×

Հասմիկ Առաքելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում գինու սպառման մշակույթը եւ միֆականացված ընկալումները

Կրթական ցենզն ուղիղի համեմատական է գինու սպառմանը. որքան մարդու կրթական մակարդակը բարձր է, այնքան շատ գինի է սպառում՝ «Բրեվիս» ընկերության անցկացրած հետազոտությունը Հայաստանում գինու սպառման վերաբերյալ հետաքրքիր նրբերանգներ է բացահայտել։

Ընկերությունը հարցումն անցկացրել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) պատվերով, 2021թ․ փետրվարի-մարտ ամիսների ընթացքում, Հայաստանի բոլոր մարզերից 1600 քաղաքացու շրջանում՝ հեռախոսային հարցման միջոցով։ Ընդգրկված են եղել բոլոր սեռատարիքային եւ կրթական մակարդակի խմբերը։

Ո՞վ է գինու սպառողը

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի մարքեթինգի եւ հասարակական կապերի բաժնի համակարգող Արտակ Օրդյանը GastroVino-ին ասել է՝ կարիք կար հասկանալու, ի վերջո, ո՞վ է գինու սպառողը, որտե՞ղ են շուկայի հնարավորությունները, ո՞րն է թիրախային սեգմենտը, լսարանը։

Արտակ Օրդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կորոնավիրուսի համավարակի եզակի դրական կողմերից մեկն այն է, որ կարողացանք լայնածավալ ծրագրեր անել, որովհետեւ նմանատիպ հետազոտությունը ոչ միայն ֆինանսական ռեսուրս է պահանջում, այլեւ ժամանակատար է, մեծ պլանավորման փուլ է ենթադրում։ Մենք չէինք կարող հիմնվել սոցիալական մեդիայի եւ երկրորդային տվյալների վրա, անհրաժեշտ էր առաջնային տվյալների հավաքագրում, բայց նաեւ ուզում էինք հասկանալ Հայաստանում գինու եւ ընդհանուր ալկոհոլային խմիչքների սպառման վիճակագրական պատկերը։ GIZ-ի աջակցությամբ «Բրեվիս» ընկերությանը պատվիրեցինք քանակական եւ որակական հետազոտություն» թեմայով»,- ասել է նա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարզերում գինու սպառումն ավելի թույլ է, քան Երեւանում: Պարզվել է նաեւ, որ առողջ ապրելակերպ վարող եւ չծխող մարդիկ ավելի շատ գինի են սպառում, ծխողները՝ ավելի քիչ, փոխարենն օգտագործում են այլ տիպի ալկոհոլային խմիչքներ։

«Գինին Հայաստանում համարվում է կանացի խմիչք։ Մենք խնդիր ունենք այն «առնականացնելու»։ Քանակական եւ որակական հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գինին նախ ասոցացվում է միջին խավի, միջին տարիքի եւ կանանց հետ։ Մինչդեռ, օղին համարվում է բրուտալ խմիչք, երիտասարդներն ավելի նախընտրում են գարեջուր։ Մի հետաքրքիր տվյալ էլ ունենք. որքան տարիքը մեծանում է, այնքան գինու սպառումը նվազում է, օղունը՝ բարձրանում»,- ասել է նա։

Արտակ Օրդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արտակ Օրդյանը պատմել է, որ ՀԽԳ հիմնադրամն այժմ երկու մարքեթինգային խոշոր ծրագիր է մշակում, մեկը գովազդային արշավ է՝ հանրությանը գինու գրագետ սպառման մասով կրթելու ուղղությամբ, մյուսը՝ գինու պատմության, աշխարհագրության, էսթետիկայի, առողջության մասին ֆիլմաշարի նկարահանում։

«Լավ գինին էժան լինել չի կարող»

«Բրեվիս» ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանն ասել է, որ հետազոտության ընթացքում փորձել են հասկանալ հարցման մասնակիցների տիպը, կենսակերպը, սովորությունները։

Հարցման մասնակիցներն առավել հաճախ ասել են, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործում են բնության գրկում՝ հավաքույթների ժամանակ, ռեստորաններում։ Եթե միջին եւ բարձր տարիքի մարդիկ նախընտրում են գինի խմել բնության գրկում, ապա երիտասարդները՝ սրճարաններում եւ հանրային ժամանցի այլ վայրերում։

Հասմիկ Առաքելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ալկոհոլային խմիչք ընտրելիս մարդկանց վրա ազդում են հոտը, բույրը, համային հատկանիշները, կարեւորում են ծագման երկիրը, արտաքին տեսքն ու փաթեթավորումը, ապրանքանիշի հայտնիությունը։ Մեծամասնության համար կարեւոր է գինու արժեքը, հարցվածները նշել են նաեւ, որ «լավ գինին էժան լինել չի կարող»»,- ասել է «Բրեվիսի» հետազոտությունների տնօրենը։

Հարցման արդյունքում պարզվել է նաեւ, որ առավել հաճախ օգտագործվող ալկոհոլային խմիչքը գինին է, այնուհետեւ օղին, գարեջուրը եւ վերջում կոնյակը։

«Հարցվածները կոնյակն ասոցացնում են հարուստ, գինին եւ գարեջուրը միջին խավի հետ, իսկ օղին համարվում է բոլոր խավերի խմիչք։ Հարցվածներն ասել են, որ օղին եւ գարեջուրը բնորոշ են արական սեռի ներկայացուցիչներին, կոնյակը՝ երկուսին էլ, իսկ գինին ընկալվում է որպես իգական սեռին բնորոշ խմիչք»,- ասել է նա։

Հարցում իրականացնողները մասնակիցներին հետաքրքիր առաջադրանք ենք տվել. առաջարկել են պատկերացնել, թե տանը 4-5 հոգու համար խնջույք կազմակերպելիս 20 հազար դրամի սահմանում ինչ ապրանքներ կգնեին։ 39 մասնակիցներից 32-ը, որպես խմիչք, ընտրել է որեւէ գինի, որպես ուտեստ՝ մսի կամ պանրի տեսականի, տավարի միս կամ ձուկ։

Հասմիկ Առաքելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Գինի ընտրողները, որպես պատճառ, նշել են, որ հավաքույթների ժամանակ մշտապես ընտրում են գինի, հյուրերը նախընտրում են գինի կամ գինին բարձրացնում է տրամադրությունը, նաեւ ասել են, որ հյուրերը միայն տղաներ չեն, իսկ նման դեպքերում միշտ հարցնում են, թե ինչ կխմի իգական սեռի ներկայացուցիչը եւ միայն հետո ընտրում խմիչք»,- ասել է Հասմիկ Առաքելյանը։

«Կարեւոր է կրթել մարդկանց»

Հետազոտության մասնակիցներին նաեւ առաջարկվել է քննարկել՝ գինի ավելի շատ Հայաստանի, Վրաստանի թե՞ Ֆրանսիայի հետ ասոցացվող խմիչք է։ Հարցվողները նշել են, որ Հայաստանում չկա գինու սպառման մշակույթ, գինին ընկալվում է ավելի շատ որպես Ֆրանսիային հատուկ խմիչք։

«Հարցվողները նշել են նաեւ՝ Խորհրդային Միությունում քաղաքականություն կար, որ հայկական խմիչքը կոնյակն է, իսկ վրացականը՝ գինին։ Հայկական գինին, անկախ իր համային հականիշներից, զիջում է այս միֆականացված ընկալման պատճառով։ Կարեւոր է կրթել մարդկանց, շատերն ուզում են իմանալ գինու մասին, օգտակար եւ վնասակար հատկությունների մասին, հասկանալ այն նրբությունները, որոնց տիրապետում են գինու ոլորտի ներկայացուցիչները»,- ասել է Հասմիկ Առաքելյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին