×

Հրանտ Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Azaria Winery. Բալի բույրով Արենին ու «էկզոտիկ» Կանգունը

Մարտի 11-ին In Vino բար-ակումբի «հյուր» գինին հայկական արտադրության ամենաերիտասարդ գինիներից էր: In Vino-ի արդեն ավանդական դարձած «Հանդիպենք գինեգործին» միջոցառումը գինու սիրահարներին այս անգամ ներկայացրեց ոլորտում առաջին քայլերը սկսած Azaria Winery-ի սպիտակ ու կարմիր գինիները եւ ընկերության գինեգործ Հրանտ Եղիազարյանին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործը Azaria Winery-ի հիմնադրման եւ առաջին գինիների մասին պատմել է նաեւ GastroVino-ին:

Azaria Winery-ին երիտասարդ, ընտանեկան գինու փոքր արտադրություն է, որի ոչ պաշտոնական հիմնադրման տարեթիվ գինեգործը նշում է 2019 թվականը, սակայն պաշտոնական գրանցումը եղել է 2020-ին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեր աշխատանքը հիմնված է պատմություն ունեցող ընտանեկան ավանդույթների վրա: Երկու պապս էլ խորհրդային տարիներին գինեգործությամբ են զբաղվել, բայց չէին կարող սեփական մեծ այգիներ ունենալ: Խաղողն աճեցրել են Արարատյան դաշտում գտնվող տնամերձ, օժանդակ հողատարածքների այգիներում: Ցավոք, նրանց մշակած խաղողի վազերը չեն պահպանվել: Մենք էլ որոշեցինք իրենց ավանդույթները շարունակել, ու 2009-2010 թվականներին հորս հետ հիմնեցինք մեր այգիները»,- ասել է Հրանտ Եղիազարյանը:

Ընկերությունն այժմ Արարատի մարզում 5 հա խաղողի այգի ունի:

«Այգիները հիմնելուց հետո՝ շուրջ 10 տարի, երազում էի գինու արտադրություն սկսելու մասին, հետո հասկացա, որ եթե այդպես ուղղակի շարունակեմ երազել, ամեն ինչ երազանքի մակարդակում էլ կմնա: Սկսեցի սովորել, գինեգործության մասին մասնագիտական գիտելիքներ ձեռք բերեցի, այնուհետեւ կնոջս հետ հիմնադրեցինք Azaria Winery-ին»,- պատմել է Հրանտ Եղիազարյանը՝ նշելով, որ ընկերության անվանումը եւս ընդգծում է ընտանեկան կապը՝ «Azaria» անունը վերցրել են Եղիազարյան ազգանունից:

Հրանտ Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Azaria Winery-ին շուկայում այս պահին երկու տեսակի գինի է ներկայացնում՝ կարմիր եւ սպիտակ, որոնք կարելի է գտնել Երեւանի տարբեր ռեստորաններում եւ գինու մասնագիտացված խանութներում:

«Երկու գինիներն էլ շշալցրել ենք 2019-ի բերքից: Կարմիր գինին պատրաստել ենք Արենի տեսակից, որը մթերում ենք Աղավնաձոր գյուղի այգիներից, իսկ սպիտակը՝  Արարատի մարզում գտնվող մեր այգիների Կանգունից է: 2020-ի բերքից ունենալու ենք եւս մի տեսակ կարմիր գինի՝ Հաղթանակ եւ Կախեթ սորտերի ասամբլյաժից»,- ասել է գինեգործը:

Ընկերության գինիները պատրաստված են դասականին մոտ տեխնոլոգիաներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեր Արենիի ու Կանգունի գինիների հետ ոչ մի ուրիշ տեսակի խաղողի հավելում չկա: Կարմիրի դեպքում ստացել ենք շատ թեթեւ խմվող, բալի բույրով գինի, որը հասունացման շրջան է անցել կաղնու տակառում: Սպիտակն էլ Կանգուն սորտին բնորոշ հետաքրքիր երանգներ ունի իր մեջ՝ տանձի, խնձորի ու սերկեւիլի»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա նաեւ բացատրել է, թե ինչպես է ընդամենը մեկ տեսակի խաղողից պատրաստվող գինին այլ մրգային բույրեր ունենում.

«Կախված այն բանից, թե խաղողը կլիմայական ինչ գոտում եւ ինչպիսի հողային կազմում է աճում, ինչպես է մշակվում եւ ոռոգվում, հասունացման ժամանակ այն տարբեր նյութեր է գեներացնում իր մեջ, ինչի շնորհիվ էլ խաղողը համային տարբեր երանգներ է ստանում: Նույն Կանգունը աճեցնելով Արարատում եւ Իջեւանում, տարբեր բույրեր կարող են ստանալ: Օրինակ՝ 2020-ը խաղողի համար յուրահատուկ տարի էր, կլիմայական պայմանները մի փոքր ուրիշ էին, այսպես ասած, ավելի հետ էր տարին, խաղողի հասունացումն ավելի երկար տեւեց եւ նախորդ տարվա Կանգունը էկզոտիկ մրգերի բույր ունեցավ, ինչը մեզ համար էլ էր բացահայտում»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հրանտ Եղիազարյանը հավելել է, որ չնայած ոլորտում առկա դժվարություններին՝ ջանք չխնայելով առաջ պիտի գնան եւ 2021-22-ին գինիների եւս երկու տեսակ ավելացնեն՝ վարդագույն եւ նարնջագույն:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին