×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երեք մարզում ավարտվել է խաղողի այգիների տեղորոշումը

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը երեք մարզում ավարտել է այգիների տեղորոշումը։

Նպատակը ՀՀ խաղողի այգիների ռեեստրի ստեղծումն է՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որում զետեղված են խաղողի այգիների տեղադիրքը, մակերեսները, հողօգտագործողները, մշակողներն ու այլ անհրաժեշտ տեղեկություններ։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից Արամայիս Մկրտչյանն ասել է, որ Հայաստանում համակարգը ներդնելու գաղափարն ի հայտ է եկել դեռեւս 2017 թվականից եւ հենց այս ժամանակ էլ Հիմնադրամը սկսել է ուսումնասիրել միջազգային փորձը։

«Աշխարհում գյուղատնտեսական հողերի եւ մշակաբույսերի ռեեստրի վարումն ընդունված է, եւ խաղողի այգիների ռեեստրն առանձին տեղ է զբաղեցնում։ Եվրոպական Միության պահանջով պարտադիր է ունենալ խաղողի այգիների ռեեստր։ Ռեեստրը կարեւոր գործիք է, հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքը, թույլ է տալիս վերջնական արտադրանքից հետ գնալ դեպի խաղողի այգի, իմանալ, թե որտեղից է ծագում հումքը, կանխել կեղծարարությունները, պարզեցնել խաղողագործություն եւ վերամշակող կապը, մթերման գործընթացը»,- Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի 5-րդ տարեդարձի հաշվետու միջոցառման ժամանակ ասել է Արամայիս Մկրտչյանը։

Արամայիս Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեեստրի համակարգը բաղկացած է չորս բաղադրիչից՝ խաղողի այգիների փաստացի գույքագրում, այդ այգիների անձնագրերի ստեղծում, գույքագրված եւ անձնագրավորված տեղեկատվությունը միավորող պորտալի ստեղծում եւ հետագայում օրենսդրական կարգավորումներ, որպեսզի ռեեստրի վարումը լինի պարտադիր։

«Ռեեստրի ստեղծման բուն աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում ուսումնասիրվել է 28 600 հա տարածք։ Արդյունքում տեղորոշվել է 9 911 հա փաստացի խաղողի այգի (5 395 հա Արմավիրի մարզում, 3 948 հա՝ Արարատում եւ 568 5 հա Արագածոտնի մարզում)»,- տեղեկացրել է Արամայիս Մկրտչյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խաղողի այգիների գույքագրելիս կիրառել են անօդաչու թռչող սարքեր։ Թռիչքների համար առանձնացվել է մոտ 37.000 հա հողատարածք, հաշվի չեն առնվել տնամերձ այգիները, գույքագրման համար որպես մինիմալ շեմ դրվել է 800 քմ.։

«Արագածոտնի մարզում փաստացի ունենք 602 հա խաղողի այգի, որը ներկայացված է 891 տնկարկի (խաղողի այգիների միավոր մակերեսը) տեսքով, Արմավիրի մարզում՝ 5 370 հա, 7 364 տնկարկի տեսքով եւ Արարատում ունենք 3 980 հեկտար, որը ներկայացված է 7 650 հատ տնկարկով»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փաստացի գոյություն ունեցող խաղողի այգիների մասին տվյալները համադրվել են արդեն գոյություն ունեցող կադաստրային քարտեզների հետ եւ եղել են շեղումներ։ Հիմնական պատճառ այն է, որ խաղողագործները կամ կադաստրը չեն թարմացնում տեղեկատվությունը։

«Եվրոպական պահանջներով՝ ռեեստրի քարտեզները, նկարները պետք է թարմացնել ամեն 5 տարին մեկ, սակայն, քանի որ անցած տարի ենք սկսել աշխատանքները եւ այս պահին շարունակվում են Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի այգիների քարտեզագրման աշխատանքները, դրանք ավարտելուց հետո կամբողջացնենք տվյալներն ու կգործարկենք ռեեստրի համակարգը»,- ասել է Արամայիս Մկրտչյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին