Ֆրանսիական հանրահայտ Petrus գինու շիշը, որն ավելի քան մեկ տարի գտնվում էր Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ), կհանվի աճուրդի: Ինչպես հայտնում է BBC-ն, Christie's աճուրդի տան ներկայացուցիչները ակնկալում են, որ վաճառքի գինը կկազմի մոտ 1 միլիոն դոլար:
2000 թվականի բերքի «սովորական» (տիեզերք չայցելած) Petrus-ի շշի գինը մոտ 6 հազար դոլար է:
2019 թվականի նոյեմբերին 2000 թվականի բերքի 12 շիշ Petrus-ը ուղարկվել էր ՄՏԿ, որտեղ մնացել էր ավելի քան 400 օր:
Նախագիծը ֆինանսավորվել էր Space Cargo Unlimited ընկերության կողմից, որն ուսումնասիրում է անկշռության ազդեցությունը սննդի վրա:
«Տիեզերական շշերից» երեքն ավելի վաղ բացվել էին համտեսման համար, իսկ մնացած ութը որոշվել է պահել հետագա ուսումնասիրության նպատակով:
Christie's-ի ներկայացուցիչ Թիմ Թրիփթրին պատմել է, որ տիեզերք այցելած գինու հետ միասին կվաճառվի 2000 խաղողի բերքի Petrus-ի սովորական շիշ, «որպեսզի երջանիկ գնորդը համեմատելու հնարավորություն ունենա»:
Մարտին Բորդոյի համալսարանի գինու եւ խաղողագործության ինստիտուտի մասնագետներն արդեն անցկացրել էին նման համեմատություն: Համտեսողներից մեկը լրագրող Ջեյն Էնսոնն էր՝ «Բորդոյում» (Inside Bordeaux) գրքի հեղինակը: BBC-ին տված հարցազրույցում նա այսպես էր նկարագրել «տիեզերական գինու» համը.
«Ես դժվարանում եմ ասել` այն տարբերվում էր դեպի լավը, թե՝ դեպի վատը: Սակայն համն հաստատ ուրիշ էր: Բուրմունքի մեջ ավելի շատ էին ծաղկային եւ ապխտած երանգները»:
Էնսոնը վստահ չէ, թե կոնկրետ ինչն էր փոխել գինու համը. անկշռության մեջ գտնվելը, թե երկիր վերադառնալը: «Սակայն տարբերությունն ակնհայտ էր», - ասում է նա:
Space Cargo Unlimited կազմակերպության ղեկավար Նիկոլաս Գոմը տեղեկացրել է, որ գինու վաճառքից ստացված հասույթը կուղղվի տիեզերքում նոր փորձերի ֆինանսավորմանը:
Petrus ֆրանսիական գինոգործության տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 30 հազար շիշ: Այս գինին աշխարհի ամենաթանկ եւ հեղինակավոր գինիներից է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: