×

Լուսանկարը՝ Ռ. Մարգարյանի արխիվից

Վերականգնվում են ԵԿԳ գլխավոր շենքի դեկորատիվ տարրերը

Երեւանի կոնյակի գործարանը նախաձեռնել է ֆասադային շենքի ճարտարապետական դեկորատիվ տարրերի` քարե քիվերի վերականգնողական աշխատանքները:  

Դեռեւս 1940-ականներին Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված եւ մայրաքաղաքի խորհրդանիշ դարձած Երեւանի կոնյակի գործարանի շենքը հանդիսանում է Հայաստանի պատմամշակութային ժառանգության մաս եւ ներառված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Վերականգնման աշխատանքներին նախորդել է համապարփակ հետազոտություն եւ քննարկումներ ոլորտի պատասխանատուների հետ, ինչի արդյունքում վերականգնման նախագիծը հավանության արժանացավ բոլոր շահառուների կողմից։

Լուսանկարը՝ ԵԿԳ


Ոսկերչական մանրակրկիտություն պահանջող քարե քիվերի վերականգնումը միտված է ապահովել թե´ շենքի ամրությունն ու մարդկանց եւ հարակից տարածքների անվտանգությունը, եւ թե´ պահպանել այս բացառիկ ճարտարապետական ժառանգությունը։

Երեւանի կոնյակի գործարանի ֆասադային շենքում տեղի է ունենում կոնյակի արտադրության կարեւոր փուլերից ամենաերկարատեւը՝  հնացման գործընթացը։

Լուսանկարը՝ ԵԿԳ


Մայրաքաղաքի արեւելյան խորհրդանշական դարպաս հանդիսացող այս վեհաշուք շենքում է գործում նաեւ ARARAT Թանգարանը, որտեղ այցելուները կարող են բացահայտել լեգենդար կոնյակներին վերաբերող ողջ ժառանգությունը։   

«Ի թիվս այլ ներդրումային ծրագրերի, որոնք ուղղված են թե´ արտադրական հզորությունների ընդլայնմանը, եւ թե´ մշակութային ժառանգության պահպանմանը եւ տարածմանը, Երեւանի կոնյակի գործարանի քարե քիվերի վերականգնման այս աշխատանքները կարեւոր են ոչ միայն գեղագիտական կամ անվտանգության առումներով, այլեւ մեր՝ հայերիս պատկանելիությունը ընդգծելու, ճարտարապետական ինքնությունը բացահայտելու առումով։ Հետեւելով մասնագետների մանրակրկիտ աշխատանքին եւ որոշ հատվածներում արդեն իսկ տեսնելով արդյունքը, կարծում եմ սա նաեւ բոլորիս համար թե´ ուղիղ, թե´ փոխաբերական իմաստներով դեպի վերեւ հայացքը նետելու եւ այնտեղից ոգեշնչվելու հիանալի հնարավորություն է», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

Լուսանկարը՝ ԵԿԳ


«Շենքը կառուցված է ոսկեգույն երանգի տուֆից, որի գույնը հիշեցնում է այնտեղ հասունացած անզուգական ըմպելիքը: Եվ այս շենքը տարիների ընթացքում ավելի ու ավելի է արժեւորվում, ճիշտ այնպես, ինչպես կոնյակը: Բայց  «կոնյակի տունը» խնամքի կարիք ունի, հարկավոր է վարպետի աչք այն լավագույնս պահպանելու համար: Վստահ եմ, որ այդպիսի հոգատարությունն առկա է», - նշել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին