Noah of Areni (NOA) ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ թվով հինգերորդ ապրանքատեսակը՝ բնական աղանդերային քաղցր սպիտակ գինին: Սա NOA գինիների ընտանիքում առաջին քաղցր գինին է՝ պատրաստված բացառապես հայկական սորտերից: Այս գինին բնական քաղցրություն ունի, ինչն ապահովելու համար բերքահավաքը կատարել են դեկտեմբերին` խաղողի ողկույզները նախապես պաշտպանելով շղարշով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մինչ օրս NOA-ն շուկայում էր իր կարմիր, վարդագույն եւ սպիտակ անապակ գինիներով։ 2020թ. դեկտեմբերին NOA-ն ներկայացավ միջին գնային սեգմենտում դիրքավորված Arkuri of Noah ապրանքանիշով, որի սպիտակ, կարմիր եւ վարդագույն անապակ գինիները արդեն հասցրել են միջազգային բազմաթիվ մրցույթների ամենաբարձր գնահատականների արժանանալ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
NOA Wines-ը նոր գինու առաջին ներկայացումը կազմակերպել էր InVino Երեւան գինետանը: Այստեղ եւս մեկ նորություն կա. InVino-ն ընդլայնել է իր տարածքն ու ներսում գողտրիկ սենյակ հատկացրել Նոր աշխարհի գինիների ու նման մարդաշատ միջոցառումների համար:
NOA-ի աղանդերային քաղցր գինին պատրաստված է հայկական տեղական խաղողի սորտերից` մեծամասամբ Խաթունիից եւ Գառան դմակից։ Այս գինին 2019 թվականի բերքահավաքից է։:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր նոր գինու պատրաստման մեթոդը յուրահատուկ է: Այն անվանում են «ուշ բերքահավաք»՝ խաղողի ողկույզները թողնում են վազի վրա ավելի երկար, քան անհրաժեշտ է ստանդարտ գինիներ պատրաստելու համար։ Երկար հասունացման ընթացքում խաղողը ջրազրկվում է, նրա մեջ եղած շաքարի պարունակությունը կոնցենտրացվում եւ գրեթե չամիչ է դառնում։ Շաքարի բարձր պարունակության պատճառով խմորումն ընթանում է երկար եւ դանդաղ, եւ ալկոհոլի մոտ 13% հասնելուց հետո կանգ է առնում՝ թողնելով բնական մնացորդային շաքարի քանակություն»,- ասում է NOA Wines-ի մարքեթինգի ղեկավար Արփինե Մանուկյանը:
Արփինե Մանուկյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
NOA Wines ընկերության համահիմնադիր տնօրեն Արսեն Մկրտչյանն էլ հավելում է` ամիսներ առաջ Մոսկվայում կայացած «ՊրոդԷքսպո» միջազգային ցուցահանդեսում Russian Wine Club-ի սոմելյեներն այս բնական քաղցր գինին 10-ից 10 են գնահատել։ Արսենը ընդգծում է՝ գնահատողները շատ խիստ էին, յուրօրինակ եւ խիստ ճաշակ ունեին, սակայն այս գինին անթերի դասակարգեցին։
Արսեն Մկրտչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
NOA աղանդերային քաղցր գինին յուրահատուկ է նրանով, որ թնդեցված չէ, ունի բալանսավորված թթվայնություն եւ քաղցրություն:
Յակոբ Շուլերը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
NOA Wines-ի համահիմնադիր, «Շուլեր» խմբի նախագահ Յակոբ Շուլերը մեզ հետ զրույցում ասում է՝ չնայած ինքը քաղցր գինիների մեծ սիրահար չէ, բայց այս գինին շատ է հավանում, որովհետեւ բույրը միանշանակ տարբերվում է: Շվեյցարացի համահիմնադիրն ընդգծում է՝ սա այն գինեսերների համար է, որոնք գնահատում են ուշ բերքահավաքի գինիները, քանի որ այն իսկապես յուրահատուկ է:
Լուսանկարը՝ Noah of Areni
«Մեր ընկերության գինեգործ Արման Մանուկյանը երկու տարի առաջ որոշեց փորձարկում անել ու բերքի մի հատված թողնել բավականին երկար, բերքահավաքն էլ սկսեց բավականին ուշ: Արմանն ասում էր՝ սա փորձարկում է, ու վստահ չէր, որ այն կդառնա ներկայանալի պրոդուկտ: Հնարավոր էր, որ այս գինին երբեւէ ձեզ չներկայացնեինք, բայց փորձարկումը հաջողվեց ու հիմա ունենք շատ յուրահատուկ քաղցր գինի»,- ամփոփում է Յակոբ Շուլերը:
Noah of Areni (NOA) խորհուրդ է տալիս իր քաղցր գինին մատուցել սառը՝ 7 C ջերմաստիճանում եւ համադրել մրգային, հատապտղային տարտերի, չիզքեյքի, ռոքֆոր պանրի հետ:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: