«Արմենիա Վայն» գինեգործարանն ու Անրի Վերնոյի որդին հուշագիր են ստորագրել՝ բացառիկ իրավունքով «Անրի Վերնոյ» անվամբ գինիներ թողարկելու մասին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված «Ազգային կինո` համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանման եւ հանրայնացման խնդիրներ» խորագրով եռօրյա գիտաժողովի փակումն անցկացվեց «Արմենիա Վայն» գինեգործարանում:
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
Հյուրընկալվել էին Անրի Վերնոյի որդին` Պատրիկ Վերնոյ Մալաքյանը, հյուրեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լեհաստանից: Նրանք ծանոթացան Գինու պատմության նորաբաց թանգարանին, հայկական գինեգործության 6000-ամյա հարուստ մշակույթին:
Օրն «Արմենիա Վայն» գինեգործարանի համար նշանավորվեց նաեւ կարեւոր իրադարձությամբ: Ընկերության եւ Պատրիկ Վերնոյի միջեւ ստորագրվեց հուշագիր` բացառիկ իրավունքով «Անրի Վերնոյ» անվամբ գինիներ թողարկելու մասին:
«Նման պատվի արժանանալն ընդգծում է «Արմենիա Վայն» գինեգործարանի անզիջում նվիրվածությունն ու ձգտումը` դեպի ազգային արժեքներ եւ կատարելություն», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Վահագն Մկրտչյանը եւ Արա Խզմալյանը | Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Արմենիա Վայն» գինեգործարանի համասեփականատեր, գլխավոր տնօրեն, Հայաստանի գինու պատմության թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանը նշեց, որ անվանի կինոռեժիսորի անվանական գինիների թողարկման բացառիկ իրավունքը ստանձնելն ընկերության համար մեծ պատիվ է: Նա շեշտեց, որ «Արմենիա Վայն» գինեգործարանն ամենայն պատասխանատվությամբ եւ պատվով է ներկայացնելու Հայաստանն ու հայկականը աշխարհին, ինչպես հարիր է մեծ հային:
Պատրիկ Վերնոյ Մալաքյանը | Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Աշխարհահռչակ կինոռեժիսորի ժառանգն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց` ընդգծելով, որ կինեմատոգրաֆիան չի կարող հաղթել 6000-ամյա գինեգործությանը, բայց նրանք ունեն մեկ ընդհանուր նմանություն. երկու դեպքում էլ անհրաժեշտ է գործում ներդնել մեծագույն սեր եւ հոգատարություն», - հաղորդում են «Արմենիա Վայն»-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: