×

Քրիստինե Մարգարյանը, Զարուհի Մուրադյանը եւ Արսեն Առաքելյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Հայտնաբերվել են նախկինում անհայտ հայկական խաղողի ավելի քան 100 սորտեր

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի 5-րդ տարեդարձի հաշվետու միջոցառմանը ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է հայկական խաղողի գենետիկական ռեսուրսներն ու խաղողի գենետիկ ուսումնասիրության կարեւորությունը:

GastroVino-ն զրուցել է Քրիստինե Մարգարյանի հետ եւ առանձնացրել նրա ելույթի կարեւորագույն դրույթները:

Կանխել խաղողի հայկական սորտերի «յուրացումն» Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից

Խաղողի գենետիկայի եւ խաղողի գենոմի ուսումնասիրություն Հայաստանում երբեւէ չէր իրականացվել: Առաջին անգամ նման ուսումնասիրություններ սկսեցինք 2014թ.-ից:

Եվրոպական միջազգային տվյալների բազայում հավաքագրված են աշխարհի բոլոր երկրներից խաղողի տարբեր սորտեր, ներառյալ՝ Հայաստանը: Հաճախ է լինում, որ խաղողի հայկական սորտերն այստեղ ներկայացվում են որպես վրացական կամ ադրբեջանական. բացում ես տվյալների բազայի կայքն ու տեսնում՝ «Areni - country of origin Azerbaijan», աչքերիդ առաջ սեւանում է: Սրանից խուսափելու միակ ճանապարհը գենետիկ ուսումնասիրությունն է:

Երբ ուսումնասիրում ես կենսաբազմազանությունը գենետիկ մարկերների կիրառմամբ, կարողանում ես ստանալ ամեն սորտի գենետիկական նկարագիրը: Գենոմում տեղակայված մարկերները բնորոշ են միայն կոնկրետ այդ սորտին, ու երբ նայում ես հայկական ամբողջ պոպուլյացիան, հետո այն համեմատում ես օրինակ՝ վրացականի, կամ անգամ՝ մեր Արցախից հավաքած խաղողի հետ, ակնհայտ է դառնում, որ դրանք շատ իզոլացված են զարգացել, եւ այս կամ այն գենետիկական նկարագիրը տիպիկ է կոնկրետ Հայաստանին, Վրաստանին կամ Արցախին, որտեղ, ի դեպ, շատ հարուստ կենսաբազմազանություն ունենք:

Այժմ էլ երկու սորտ կա, որոնք միջազգային տվյալների բազայում ունեն ադրբեջանական անվանում, բայց այդ խաղողը գենետիկորեն շատ մոտ է մեր սորտերին: Միանշանակ պարզ է՝ դրանք հայկական սորտեր են, պարզապես մենք դեռ չգիտենք դրանց անունը: Շատ կարեւոր է, որ պետության մակարդակով այդ սորտերին անուն տանք: Այդ սորտերը պարզապես չէին կարող ծագել Ադրբեջանում, որովհետեւ դրանք մեր տեղածին ամենահին սորտերի հետ շատ մոտ ազգակցական կապով կապված են:

Մեր աշխատանքի արդյունքում Եվրոպական միջազգային տվյալների բազայում դեռեւս խորհրդային տարիներից հավաքագրված հայկական 100-120 սորտերի փոխարեն այժմ ներկայացված են 347 հայկական սորտեր:

Դեռեւս կան բազմաթիվ սորտեր, որոնք հայտնաբերված չեն: Ես արդեն հայտնաբերել եմ 100-ից ավելի նախկինում անհայտ սորտեր, որոնք անպայման պետք է անվանակոչել:

Մեր հիմնական գործընկերը վերջին 6 տարիներին դարձել է JKI, Institute for Grapevine Breeding Geilweilerhof-ը, որը  Գերմանիայի ամենահայտնի ինստիտուտներից մեկն է: Նրանք մեզ տրամադրում են իրենց նյութատեխնիկական հարուստ բազան, իսկ իրենց հետաքրքրությունը գիտական է՝ ուսումնասիրել մեր հարուստ կենսաբազմազանությունը:

Վայրի խաղողի պահպանության ուղղությամբ ոչինչ չի արվում

Բազմաթիվ են գիտական հոդվածները, որոնք անդրադառնում են հարցին՝ ի վերջո ո՞րն է խաղողի ծագման բնօրրանն ու այն օջախը, որտեղից սկսվել է վայրի խաղողի տնայնացումը: Բազմաթիվ միջազգային, այդ թվում՝ մեր հետազոտությունները փաստում են՝ վայրի խաղողի տնայնացումը սկսվել է Փոքր Կովկասից:

Քրիստինե Մարգարյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Մեր մասնակցությամբ համաշխարհային մի մեգա-նախագծի շրջանակներում, որի նպատակն էր ամբողջ աշխարհից ուսումնասիրել խաղողի մոտ 5 000 սորտեր՝ պարզելու տնայնացման ընթացքն ու էվոլյուցիան, մեր վայրի խաղողներն ընտրվել էին որպես էտալոն, որոնց հետ համեմատելով հնարավոր է գնահատել էվոլյուցիան: Այսինքն, բնօրրանը հենց Կովկասում է ու չի ընտրվել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի վայրի խաղողը, այլ հենց Հայաստանինը:

Մեզ մոտ, ցավոք, պետության կամ գոնե որեւէ այլ կառույցի մակարդակով ոչ մի աշխատանք չի տարվում վայրի խաղողի պահպանության ուղղությամբ: Իսկ սա շատ կարեւոր է: Մարդիկ հաճախ այն ոչնչացնում են, օգտագործում որպես վառելափայտ:
Առաջին կարեւորությունը՝ վայրի խաղողը տարատեսակ հիվանդություններին ինքնուրույն դիմակայելու կարողություն ունի:

Կուլտուրական խաղողն առաջացել է վայրիից. մարդը վերցրել է այն ու սկսել է սելեկցիայի միջոցով ընտելացնել: Վայրին բնության մեջ է, մարդն այն չի մշակում, չի սրսկում, թունաքիմիկատներ չի օգտագործում, այն ավելի երկար էվոլյուցիա է անցել, քան մշակովի խաղողն ու կարողացել է ոչ միայն կենսունակ մնալ, այլեւ՝ պտուղներ տալ: Վայրիները շատ ռեզիստենտ գեների ռեզերվուար են: Այս խաղողը կրողն է այն բոլոր հատկանիշների, որ հիմա գենետիկը պետք է վերցնի ու խաչասերումների միջոցով փոխանցի կուլտուրական խաղողին: Վայրի խաղողի գենոմի ուսումնասիրությունը մեր առաջ հնարավորություններ է բացում այդ գեները փոխանցել արդեն մշակովի սորտերին եւ խուսափել շատ հիվանդություններից, որոնց վայրիներն ինքնուրույն են դիմակայում:

Վայրի խաղողի պահպանության նպատակով ես առաջարկել եմ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին խաղողի ազգային կոլեկցիոն այգու մի հատվածում տնկել գոնե այն վայրի խաղողի կտրոնները, որոնք մենք կհավաքենք ուսումնասիրության նպատակով:

Խաղողի սորտերի պահպանությունը կոլեկցիոն այգիներում

Մինչեւ 90-ականներն ունեցել ենք ազգային կոլեկցիոն այգի, որտեղ խորհրդային տարիներին պահպանվել են շուրջ 850 սորտեր: Դրանցից 400-430-ը եղել են տեղածին:  
Խորհրդային Միության փլուզումից ու հողերի սեփականաշնորհումից հետո, ցավոք, սելեկցիոն այգին ոչնչացվեց, եւ մինչեւ 2012թ.-ը հիմնականում մասնավոր փոքր կոլեկցիոն այգիներում պահպանվել էր ընդամենը 140 սորտ, որոնցից տեղածին էին շուրջ 70-ը:

2016թ.-ին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ծրագիր իրականացվեց, որը միտված էր հավաքագրելու Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսները եւ վերատնկելու, հիմնելու նոր կոլեկցիոն այգի:
Կոլեկցիոն այգի հիմնելու համար առաջին կարեւորագույն քայլն է բացահայտել, փնտրել այն բոլոր սորտերը, որոնք դեռեւս պահպանված են հին այգիներում, մասնավոր այգիներում կամ փոքր կոլեկցիաներում:

Երկրորդ կարեւոր քայլը բնութագրումն է: Բնութագրել ինչպես մորֆոլոգիապես, այնպես էլ գենետիկական մոլեկուլայն հետազոտությամբ որոշել սորտի ինքնությունը:

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Ու ամենակարեւորը, որտեղ չպետք է կաղանք, գենետիկական ռեսուրսների կառավարումն է:

Շատ ցանկալի է, որ մենք փոքր կոլեկցիոն այգիներ կարողանանք ունենալ օրինակ՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում, որ տվյալ տարածաշրջանին բնորոշ սորտերը թեկուզ փոքր քանակով, բայց կարողանանք նաեւ տեղերում պահպանել:

Կարեւոր է նաեւ հենց ֆերմաներում խաղողի պահպանությունը, երբ ֆերմերը, խաղողագործն ինքն էլ շահագրգռված կլինի այգին չդարձնել միայն կոմերցիոն սորտերի համար, այլ մի որոշ հատվածում կարողանա պահպանել մեր տեղածին սորտերը:

Լավագույն արդյունքների համար պետք է ստեղծվի գիտություն-տնտեսություն կապը: Մենք չպետք է մեզ համար լաբորատորիայում փակված աշխատենք, խաղողագործներն ու գինեգործներն էլ իրենց համար խաղող կամ գինի արտադրեն: Մենք պիտի ասենք՝ ինչ ենք ստացել, իրենք պիտի ասեք՝ որ փուլում, որ գինու համար իրենց կոնկրետ որ սորտն է պետք:

Յանա Շախրամանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին