×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Նորավանք» գինիներ՝ նոր նարնջագույնը եւ թարմացված ավանդականները

«Մարան» գինեգործարանի առաջնեկը՝ 1991-ին ծնված «Նորավանք»-ը, նորովի եւ նորույթով է ներկայանում գինեսերներին:

Հունվարի 26-ին InVino-ի կազմակերպած «Հանդիպենք գինեգործին» երեկոյի ընթացքում «Մարան» ընկերության գինեգործ Ֆրունզ Հարությունյանը գինեսերներին ներկայացրել է դասական եղանակով պատրաստված «Նորավանք orange»-ն ու ռեբրենդինգ անցած կարմիր, վարդագույն ու սպիտակ գինիները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործը GastroVino-ի հետ զրույցում նշել է, որ 30-ամյա պատմություն ունեցող «Նորավանք»-ով նոր խոսք են ուզում բերել շուկա:

Ֆրունզ Հարությունյանի խոսքով՝ «Նորավանք»-ի հիմնական խորհուրդը երիտասարդ, ակտիվ, թարմեցնող եւ թեթեւ (easy to drink), սակայն ոչ պարզունակ գինիներ ներկայացնել է, որոնց համահոտային հատկությունները բազմաշերտ են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արտաքինից ավելի ժամանակակից ու մինիմալիստական դառնալուց բացի՝ «Նորավանք»-ի շարքը համալրվել է նարնջագույն գինիով, որը գինեգործության մեջ ներկայում առավել տարածում ստացող տեսակ է: Այն պատրաստվում է սպիտակ խաղողից, սակայն պատրաստման տեխնոլոգիան ավելի բնորոշ է կարմիր գինիներին, քանի որ սերմերը եւ մաշկը չեն անջատվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Սպիտակ գինին խմորում եւ թրմեցնում են առանց մաշկի ու սերմերի, այսինքն անջատում են միայն քաղցուն՝ ստանալու նուրբ գինիներ: Կարմիր գինին հակառակը՝ խմորում են սերմերով, մաշկով եւ որքան ավելի լավ լինի թրմեցումը, այնքան ավելի հարուստ եւ մարմնեղ գինի կստացվի: Օրանժը փորձ է ներբերել տեխնոլոգիաներ այս երկուսից», - ներկայացրել է Ֆրունզ Հարությունյանը:

Նա նշել է, որ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում աճեցված Խաթուն Խարջի տեսակի խաղողից պատրաստված «Նորավանք orange»-ը մաշկի եւ սերմերի վրա թրմեցվել է մոտավորապես մեկ ամիս:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նորավանք»-ի կարմիր եւ վարդագույն տեսակները պատրաստվում են սեւ Արենի խաղողից, սակայն ի տարբերությունը կարմիրի՝ վարդագույնի դեպքում մաշիկի հետ շփումը մինիմալ է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սպիտակ «Նորավանք»-ը երեք խաղողների համադրություն է՝ Խաթուն Խարջի, Կանգուն եւ Արարատյան դաշտավայրի ֆրանսիական Ալիգոտե:

«Այս երեք գինիներին միավորում է այն, որ երիտասարդ են, տակառային հնեցում չունեն եւ իրենց գնային սեգմենտում որակյալ արտադրանք են առաջարկում»,- ասել է գինեգործը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նորավանք»-ի նոր տեսականու կարմիր, վարդագույն ու սպիտակ գինիների գները 4000-4500 դրամի միջակայքում են:

«Նարնջագույնը մի փոքր ավելի թանկ է, քանի որ պատրաստվել է սահմանափակ քանակությամբ, եւ, երեւի թե, այդպես էլ կշարունակվի»,- ամփոփել է Ֆրունզ Հարությունյանը:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին