Երեւանի կոնյակի գործարանի ներկայացրել նոր՝ ARARAT Coffee խմիչքը:
«ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի եւ կոնյակի ամենավառ կողմերը` Երեւանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը, որոնք հաճելիորեն կզարմացնեն թե´ ազնվական խմիչքների իրական գիտակներին, թե´ նրանց, ում ճամփորդությունը դեպի գրավիչ համադրությունների աշխարհ դեռ առջեւում է», - ասված է ԵԿԳ հաղորդագրության մեջ:
ARARAT Coffee-ն պատրաստված է ARARAТ հնացված կոնյակի հիմքով, որի համահոտային հարստությունը լրացված է իսկական սուրճի համով։
Նոր արտադրանքն ունի մուգ սաթի գույն, որը ստվերարկվում է սուրճի երանգներով։ Խմիչքի հարուստ եւ կլորավուն համը վերափոխվում է սուրճի բազմերանգ ելեւէջների եւ ավարտվում թարմ սերուցքի փափուկ հետհամով։
Լինելով ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի երկրորդ խմիչքը՝ ARARAT Coffee-ն ներդաշնակորեն լրացնում է ARARAT Apricot-ով մեկնարկած նախագիծը եւ իր վառ տեղը զբաղեցնում ARARAT պրեմիալ կոնյակների շարքում։
ARARAT-ի ավելի քան 130-ամյա պատմության առաջին նորարարական խմիչքը՝ ARARAT Apricot-ը կարճ ժամանակահատվածում գրանցեց բացառիկ հաջողություններ եւ հեղինակավոր IWSR-ի (International Wine & Sprits Record) վարկածով դարձավ աշխարհի ներմուծված համահոտային երանգավորմամբ (flavors) բրենդիների «Պրեմիում+» կատեգորիայի առաջատարը: Մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց այն արժանացավ ոսկե մեդալի XXIII Գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթում։
Լուսանկարը՝ ARARAT
ԵԿԳ հաղորդագրության մեջ ասված է, որ «ARARAT Coffee-ն ոչ միայն կատարյալ համահոտային համադրություն է, այլեւ կարեւոր մշակութաբանական ակնարկ»։
«Ոգեշնչվելով տարբեր ժողովուրդների ավանդույթներով, որտեղ մեկ գավաթ սուրճն ի սրտե հանդիպումների խորհրդանիշ է, ARARAT Coffee-ն բացահայտում է այս ծեսի մի նոր եզր եւ պարգեւում նրան հայկական ջերմություն»։
«Կարծում եմ, որը ARARAT-ը այն եզակի դեպքերից է, երբ հարուստ ժառանգությունը ոչ միայն չի կաշկանդում, այլ նաեւ ոգեշնչում է ավանդույթների վերամարմնավորման համար։ Հաշվի առնելով թե´ այդ սեգմենտի պատկերը միջազգային շուկայում, թե´ ARARAT Apricot-ի հաջողությունները, մենք վստահ ենք, որ նոր արտադրանքը խոստումնալից հեռանկարներ կունենա», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին։
«Թերեւս ցանկացած ստեղծագործ աշխատանք ենթադրում է որոշակի սինթեզ, միավորում։ Այդ միահյուսման իրական գեղեցկությունը որոշում է դրա ներքին ներդաշնակությունը, որը զգում ես միանգամից։ Եվ, որպես կանոն, նրան հաղորդակցվելու համար կարիք չի լինում լրացուցիչ բացատրությունների կամ մեկնաբանությունների։ Սուրճի եւ ARARAT կոնյակի միահյուսման ներդաշնակությունը նման է դասական ստեղծագործության, որի հիմքում սպառողի սերն է դեպի այս խմիչքներ։ Այս սիրո մարմնավորումը կարելի է զգալ ARARAT Coffee-ի բուրմունքի առաջին իսկ նոտաներից։ Բոված սուրճի, սեւ շոկոլադի եւ ARARAT կոնյակին բնորոշ հարուստ բույրը հանդիսանում են այս դասական ստեղծագործության նախաբանը», - պատմել է Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: