×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մի կում Կոլումբիա եւ սրճային ճամփորդություններ՝ Haldi.Co-ում

Երեւանի փողոցներից առաջինը Դեմիրճյանն էր, որտեղից սկսեցին տարածվել կոլումբիական սուրճի  բույրերն ու երաժշտության հնչյունները։ Haldi.Co-ն Երեւան եկավ 2016թ․-ին։ Haldi.Co-ի առաջին սրճարան-խանութի՝ կարմիր շրջանակներով մեծ պատուհանից այն կողմ սուրճերի կոլումբիական «թագավորությունն էր», իսկ դռան ամեն բացվելուն պես՝ փողոցը գրավում էր թարմ սուրճի բույրը։ Հետո նույն կարմիր մոտիվներն ու կոլումբիական մեղեդիները հայտնվեցին Խորենացի փողոցի վրա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Covid-19 համավարակի եւ 2020թ․-ի Արցախյան պատերազմի ընթացքում Haldi.Co-ի այս երկու հասցեները ժամանակավորապես դադարեցին գործել, բայց հավատարիմ հաճախորդներին մենակ թողնել չէին կարող, եւ որոշեցին ժամանակավոր կոնցեպտով ներկայանալ Chir բրենդի հետ՝ Իսահակյան 26 հասցեում։ Haldi.Co Հայաստանի հիմնադիր Տիգրան Հակոբյանը GastroVino-ին պատմել է կոլումբիական սուրճը Հայաստան բերելու, 5 տարիների ընթացքում ձեռք բերած վստահության, դժվարությունները հաղթահարելու բանաձեւի եւ ապագայի պլանների մասին։

Բիզնես խորհրդատուից՝ բիզնեսմեն

Մոսկվայում խորհրդատվական ընկերություն ունեի, որի հաճախորդ էր կոլումբիական մի ընկերություն: Այդ ժամանակ մեզ Haldi.Co-ի սուրճ նվիրեցին, որը շատ էինք հավանել: 2012 թվականին Մոսկվայում վաճառեցինք ընկերությունը եւ վերադարձանք Երեւան, մտածում էինք՝ ինչո՞վ զբաղվել, եւ որոշեցինք ֆրանշիզան գնել ու Haldi.Co-ն բերել Երեւան: Մեր կոնցեպտն իրենցից տարբերվում է. մեզ մոտ մի քիչ հայկական շուկային համապատասխան ադապտացրեցինք, իսկ իրենց ֆորմատն ավելի նման է StarBugs կոնցեպտին:

Տիգրան Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ֆորմատն ավելի բուտիկային դարձավ, թեեւ ի սկզբանե մտածում էինք, որ պիտի լինի showroom, որտեղ կվաճառենք սուրճը: Բայց, քանի որ մեր սուրճերը 20 տեսակի են, որոնք իրարից տարբերվում են, խնդիր առաջացավ ընթացքում, որ մարդիկ պետք է համտեսեն, հասկանան ինչ սուրճ է, որ ճիշտ ընտրություն կատարեն: Այդպես կամաց-կամաց անցանք սրճարանային ֆորմատին:

Համային լայն սպեկտրը՝ տեխնոլոգիայի արդյունք

Haldi.Co-ն, որ սկզբում հիմնադրվել էր որպես սուրճի լաբորատորիա, աճեցման եզակի տեխնոլոգիա է կիրառում, ինչն էլ ապահովում է սուրճերի համային լայն սպեկտրը: Այս սուրճերը, որոնք տարբեր համային առանձնահատկություններ ունեն, ոմանց կարող են սուրճը խմելիս զգալ, օրինակ՝ բանանի կամ ելակի, ցիտրուսային համեր,  իրականում այդ համերը ստացվում են ոչ թե հավելումների, այլ բնական ճանապարհով: Սուրճի ծառերը կամ խաչասերված են մրգերի եւ պտուղների ծառերի հետ, կամ այդ ծառերի փոշոտման եղանակով են ստացվում համային երանգները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանում կոլումբիական սուրճը ստանում ենք արդեն աղացված վիճակում: Վերջնական արտադրանքը ստացվում է երրորդ աղացման արդյունքում: Աշխարհում միակ երկիրը, որ Haldi.Co-ից ջազվեի համար սուրճ է ներմուծում, Հայաստանն է, քանի որ հայերը սիրում են ջազվեում եփված սուրճը: Կոլումբիացիների համար, դա իհարկե, զարմանալի բան է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իրականում, եթե համեմատենք ջազվեի եւ էսպրեսսոյի սուրճը, ջազվեի դեպքում մինչեւ 40% կարող է համային կորուստ լինել:

Հաճախորդները՝ նախագահից մինչեւ ուսանող

Մենք սրճային ընկերություն չենք, սուրճ չենք վաճառում, մենք վաճառում ենք սուրճի ընտրություն: Մեր կազմակերպությունը ընտրության վաճառքով է զբաղվում, եւ քանի որ համային լայն սպեկտր ունենք, ամեն մարդ իրենը գտնում է: Մեր 10 հաճախորդից 9-ը վերադառնում է, ինչը բարձր ցուցանիշ է:  

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկզբում, երբ բացվեցինք Դեմիրճյանի վրա, մեր խնդիրն էր Երեւանում կոլումբիական կոլորիտ ստեղծել, իսկ հիմնական դիզայնը Բոգոտայի գարեջրային ընկերության (BBC) դիզայնի մոտիվներով է, պարզապես իրենց գույները սեւ ու սպիտակ են: Մենք իրենց դիզայնի սկզբունքներով մշակեցինք մեր դիզայնը՝ պարզապես Haldi.Co-ի գույներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաճախորդների լայն շրջանակ ունենք: Պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ մարդիկ, որոնք նոթբուքերով գալիս են աշխատելու եւ սուրճ խմելու՝ երիտասարդները, մարդիկ, որոնք ավելի շատ սիրում նստել այնպիսի վայրերում, որտեղ կարելի է պարզապես վայելել միջավայրը, եւ երրորդ խումբը՝ միջին տարիքի մարդիկ, որոնք լուրջ պաշտոնների են: Մեր հաճախորդներից են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորները, ՏՏ ոլորտի աշխատակիցները, ուսանողները, եւ մենք փորձում ենք այնպես անել, որ բոլորի համար հարմարավետ լինի մեզ մոտ:     

Դժվարություններից՝ ճկուն որոշումներ

Covid-19 համավարակի եւ պատերազմի բերած մարտահրավերների հետեւանքով որոշակի դժվարություններ առաջացան, բացի այդ Դեմիրճյանի սրճարանի տարածքը վաճառվեց՝ այնտեղ կառուցապատում է լինելու: Այդպես որոշեցինք գնել Chir բրենդը եւ ներկայանալ երկու բրենդ՝ մեկ ֆորմատով: Վաճառասրահում ցուցադրում ենք Chir-ի արտադրանքը, իսկ սրճարանում Haldi.Co-ի արտադրանքը: Սա փորձարարական ֆորմատ է:

Շուկայի վերլուծություն կատարեցինք՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել: Կամ պիտի ամեն ինչ թողնեինք այնպես, ինչպես կար, եւ ժամանակ ձգեինք՝ նույն ծախսերով, կամ կրճատվելով՝ խնայեինք ռեսուրսները եւ նոր՝ ավելի լայն ֆորմատի անցնեինք: Ընտրեցինք երկրորդը:

Տիգրան Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս սրճարանում տարածքը թույլ չի տալիս մեր կոլորիտը պահպանել, բայց փորձում ենք այնպիսի էկոմիջավայր ստեղծել, որ բոլոր հաճախորդներն իրենց լավ զգան մեզ մոտ:

Haldi.Co-ն նախատեսում է ընդլայնվել եւ զարգացման ծրագրեր է մշակում:

Սրճային գինիները՝ դժվար օրերի ծնունդ

2020թ.-ը՝ կորոնավիրուսի եւ պատերազմի տարին, երեւի, ամենադժվարն էր մեր երկրի վերջին շրջանի պատմության մեջ: Բայց այդ դժվարությունները նաեւ զարգանալու հաստատակամություն ծնեցին: Այս դժվար տարում էլ մեր Tenuta Arubani գինեգործարանը սկսեց առաջին սրճային գինու՝ Araoca-ի շշալցումը: Մեր գինիները 18 տեսակի են՝ Haldi.Co-ում ներկայացված սուրճերի 18 տեսակներին համապատասխան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ սրճային գինին սպեցիֆիկ բան է, որոշեցինք միանգամից 18 տեսակը շուկա դուրս չբերել: Մեր սրճային գինիների հիմքը խաղողի գինի է, տեխնոլոգիական ցիկլ ունի, ինչի ժամանակ սուրճով մշակում է անցնում, որի ընթացքում էլ այդ համային փունջը գինին վերցնում է իր մեջ: Այս մեկ տարվա ընթացքում համտեսեր արեցինք ու հասկացանք, որ այն գինու ազդեցություն չի ունենում խմողների վրա, սուրճը շատ ուժեղ էներգետիկ ազդեցություն է ունենում:  

Հիմա մի քանի երկրից՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, մեծ պահանջարկ կա, ընկերությունները ցանկանում են նմուշ ստանալ, սակայն Հայաստանում արտահանման շատ լուրջ խնդիրներ կան փոքր արտադրողների համար, հատկապես հիմա՝ փակ սահմանների պայմաններում: Փորձում ենք այդ խնդիրները հաղթահարել:    

Հայաստանի նախագահն  ու Armenia սուրճը

Haldi.Co-ում շատերի ուշադրությունը գրավում է Armenia սուրճը: Իրականում սուրճի անվան արմատները գալիս են Կոլումբիայի սուրճի արդյունաբերության մայրաքաղաքից՝ Արմենիայից: Այս սուրճը Կոլումբիայում հյուրասիրում են առաջին կատեգորիայի հյուրերին, խմում են նախագահներն ու կարդինալները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր նախագահը՝ Արմեն Սարգսյանը, մի օր եկավ սրճարան, ասաց՝ Կոլումբիայում ինձ այդ սուրճից են հյուրասիրել:Դրանից հետո միշտ գալիս էր՝ այս սուրճը խմելու: Այդպես մեզ մոտ Armenia-ն դարձավ կրկնակի նախագահների սուրճ: Ի դեպ, Վրաստանում էլ ունենք մասնաճյուղ, այնտեղ եւս ցուցադրված է Armenia-ն, եւ վրացիների շրջանում էլ մեծ սեր է վայելում:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին