Նայիր երկնքին ու կտեսնես՝ չկան սահմաններ ու պատնեշներ իմ, քո եւ նրա միջեւ. մենք բոլորս շնչում, ապրում ու արարում ենք միեւնույն երկնքի տակ: ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ ի նշանավորումն իր նոր փաթեթավորման:
Մեդիամաքսը ներկա է գտնվել ֆիլմի նախադիտմանը եւ պատմում է դրա խորհրդի ու ուղերձների մասին:
Լուսանկարը՝ ARARAT
Երկինքը չունի շղթաներ
Ապրիլի 8-ին համաշխարհային առցանց տիրույթ է դուրս գալիս Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» (“Under One Sky”) ֆիլմը, որը մարդկային գլխավոր արժեքների մասին բազմասյուժետային պատմություն է: Այն ներառում է 4 նովելներ, որոնք նկարահանված են 4 երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ղաղախստանում եւ Բելառուսում:
7 րոպե տեւողությամբ ֆիլմում խտացված են մարդկային շփումներ, ջերմ զգացողություններ ու վառ պահեր արտահայտող դրվագներ, որոնք ապրում են գաղափարական տարբերություններով մարդիկ տարբեր երկրներից: Ֆիլմի ողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում է համընդհանուր արժեքներով միավորված լինելու գաղափարը:
Լուսանկարը՝ ARARAT
Պատումների անցումներում հանգույց դարձած աստղազարդ երկինքը հիշատակում է համընդգրկուն տարածության մասին, որի անսահմանության մեջ չկան շղթաներ ու պատնեշներ: Անհրաժեշտ է միայն բացել սիրտն այդ տարածության առաջ ու զգալ՝ մենք միեւնույն երկնքի տակ ենք:
Մարդկային շփում՝ առանց դիմակների
Երեւանի կոնյակի գործարանի բիզնես զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանի խոսքով՝ մեզ պակասում են այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն էլ ավելի կարեւորել այն մարդկային անկեղծ շփումը, որ մեզ շատ էր պակասում հատկապես 2020 թվականի ընթացքում:
Վարդգես Հովեյանը | Լուսանկարը՝ ARARAT
«2020 թվականը բոլոր առումներով անասելի ցավոտ տարի էր բոլորիս համար: Ամբողջ տեղի ունեցածից հետո մենք հասկացանք, որ պետք է վերահեռարձակենք այն արժեքները, որոնց իրականում միշտ դավանել ենք մենք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը: Դրանք են անկեղծությունը, վարպետությունը, սերը: Գաղափարն արտահայտելու համար ընտրեցինք արվեստներից ամենաերիտասարդը՝ կինոն, հետո գտանք տարածաշրջանում ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Խանտին ու սկսեցինք աշխատել նախագծի շուրջ»,- նշում է նա՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում դրանում ներկայացված արժեքներով միավորել են նաեւ ֆիլմարտադրող թիմերին տարբեր երկրներից:
Լուսանկարը՝ ARARAT
Միավորող արժեքների խորհրդանիշներից է նաեւ ARARAT կոնյակը, որի ներկայությունը մարդկային շփումների առանցքում հիշեցնում է յուրաքանչյուրիս միմյանցից տարանջատ չլինելու մասին:
Լուսանկարը՝ ARARAT
«Ֆիլմը գովազդային չէի անվանի: Իհարկե, առանց ARARAT կոնյակի այս պատմությունը չէր լինի, բայց մենք, նախ եւ առաջ, առաջնորդվել ենք այն գաղափարով, որ չնայած մենք ապրում ենք տարբեր երկրներում, բայցեւայնպես գտնվում ենք միեւնույն երկնքի տակ ու ունենք համընդհանուր արժեքներ»,- ընդգծում է Ալեքսանդր Խանտը:
Խոսուն՝ առանց դիալոգների
Ֆիլմում գրեթե չկան ընդգծված դիալոգներ. կադրերն ու բոլորիս ծանոթ սրտառուչ իրավիճակները խոսում են իրենք իրենց, իսկ ֆոնային զրույցները լրացնում են պատկերների ջերմությունը:
Լուսանկարը՝ ARARAT
Բուն նկարահանման աշխատանքները տեւել են մոտ մեկ ամիս եւ ավարտվել 2021թ. մարտ ամսին, սակայն գաղափարի մշակումը սկսվել է դեռեւս 2020թ. հոկտեմբերից:
Վարդգես Հովեյանը եւ Ալեքսանդր Խանտը | Լուսանկարը՝ ARARAT
«Նկարահանման հրապարակներում տիրում էր ընկերության ու անկեղծության ոգին՝ որպես մարդկային հարաբերությունների հրաշալի օրինակ: Մենք իրապես կարոտել ենք նման փոքրիկ պահերի, երբ հնարավոր է հավաքվել, շփվել, խոսել կյանքի մասին: Կարոտի այս զգացումն ամենուր էր՝ թե´ Ռուսաստանում, թե´ Ղազախստանում, թե´ Բելառուսում, եւ թե´ Հայաստանում»,- նշում է Վարդգես Հովեյանը:
Իրական մենք
Հայաստանում նկարահանված նովելում ընդգծվում է ընտանիքի գաղափարը, որը մշտապես բոլորիս ապաստարանն է անընդմեջ փոփոխվող իրադարձությունների հոսքում:
Լուսանկարը՝ ARARAT
«Պատմությունը ցույց է տալիս, որ այսօր աշխարհը շատ բազմազան է, ընտանեկան ավանդույթները եւս փոխվում են: Նոր սերունդն այլ կերպ է նայում ընտանեկան հարաբերություններին, ինչպես ֆիլմի երիտասարդ հերոսը, որ ժամանում է այլ մշակույթից ու հանդիպում իր պահպանողական մեծ եղբորը: Սյուժեի ընթացքով եւ ARARAT կոնյակը որպես խորհրդանիշ օգտագործելով՝ ցույց ենք տալիս, որ նոր սերունդը եւս իր մեջ կրում է ընտանիքը որպես արժեք: Մենք պարզապես պետք է ձգտենք գտնել այն ճանապարհները, որոնք մեզ տանում են դեպի միավորող խաչմերուկներ»,- մանրամասնում է ֆիլմի ռեժիսորը:
Լուսանկարը՝ ARARAT
Վարդգես Հովեյանն էլ հավելում է, որ ունեին սցենարի 12 տարբերակներ: Հատկապես երկար են խորհել հենց հայաստանյան դրվագի շուրջ, որովհետեւ կարեւոր էր ցույց տալ իրական Հայաստանը, այլ ոչ այն, ինչ հեռարձակվում է արտասահմանյան մեդիայում:
«Ցանկացել ենք ցույց տալ Հայաստանն այն կարծրատիպերից դուրս, որոնցով հաճախ մեզ ճանաչում են տարբեր երկրներում: Դրվագներում փորձել ենք ցույց տալ ինքներս մեզ՝ իրական հայկական ընտանիքը, որը չի սահմանափակվում միայն մոտ ազգակցական կապերով»,- նշում է նա:
«Մեկ երկնքի տակ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Երեւանի ժամանակով 20։00-ին՝ www.underonesky.araratbrandy.com հարթակում:
Գայանե Ենոքյան
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: