×

Քրիստինա Իշխանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Եվ ծագում է արեւը». ARARAT-ի ոսկե հաղթանակների տարեգրությունը

Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում ցուցադրության տեսքով  յուրօրինակ «արեւ է ծագել»: Այն պատմում է ոչ միայն ARARAT-ի լեգենդար կուպաժների եւ նրանց նվաճած հաղթանակների մասին, այլեւ ներկայացնում է նվիրյալներին, որոնք կերտել են այդ հաղթանակները։

«Եվ ծագում է արեւը» ժամանակավոր ցուցադրությունն արդեն բաց է այցելուների համար: Բացման մեկնարկին ցուցասրահում շրջայց էր կազմակերպվել լրագրողների համար, որի ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը պատմել է ցուցադրված նվաճումների մասին, որի ակունքը գալիս է 1907 թվականից:

«Հենց այս մեդալով բացվեց մեր գործարանի արշալույսը»

Ցուցադրությունը սկսել ենք 1907 թվականին մեդալի արժանացած «Ֆին-շամպայն ընտիր» կոնյակով: Հենց այս մեդալով էլ բացվեց մեր գործարանի արշալույսը, ինչից հետո արդեն ստացանք հարյուրավոր մեդալներ աշխարհի տարբեր երկրներից:  

Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Ֆին-շամպայն ընտիր» կոնյակ հեղինակը Մկրտիչ Մուսինյանցն է, ով իր ուսումը ստացել է Մոնպելիե քաղաքում եւ երբ վերադարձել է հայրենիք, հարգանքի յուրահատուկ տուրք է մատուցել թե Ֆրանսիային, թե կոնյակագործությանը, թե իր սիրած մասնագիտությանը, այդ պատճառով էլ հենց առաջին տեսակավոր կոնյակը կոչել է «Ֆին-շամպայն ընտիր»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս կոնյակը գրավել է շատ քմահաճ ֆրանսիացի մասնագետների սրտերը եւ ճանապարհ է բացել մյուս հաղթանակների համար:

Կոնյակագործության ոսկե դարաշրջանի մեկնարկը

20-րդ դարի երկրորդ կեսը մեր կոնյակագործության պատմության մեջ համարվում է «ոսկե դարաշրջանի» մեկնարկ: Այդ տարիներին մեր հայկական կոնյակագործության նահապետը՝ վարպետաց վարպետ Մարգար Սեդրակյանը ստեղծեց իր հայտնի կուպաժները: Հենց այդ ժամանակ մեր կոնյակի պաշարներն առանձնացվեցին եւ տեղափոխվեցին հայտնի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծած նոր շենք, որտեղ հիմա գտնվում ենք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


1945 թվականին Մարգար Սեդրակյանը ստեղծեց իր «Դվին» կոնյակը: Այս ցուցադրությունում ներկայացված է կոնյակի անդրանիկ նմուշը, որի արտաքին տեսքի վրա աշխատել է մեծ գեղանկարիչ Հակոբ Կոջոյանը: Հենց այս տեսքով «Դվին»-ը ներկա է եղել պատմական իրադարձության՝ 1945թ.-ին Յալտայի վեհաժողովին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այդ ժամանակ է, որ մեծն բանաստեղծ Բորիս Պաստեռնակն ասել է՝ «Մարգար Սեդրակյանը հավատացրեց ամբողջ աշխարհին, որ կոնյակը խոսում է հայերեն»:

ARARAT-ի լեգենդները՝ «Հայաստան»-ը, «Ախթամար»-ը եւ «Նաիրի»-ն

Մարգար Սեդրակյանի ստեղծագործություններից այս ցուցադրությանը ներկայացրել ենք նաեւ «Հայաստան» կոնյակը, որը ստեղծվել է 1940թ.-ին եւ 75 տարի անց՝ 2015թ.-ին մեր մասնագետների մանրակրկիտ աշխատանքների շնորհիվ վերապրել իր վերածնունդը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ցուցանմուշների շարքում է նաեւ 1970-ականների արտադրության մեդալակիր «Ախթամար» կոնյակը: Այս տարիներին ARARAT-ը շատ հմտորեն ու համարձակ համադրում էր պատմությունը, վարպետությունը ստեղծագործական նորարարությունների հետ:

Քրիստինա Իշխանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ախթամար»-ը ոսկե մեդալի է արժանացել նաեւ 2016 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում: Դա մեր առաջին ելույթն էր ԱՄՆ-ում, որի ժամանակ կոնյակը ոսկե տառերով Հայաստան անունը գրեց միջազգային ալկոհոլային մրցույթի քարտեզի վրա:

Ցուցադրության հանված մյուս ոսկե մեդալակիր կոնյակը 1967թ.-ին ստեղծված «Նաիրի»-ն է, որն այդ մրցանակին է արժանացել 1968թ.-ին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իսկ «Նաիրի»-ի վերջին ոսկե նվաճումը եղել է վերջերս՝ ծագող արեւի երկիր Ճապոնիայում:

«Ոսկե հաղթանակների պատմության մեջ վերջակետ չկա»

ARARAT-ի հայկական կոնյակները իրենց ստեղծման պահից ի վեր մարմնավորել են Հայաստանը, փոխանցել հայկական հողի եւ արեւի ջերմությունը, նվիրյալների վարպետությունն ու անսպառ սերը աշխարհի տարբեր անկյուններում։ Մեր ոսկե հաղթանակների պատմության մեջ վերջակետ չկա, շարունակում ենք նվաճել աշխարհի ամենաքմահաճ մասնագետների սրտերը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անցյալի ոսկե հաղթանակների մասին պատմող «Եվ ծագում է արեւը» ցուցադրությունը բաց է այցելուների համար։ Թանգարան այցելությունը նախապես պետք է ամրագրել զանգահարելով (10) 54 00 00 հեռախոսահամարով։

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին