×

Լուսանկարը՝ «Մարան»

«Հալդե» գինին մեկ տարի հնեցվել է Արագած լեռան Քարի լճի հատակում

Հայաստանում առաջին անգամ ստորջրյա եղանակով գինիներ են հնեցվել։ Արտադրական գիտափորձն իրականացրել է «Մարան» ընկերությունը։

«Հալդե» գինին շուրջ մեկ տարի պահվել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ծովի մակարդակից 3185 մետր բարձրության եւ ջրի մակերեւույթից մոտ 8 մետր խորության վրա:

Լուսանկարը՝ «Մարան»


«Ջրային հնացումը համեմատաբար նոր տեխնոլոգիական մոտեցում է գինեգործության մեջ: Այսօր այն փորձարարական մասշտաբով իրականացվում է ծովերում եւ օվկիանոսներում: Առկա տեղեկատվությունը փաստում է, որ ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության եւ հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համազգայական հատկանիշները զգալիորեն լավանում են»,- տեղեկացրել են «Մարան» ընկերությունից:

Լուսանկարը՝ «Մարան»


Կատարված արտադրական գիտափորձի ընթացքում ավտոմատ սարքի միջոցով անդադար գրանցվել է լճի ջերմաստիճանը եւ միջավայրի այլ ցուցանիշներ: Հնեցման ավարտին գինիներն անցել են լաբորատոր փորձաքննություն:

«Մարան» ընկերությունից նաեւ հայտնել են՝ ժամանակակից ֆիզիկաքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շշալցված գինու ստորջրյա հնացման տարբերակում գինու որակը կազմող բոլոր կարեւոր նյութերի պարունակությունն եւ արտաքին տեսքը բնութագրող ցուցանիշներն առավել դրական փոփոխությունների են ենթարկվել, քան ստուգիչ նմուշներում:

Լուսանկարը՝ «Մարան»


Լաբորատոր ուսումնասիրությունները եւ համտեսի արդյունքները հաստատել են, որ նոր տեխնոլոգիան բարելավել է գինու որակը՝ դարձնելով այն ավելի հարուստ եւ նուրբ:

«Գինու բարձրադիր ստորջրյա հնացման այս արտադրական գիտափորձը առաջին հերթին կարեւոր է տեխնոլոգիաների կատարելագործման տեսանկյունից: Մեզ համար, սակայն, այն խիստ արժեքավոր է Հայաստանը՝ որպես գինու բնօրրաննի ճանաչելիության բարձրացման, զբոսաշրջության զարգացման համար»,- նշված է «Մարան» ընկերության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին