Storica Wines ընկերությունն հայկական գինիների միջոցով ամերիկացիների համար բացահայտում Հայաստանի պատմությունն ու հարուստ մշակույթը: 2020 թվականին ԱՄՆ-ում ստեղծված ընկերությունն արդեն հայկական չորս ապրանքանիշի՝ Zulal-ի, Keush-ի, Oshin-ի եւ Shofer-ի արտադրանքը ներկայացնում է Միացյալ Նահանգների սպառողին:
Forbes-ը, անդրադառնալով Storica Wines-ի ստեղծմանն ու նպատակներին, գրել է, որ շատ ամերիկացիներ անգամ քարտեզի վրա չեն կարող տեղորոշել Հայաստանի դիրքը, այնուամենայնիվ, ժամանակն է եկել զգալու այս տարածաշրջանի ողջ գեղեցկությունն ու մշակութային հարստությունը` հայկական խաղողի հրաշալի գինիների շնորհիվ:
GastroVino-ն հատվածներ է ներկայացնում Forbes-ի հոդվածից;
Storica Wines-ի թիմը՝ հիմնադիր-տնօրեն Զաք Արմենի գլխավորությամբ, հիացած է Հայաստանում հնագույն եւ նոր ծնվող գինու արտադրությամբ: Չնայած գինու ներկրումն ու վաճառքը այն ուղղությունը չի եղել, որով Արմենը նախատեսել էր զբաղվել, բայց որպես գնահատանք այն երկրին, որին նա տուն է անվանում, մուտք է գործել այս ոլորտ:
2018 թվականին Արմենը Երեւանում հանդիպել է գինեգործներ Վահե եւ Էյմի Քեուշգուերյաններին, որոնք պատմել են Հայաստանում գինեգործության վերածննդի եւ ԱՄՆ-ում հայկական գինու տարածման կարեւորության մասին: Հենց սա էլ դրդել է նրան սկսել Storica-ն:
Էյմի Քեուշգուերյանը | Լուսանկարը՝ Keush
2020-ի վերջին ներդրողներից կապիտալ հայթայթելուց հետո Արմենը կարողացել է բիզնեսն ընդլայնել՝ ստեղծել ավելի քան 20 մարդուց բաղկացած թիմ, որն այժմ զբաղվում է Storica Wines-ի մարքեթինգով, վաճառքով, ապրանքանիշով ու նյութատեխնիկական հարցերի ապահովմամբ:
Storica-ի պորտֆոլիոյում ներկայացված բոլոր գինիները պատրաստվում են հայկական տեղածին խաղողի սորտերից: Գինեգործության արտեֆակտները վկայում են, որ խաղողի այս տեսակներն առաջին անգամ աճել են ավելի քան 6 000 տարի առաջ, եւ այժմ այն վերականգնվում է Հայաստանի մի քանի առաջատար գինեգործների եւ խաղողագործների շնորհիվ:
«Գինու արտադրության հանրաճանաչ տարածաշրջան դառնալը կարող է նոր մասշտաբի համաշխարհային ճանաչում բերել Հայաստանին: Storica-ում ամեն օր հիշեցնում ենք մեր թիմին, որ վաճառած յուրաքանչյուր շիշ գինի հնարավորություն է, որ ինչ-որ մեկը, որը նախկինում երբեք չի եղել Հայաստանում, դառնա մեր երկրի եւ մշակույթի մի մասը: Սա կարեւոր առաքելություն է, որը դրդում է մեզ ստեղծել մեծ ընկերություն եւ նշել մեծ կամ փոքր յուրաքանչյուր հաղթանակ այդ նպատակի ճանապարհին»,- ասում է Արմենը:
Լուսանկարը՝ Storica
Սպառողները հայկական ապրանքանիշերի կարմիր, սպիտակ, փրփրուն սպիտակ եւ վարդեր գինիները հնարավորություն ունեն ձեռք բերել Storica Wines-ի կայքում բացված առցանց խանութից: Բացի օնլայն հարթակում վաճառքից՝ այս գինիները կարելի է գտնել նաեւ ԱՄՆ մի քանի ռեստորաններում, որոնցից են գինու տպավորիչ ցանկով ներկայացող Բոստոնի Ilona ու Մայամիի լողափում գտնվող Santorini By Georgios հունական եւ միջերկրածովյան խոհանոց ունեցող ռեստորանները:
Storica-ի համահիմնադիր Կեւորգ Դեր-Կեւորկյանն էլ նշել է, որ բացի թվային հարթակից, կփորձեն գինու վաճառքն իրականացնել նաեւ օնլայն այլ ալիքների միջոցով՝ ինչպիսին է ԱՄՆ-ում ալկոհոլային խմիչքների ամենամեծ հարթակը՝ Drizly-ն:
Storica-ն մտադիր է ընդլայնել է ապրանքանիշերի շրջանակը՝ ներկայացնելով այն ամենը, ինչ Հայաստանն առաջարկում է որպես գինու տարածաշրջան:
Պատրաստել է Արփի Ջիլավյանը
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: