քաղաքում ապրել չեմ ուզում: Ընտանիքով տեղափոխվեցինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ: Դե գյուղում ապրել եւ այգի չունենալ՝ տրամաբանությունից դուրս է: Էնդեմիկ վազեր ունեցող մոտ 150 տարվա փոքր այգի ձեռք բերեցի ու միանգամից սկսեցի մշակել single vinеyard գաղափարը՝ գինի ստանալ միայն մեկ այգու խաղողից: Հայաստանում այսօր մի փոքր խնդիր ունենք այդ գաղափարի հետ կապված: Շատ գինիներ արտադրվում են տարբեր այգիների խաղողներից, այսինքն՝ մեկ տեսակի խաղողի հավաքական բերք են ստանում:

Hazarvaz-ի գինին 2-3 շաբաթ մնում է կեղեւի վրա, այսինքն…

Գինին ստեղծելուց առաջ մի այսպիսի կարգախոս որոշեցի ինձ համար՝ «այս գինին պետք է արտահայտի այգին». շշից սկսած մինչեւ համահոտային հատկանիշները պիտի կապված լինեն տերուարի հետ: Այսպես էլ ծնվեց Արենիի մոտ հազար վազ ունեցող այգու Hazarvaz գինին:

Այս տարվա բերքից Hazarvan-ի շուրջ 1000 շիշ գինի արտադրեցինք, որն այժմ ներկայացված է միայն In Vino-ում: Ապագայում կփորձենք քանակը մի փոքր մեծացնել, բայց այն, որ գինին պատրաստվելու է միայն մեկ տարածքում աճող Արենիից, ենթադրում է, որ այն երբեք մեծաքանակ չի կարող լինել եւ միշտ կպահի single vinеyard գաղափարը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու խմորումը մասամբ կատարում ենք կարասի մեջ, մասամբ՝ չժանգոտվող պողպատի, բայց սա կարասային գինի չէ, այսինքն, երկարաժամկետ չի մնում կարասում: Կարասի մեջ զուտ խմորման պրոցեսն է անցնում, դրանից մոտավորապես 2-3 շաբաթ մնում է կեղեւի վրա, այսինքն՝ մի քիչ երկար մասերացիա ենք անում, որպեսզի ստանանք ավելի կոնցենտրացված գինի: Դրանից հետո գինենյութը 10-12 ամիս հնեցվում է 2-3 տարվա օգտագործված տակառներում, որպեսզի գինու մեջ արտահայտվի ոչ թե տակառային երանգները, այլ Արենիի բնական նոտաները։

Hazarvaz-ն արտահայտված թթվայնություն ունի, դրա համար խորհուրդ է տրվում այն ըմպել կծու, ավելի արտահայտված պանիրների հետ, որոնք չեն կորչի համի մեջ, այլեւ զուգահեռ կգնան գինու համի հետ:

Ասում են՝ ժամանակին այգուց խաղող գողացողին օձը կծել է ու…

Hazarvaz-ի այգին հարյուրամյակներ շարունակ տեղացիները օձի կծած են անվանել եւ դրա հետ կապված շատ լեգենդներ հորինել: Դրանցից մեկը փորձել ենք պիտակի վրա ներկայացնել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ասում են՝ ժամանակին այգուց խաղող գողացողին օձը կծել է ու տարածքն այդ օրվանից սկսել են անվանել օձի կծած: Շիշը երեք դիմապիտակ ունի, որոնցով սպառողին փորձում ենք մի փոքր պատմել նաեւ տարածքի կենսաբազմազանության եւ այգու բազմաշերտ լինելու մասին:

Գինեգործության մեջ շատ բաց տեղեր ունենք, ինչը…

Հայաստանում շրջաններ ունենք, որտեղ ընդհանրապես խաղող չի աճեցվում, օրինակ՝ Լոռին, բայց երբ համաշխարհային փորձն ենք նայում, տեսնում ենք, որ այդ մարզի կլիման, հողը իդեալական են խաղողի շատ սորտերի համար: Հիմա բոլորս կենտրոնացել ենք Վայոց ձորի վրա, ինչը շատ լավ է, բայց վստահ եմ՝ մոտակա 5-10 տարվա մեջ կտեսնենք նախագծեր, որ Լոռիում, նույնիսկ, Շիրակում եւս աճեցվող խաղողից հնարավոր է շատ լավ փրփրուն սպիտակ գինի ստանալ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընդհանրապես, գինեգործության մեջ շատ բաց տեղեր ունենք, ինչը լրացնելու համար մեզնից տարիների աշխատանք է պահանջելու: Խաղողագործական եւ գինեգործական պրոցեսների կապը մեզ մոտ Խորհրդային միությունից հետո կորած է եղել՝ անգամ կրթության մեջ: Այգուց մինչեւ գինի կապը պետք է վերականգնել, ինչը կենսունակ կդարձնի նաեւ այն, որ գյուղացին եւս կսկսի արտադրել շուկայական պայմաններին համապատասխան գինի, չի մտածի միայն քանակ ստանալու եւ մթերելու մասին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացերից մեկն էլ այն է, որ էժան գինիների սեգմենտը շատ թույլ է զարգացած: Օրինակ՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում կարելի է 3 եվրոյով խմել շատ որակյալ գինի: Հայաստանում այդ գնով նորմալ գինի գտնելն ուղղակի անհնար է: Մատչելի գնով գինի ստանալու համար պետք է ինքնարժեքն իջեցնել, դրա համար պետությունն աջակցում է սուբսիդիաներով: Հայաստանում էլ կան արդեն աջակցություններ, բայց դրանք սաղմնային փուլում են: Կարծում եմ, լուծումներ կարելի է գտնել, աջակցել թե գյուղացուն, թե գինեգործին, որպեսզի ոլորտը զարգանա, ինքնարժեքն իջնի, ավելի մատչելի գինիներ լինեն, դա լավ է թե՛ մեր, թե՛ դրսի շուկայի համար:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին