Նոյեմբերի 4-ին Bar Phoenix-ում ARARAT հայկական կոնյակների կողմից կազմակերպված Craft & Twist բարմենական մրցույթների հաղթողներ Դավիթ Հովհաննիսյանը, Ստեփան Աբրահամյանը եւ Գոռ Ղազարյանը կներկայացնեն ARARAT-ի հիմքով իրենց միկսոլոգիայի փորձն ու լավագույն ավանդույթները։
Բարմեն Դավիթ Հովհաննիսյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ ARARAT Craft & Twist Team-ը կներկայացնի ARARAT-ի հիմքով չորս նոր կոկտեյլ։
Նրա խոսքով՝ սպասվում է «ֆանտաստիկ» միջոցառում, որի մասնակիցները կարող են համտեսել տարբերվող կոկտեյլներ, վայելել միջավայրն ու ունենալ հետաքրքիր շփումներ։
«Արարատ» կոնյակներն ու լավ կոկտեյլի վարպետը
«Ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքով կարելի է պատրաստել հետաքրքիր կոկտեյլներ, բայց ինձ համար «Արարատ» կոնյակները առանձնահատուկ են։ ARARAT Craft & Twist Team-ի անդամ լինելն ինձ համար մեծ պատիվ է։ Ինչ վերաբերում է «Արարատ»-ի հիմքով կոկտեյլներին, ապա, եթե կարճ նկարագրեմ, ապա դրանք շատ հաճելի համ ունեն»,- ասել է բարմենը։
Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ հազվադեպ է ալկոհոլային խմիչքներ օգտագործում, նոր կոկտեյլ պատրաստելիս էլ բավարարվում է բույրը զգալով։
«Երբ նոր կոկտեյլ եմ պատրաստում, առաջարկում եմ, որ ուրիշները փորձեն, հարցնում եմ՝ արդյոք խմիչքը, հիմնական բաղադրիչները հաճելի են, հետաքրքիր ու բալանսավորված»,- ասել է նա։
Դավիթ Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ ARARAT
Հիմա Դավիթը ARARAT Craft & Twist Team-ի հետ միասին աշխատում է եւս մի հետաքրքիր կոկտեյլի վրա։ ARARAT Jazz Night-ն այս աշնան նորույթն է, որի շնորհանդեսը կկայանա գալիք Երեւանի ջազ-փառատոնի շրջանակներում։ Այլ մանրամասներ Դավիթը չբացահայտեց՝ խոստանալով, որ «այն վստահաբար անմոռանալի կլինի»։
Սահմաններ չունեցող մասնագիտությունը
Դավիթն ասում է, որ լավ կամ վատ բարմեններ չկան, մարդը կամ բարմեն է, կամ՝ ոչ։
«Այս մասնագիտությունը սահմաններ չունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կինքնակրթվես, կզարգանաս, կկայանաս։ Տարբերակներից մեկը որեւէ բրենդի «դեսպան» դառնալն է, ոմանք հենց այդ կերպ են ավարտում կարիերան, կամ՝ աշխատելով որեւէ ընկերությունում՝ սկսում են որեւէ խմիչք արտադրել։ Այս պահին ես մի փուլում եմ, որ համագործակցում եմ «Արարատ»-ի հետ եւ չափազանց ուրախ եմ, որովհետեւ վաղուց էի դա ցանկանում»,- ասել է նա։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: