×

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայկական գինի vs. COVID-19` խնդիրներն ու հնարավորությունները

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այսօր ասել է, որ խաղողի բերքահավաքը մեկնարկել է, բայց մառանները դեռ լի են գինով։

«Գինեգործական ընկերությունները մթերումն իրականացնելու են այն չափով, որքան սպառել են, բայց ֆերմերներին աջակցելու նպատակով կփորձեն մի փոքր ավելի մթերել։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն էլ ամեն ինչ անելու է գինիների սպառման համար, որպեսզի 2021թվականի մթերումները հնարավորինս սահուն անցնեն։ Պետությունը եւս աջակցում է ոլորտին»,- ասել է նա։

Զարուհի Մուրադյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը «ծնկի է բերել» ինչպես մյուս, այնպես էլ գինու ոլորտը։ Այս տարվա մարտից-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում գինու սպառումն էականորեն նվազել է, հուլիսից մինչ օրս՝ մի փոքր ակտիվացել։ Ոլորտի ներկայացուցիչները հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ պատկերը կփոխվի։

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


«Համավարակի շրջանը նաեւ նպաստավոր է եղել խաղողագործության զարգացման, նոր այգիներ հիմնելու համար։ Արտադրողները ժամանակ ունեին այս ուղղությամբ աշխատելու։ Ներդրումների առումով՝ պետությունը հետաքրքիր պայմաններ է առաջարկում»,- ասել է նա։

Մրցակցություն

Զարուհի Մուրադյանն ասել է, որ հայկական գինիները, երբեմն, արժեքի պատճառով դուրս են մնում մրցակցությունից։

«Եթե ուզում ենք մրցունակ լինել գինի սպառող երկրներում, պետք է աշխատենք ինքնարժեքի իջեցման ուղղությամբ։ Ցավոք, Հայաստանում եւ խաղողի ինքնարժեքն է մի փոքր բարձր, եւ ներկրվում են խցաններ, տարբեր նյութեր, որոնք օգտագործվում են գինեգործության մեջ, դա բերում է մեր գինիների արժեքի բարձրացմանը։

Աշխարհում կան բարձրորակ, լավ գինիներ, որոնք ցածր գին ունեն։ Շուկայում մրցունակությունը պահելու նպատակով մենք պետք է նաեւ աշխատենք այդ ուղղությամբ։ Մի կողմից չենք ուզում խաղողագործին ցածր գին վճարել, մյուս կողմից՝ գինիների ինքնարժեքն է բարձր։ Դրա համար արտադրողները փորձում են խաղողը մթերել այն գնով, որով կարող են հետագայում գինի ստանալ ու միջազգային շուկայում մրցունակ արժեք ունենալ»,- ասել է Զարուհի Մուրադյանը։

Վերահսկողություն

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն այժմ վերահսկողական աշխատանքներ է իրականացնում մթերող ընկերություններում։

«Վերահսկողության միջոցով կարեւոր ցուցանիշներ կունենանք, կարձանագրենք մթերվող բերքի չափը, ինչը հնարավորություն կտա հասկանալու, թե իրականում որքան խաղող է մթերում ընկերությունն ու որքան արտադրանք տալիս։ Նաեւ համակարգային մոտեցում ենք ցուցաբերում՝ ներդնելու ենք խաղողի տնկարկների քարտեզագրման համակարգ՝ կադաստր։

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Քարտեզագրվելու են խաղողի բոլոր այգիները, ստեղծվելու է էլեկտրոնային բազա, որի միջոցով ավելի վերահսկելի է դառնալու մթերման գործընթացը։ Օրինակ՝ եթե Արենի խաղողը հիմնականում աճում է Վայոց Ձորում, կիմանանք, թե որքան բերք կլինի ու դրանից որքան գինի կպատրաստվի։ Արդյունքում կկարողանանք գնահատել իրավիճակն ու սխալ տվյալների դեպքում վերահսկողություն իրականացնել թե գինեգործական ընկերություններում, թե այգիներում»,- ասել է Զարուհի Մուրադյանը։

Հայկական գինիների իմիջը

Հայկական գինիների իմիջի բարձրացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, որովհետեւ թե ծավալներով, թե խաղողի այգիների տարածքներով Հայաստանը զիջում է գինեգործական մյուս երկրներին։

Լուսանկարը՝ NOA Wines


«Մթերող ընկերությունները խաղողը հիմնականում գնում են տարբեր ֆերմերներից, տարբեր շրջաններից, հավաքվում են տարբեր որակի խաղող։ Որքան էլ գինեգործը բանիմաց ու խելացի լինի՝ դժվար է վատ հումքից լավ գինի ստանալ։ Այդ պատճառով, վերջին տարիներին մեր հայրենակիցները նախ հիմնում են խաղողի այգիներ, հետո միայն սկսում գինու արտադրություն, որպեսզի մթերեն իրենց մշակած խաղողը, սակայն քանակի խնդիր ունենք, այսպես դժվար է շուկա գրավել»,- ասել է Զարուհի Մուրադյանը եւ հավելել, որ միջազգային շուկայում հայկական բուտիկային գինիները հիմնականում վաճառվում են ռեստորաններում, հյուրանոցներում։

ՌԴ նոր ստանդարտները

Ռուսաստանում վերջերս փոխվել է խաղողագործության ու գինեգործության մասին օրենքը եւ գինի համարվում է միայն խաղողից ստացված խմիչքը։ Խոսելով այս մասին՝ Զարուհի Մուրադյանն ասել է, որ հայկական մրգային գինիների մասով խնդիր է առաջացել։

«Մրգային գինիները ներկայացվելու են առանձին, նշվելու է, որ դրանք չեն համարվում գինի, ինչը շփոթեցնելու է սպառողին։ Քանի դեռ հարցը լուծված չէ՝ ներմուծող խոշոր շատ ընկերություններ հրաժարվում են ներկրել մրգային գինիներ։ Հարցը քննարկում ենք Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների, Եվրասիական հանձնաժողովի հետ, քննարկել ենք նաեւ մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Փորձում ենք իրավիճակը շտկել, բայց, ցավոք, դեռ արդյունք չունենք»,- ասել է Զարուհի Մուրադյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին