×

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Շուտով կգործարկվի Wines of Armenia վաճառքի միասնական օնլայն հարթակը

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի 5-րդ տարեդարձի հաշվետու միջոցառմանը ներկայացվել է Wines of Armenia հայկական գինիների վաճառքի միասնական հարթակը: Հարթակի շնորհիվ հայկական գինիները հնարավոր կլինի օնլայն վաճառել Եվրամիության տարածքում, եւ գինի արտադրող յուրաքանչյուր ընկերություն ստիպված չի լինի միայնակ անցնել արտահանման կազմակերպման բարդ ճանապարհը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը խոսել են հարթակի կարեւորության ու առանձնահատկությունների մասին:

Արտերկրում հայկական գինիները հասանելի չէին. սա լուրջ մարտահրավեր էր

Զարուհի Մուրադյան - Հայկական գինիների վաճառքի միասնական հարթակի ստեղծման ծրագիրն իրականացրել ենք GIZ-ի հետ: Խնդիրն այն էր, որ մեր գինիները մասնակցում էին արտերկրում տարբեր ցուցահանդեսների, բայց հասանելի չէին տեղի սպառողներին: Սա մեզ համար լուրջ մարտահրավեր էր՝ հասկանալու, թե ինչ գործիք կարող ենք մշակել, որպեսզի հայկական գինին հասանելի դառնա Եվրոպական Միության երկրներում:  

Համավարակով պայմանավորված շատ երկրներում ալկոհոլային խմիչքների վաճառքն ավելացել էր. մարդիկ տանը փակված էին ու հաճախ էին օնլայն հարթակների միջոցով գինի պատվիրում: Մենք այստեղ եւս ներկայացված չէինք, եւ դրանով էր պայմանավորված, որ 2020թ.-ին հայկական գինիների արտահանումը նվազեց: Արդյունքում հայկական գինու վաճառքի միասնական հարթակի շուրջ կարողացանք համախմբել տասնյակ գինեգործական ընկերությունների:

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Որպեսզի հարթակում ներկայացված լինեն միայն բարձրորակ գինիներ, որոշեցինք նախապես համտես-մրցույթ իրականացնել եւ ստեղծել Wines of Armenia ապրանքանիշը: Այս ծրագիրն ընկերություններին ներկայացնելուց հետո մեզ միացավ 36 գինեգործական ընկերություն, իսկ համտեսին ներկայացվեց 165 գինի:

Հաջորդ քայլը, որ պետք էր իրականացնել, լոգիստիկ պահեստի ընտրությունն էր: Այս ուղղությամբ սկսել էինք աշխատել դեռ երկու տարի առաջ: GIZ օգնությամբ ուսումնասիրեցինք Եվրամիությունում առկա պահեստները, եւ միասին ընտրեցինք ընկերություն, որն ավելի ճկուն եւ հասանելի կդարձներ մեզ համար այդ ծառայությունը:

Ինչու՞ է Wines of Armenia հարթակը կարեւոր եւ ինչո՞վ է տարբերվում

Արամ Բաբայան – Կորոնավիրուսի համավարակից հետո օնլայն հարթակները բավականին շատ են: Կնշեմ մի քանի առավելություն, որ ունի Wines of Armenia-ն:

Ամենակարեւոր առավելությունը՝ հարթակում գինեգործական ընկերությունների կամ գինիների ներկայացված լինելու հանգամանքը չի որոշվում Եվրոպայում՝ ներկրող ընկերության կողմից: Որոշումը կայացվում է Հայաստանում՝ համտեսի արդյունքում: Այս առումով Wines of Armenia հարթակը կարեւոր հնարավորություն է բոլոր գինեգործական ընկերությունների համար՝ անկախ դրանց չափից:

Արամ Բաբայանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Մենք երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի տարբեր ընկերությունների՝ եվրոպական ցուցահանդեսներին մասնակցությանը եւ լավ գիտենք, թե ինչպես է ներկրողների կողմից կայացվում արտադրողների հետ աշխատելու որոշում: Շատ լավ գիտենք, որ անկախ ցուցահանդեսներին մասնակցելուց՝ եվրոպական շուկայում ներկայացված լինելու առումով փոքր ընկերությունների հնարավորությունները շատ փոքր են: Մեր առաջնային նպատակներից մեկը նաեւ փոքր ընկերությունների համար այդ հնարավորությունների ստեղծումն էր:

Wines of Armenia միասնական հարթակի մյուս կարեւոր առավելությունն այն է, որ գործունեության ու գնագոյացման մեխանիզմը նույնն է ներկայացված բոլոր ընկերությունների ու բոլոր գինիների համար: Այսինքն, ընկերությունը, որը կառավարելու է հարթակը եւ լոգիստիկ պահեստը, չի կարող որոշում կայացնել՝ որեւէ ընկերության գինին ավելի լավ վաճառել, մյուսինն՝ ավելի վատ:

Փաստացի ընկերությունները, որոնք այստեղ՝ Հայաստանում, ակտիվ կապ կպահեն իրենց հաճախորդների հետ արտերկրում, լավ կաշխատեն զբոսաշրջիկների հետ, ավելի լավ վաճառքի հնարավորություններ կունենան հարթակում: Բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, ու որեւէ մարքեթինգային ակցիա չի կարող լինել միայն մեկ արտադրողի համար:

Փորձել ենք բոլոր կողմերի շահերը պաշտպանել նաեւ ճիշտ իրավական հիմքեր ստեղծելով. երեք տարբեր տեսակի պայմանագրեր են ստեղծվել այս նախագծի իրականացման համար:

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Երրորդ կարեւոր դրույթը գինու զբոսաշրջությունն է: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կապը Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու մեր գինի արտադրողների միջեւ շատ արագ կտրվում է, երբ զբոսաշրջիկները վերադառնում են իրենց երկրներ ու չեն գտնում որեւէ հարթակ, որտեղ հնարավոր կլինի գնել Հայաստանում համտեսած գինիները: Wines of Armenia հարթակի ստեղծմամբ փորձում ենք նաեւ այս խնդիրը լուծել: Կայքի վրա աշխատանքներն արդեն ավարտում ենք, շուտով կսկսենք թեստավորել այն, ինչից հետո Wines of Armenia վաճառքի միասնական հարթակը կլինի օնլայն:

Կայքն ունենալու է երկու մաս՝ դիմային, որը տեսանելի է լինելու բոլոր սպառողներին, եւ հետին, որը կտեսնեն միայն մեծածախ գնորդները: Բոլոր մեծածախ գնորդները կստանան հատուկ ծածկագիր, որով մուտք կգործեն հարթակ եւ կտեսնեն մեծածախ գները: Լոգիստիկ ընկերության հետ եկել ենք համաձայնության, որ մեծածախ վաճառքի դեպքում ծախսերի մեծ մասն իրենց վրա են վերցնելու, որպեսզի գինը հնարավորինս մատչելի լինի:  

Յանա Շախրամանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին