×

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Նոր ուղեցույցը կօգնի բացահայտել Հայաստանը «մեկ գավաթ գինով»

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ներկայացրել է գինու զբոսաշրջային ուղեցույց։ «Բացահայտիր Հայաստանը մեկ գավաթ գինով» գիդը ներկայացնում է Հայաստանի գինեգործական շրջանները, գինեգործարանները, գաստրոբակերն ու այլ տեղեկություններ ոլորտի մասին։

Հիմնադրամի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի փորձագետ Ռիմա Աբրահամյանը GastroVino-ին պատմել է, որ գինու զբոսաշրջային ուղեցույցի գաղափարն առաջացել է 2019 թվականին, այդ պահից սկսած մանրակրկիտ եւ երկար աշխատել են, հավաքել տեղեկություններ, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին ավելի հեշտ բացահայտել գինեգործական Հայաստանը։

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


«Ուզում էինք, որ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկները Հայաստանը ճանաչեն, սիրեն, զգան նաեւ հայկական գինիների միջոցով։ Ունենալով գինու հարուստ ժառանգություն, 6 հազար տարվա պատմություն, լինելով գինու պատմական հայրենիք, կարծում ենք, զբոսաշրջային ուղեցույց ունենալը պարտադիր է»,- ասել է նա։

Ռիմա Աբրահամյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Ուղեցույցը ներառում է համապարփակ տեղեկություն Հայաստանի գինու պատմության, խաղողի հայկական տեղածին, կարեւորագույն սորտերի մասին։

«Ուղեցույցը ներառում է կարճ եւ «համեղ» ինֆորմացիա, փորձել ենք չծանրաբեռնել պատմական տեղեկություններով, բայց նաեւ ակնարկներ կան անտիկ ժամանակաշրջանից մինչեւ նորագույն ժամանակաշրջան, վերածնունդ։ Երբ ուսումնասիրում ես հին պատմիչների անդրադարձը հայկական գինիներին՝ հասկանում ես, որ եթե աշխարհում գինու զբոսաշրջությունը սկսել է զարգանալ 20-րդ դարում, ապա հայկական գինեգործության մասին դեռեւս խոսել է հին հույն պատմիչ Քսենոփոնը՝ նշելով, որ Հայաստանում պատրաստում էին բացառիկ գինիներ, իսկ Ստրաբոնը նշել է, որ Հայաստանում խաղողի այգիներն անծայրածիր էին։ Պատմության էջերում առկա ակնարկները հավելյալ նախադրյալներ են ստեղծում գինու որակյալ զբոսաշրջության համար»,- ասել է Ռիմա Աբրահամյանը։

«Բացահայտիր Հայաստանը մեկ գավաթ գինով» ուղեցույցում ներկայացված են ոչ միայն գինեգործական, այլ նաեւ զբոսաշրջիկներին հետաքրքրող մյուս վայրերը, որպեսզի որեւէ մարզ այցելելիս նրանք կարողանան ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնել։

Ռիմա Աբրահամյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Ուղեցույցի վերջին էջում կա քարտեզ, որը թույլ է տալիս QR կոդերով արագ եւ հեշտ գտնել ցանկալի վայրը։ Քարտեզում ներառված են ոչ միայն Հայաստանի գինեգործարանները, գաստրոբակերն ու պատմամշակութային վայրերը, այլ նաեւ Երեւանի այն ռեստորանները, որտեղ կա հայկական գինիների «լավ» մենյու։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ուղեցույցի օրինակներն ուղարկել է Duty free խանութներ, այն զբոսաշրջիկներին հասանելի կլինի նաեւ ներգնա տուրիզմով զբաղվող տուրօպերատորների միջոցով։

«Թվային դարում տպագիր ուղեցույցները ժամանակի ընթացքում սպառում են իրենց, այդ պատճառով որոշեցինք ունենալ նաեւ հավելված, որում կլինի այն ամենը, ինչ կա գիդում, նույնիսկ՝ ավելին։ Հավելվածը պարբերաբար կթարմացվի, տեղեկություններ կլինեն նաեւ գինիների, գինու եւ ուտեստների համադրության մասին»,- ասել է Ռիմա Աբրահամյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին