2020-ի սեպտեմբերի 4-ին բրիտանական հեղինակավոր 67 Pall Mall ակումբը վիրտուալ վարպետության դաս եւ համտես էր կազմակերպել Zorah-ի հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ: 67 Pall Mall ակումբը հիմնադրվել է Լոնդոնում՝ գինու սիրահարների կողմից գինու սիրահարների համար:
Զորիկ Ղարիբյանը ակումբի հետեւորդներին ներկայացրել է Zorah գինիների պատմությունն ու հայկական գինեգործության առանձնահատկությունները: GastroVino-ն հետեւել է «Zorah: 6000 years of history in every bottle» խորագրով վարպետության դասին ու գրի առել Զորիկ Ղարիբյանի ուշագրավ մտքերը:
«Զ»՝ Զորահ
Զորիկ Ղարիբյանը վարպետության դասի նախաբանում հիշեցնում է՝ ինքը Սփյուռքից է եւ Հայաստանում գինեգործության իր ճանապարհը սկսել է 90-ականների վերջից, երբ առաջին անգամ այցելել է պապերի հայրենիք: Տպավորված լինելով եզակի սորտերի բազմազանությամբ՝ Զորիկը հենց սկզբից որոշել է ընտրել միայն տեղական սորտեր ու բարձր որակի գինի արտադրել՝ ավանդական հնեցման մեթոդներով: Zorah գինիները շուկայում ներկայացել են 2012-ին, մինչ այդ 2000-ականներից սկսած գինեգործարանի հիմնադիրը տարիներ շարունակ միայն փորձարկել է տեղական սորտերն ու փորձել գտնել Վայոց Ձորի եզակի համերը:
«Հայաստան գալով ես հասկացա, որ խորհրդային տարիներին մենք պարզապես կորցրել ենք կապը մեր փառահեղ գինեգործության պատմության հետ՝ Հայաստանը ներկայացնելով միայն կոնյակ պատրաստող երկիր: Հայաստանը հիմա իմպրովիզացիա չի անում գինեգործ երկիր դառնալու համար. մենք ժառանգել ենք գինի պատրաստելու ֆանտաստիկ մեթոդներ, որոնք վերականգնելով կարող ենք դառնալ խոշոր դերակատար աշխարհի գինեգործության ոլորտում:
Ցանկացած կարեւոր գինի արտադրող երկիր իր լեգենդն ունի, իսկ Հայաստանն ինձ համար հին լեգենդների մայրն է: Բոլորը գիտեն Նոյան տապանի ու Արարատ լեռան մասին, մեր լեգենդը պատմում է՝ Նոյն ինքն է խաղողի այգիներ տնկել, գինի պատրաստել ու գինովցել իր պատրաստած գինուց»,-ասում է Zorah-ի հիմնադիրը:
Զորահ Ոսկի գինին | Լուսանկարը՝ Զորահ
Քանի որ արտասահմանցիներին շատ գրավում է նաեւ Zorah-ի՝ «Զ» տառով տարբերանշանը, Զորիկը վարպետության դասընթացի մասնակիցներին հուշում է դրա նշանակությունն ու յուրահատկությունը՝ «Զ» տառի կլորակի ներսում պատկերված է Հայաստանի քարտեզը:
Կարասի մշակույթը վերակենդանացնելու մասին
Գինեսեր հետեւորդներին Zorah-ի հիմնադիրը նաեւ պատմում է հայկական կարասների մասին՝ ցույց տալով Կարմիր բլուրի հողե հատակում թաղված կարասների նկարներն ու ներկայացնելով դրանց դարավոր մշակույթը։ Zorah-ը հենց սկզբից իր գինիները սկսել է հնեցնել կարասներում, չնայած Հայաստանում այդ տարիներին կարասների մեջ հնեցումը հուսալի մեթոդ չի համարվել: Զորիկը բոլոր հին կարասները փորձել է ձեռք բերել տեղացիներից:
Pall Mall 67 ակումբում | Լուսանկարը՝ Pall Mall 67
«Սկսեցի այցելել այն մարդկանց տները, որոնք իրենց պապերից ժառանգած կարասներ էին պահում ու պատրաստ էին վաճառել դրանք: Շատերը հաճախ ուրախանում էին իմ առաջարկից, քանի որ դրանք այլեւս չէին օգտագործում ու շատ տեղ էին զբաղեցնում իրենց տներում:
Ցավոք, մենք կորցրել ենք նաեւ կարասների պատրաստման արհեստը, իմ նախագծի նպատակներից մեկն է վերակենդանացնելն է այդ մշակույթը. ուզում ենք հետ բերել կարասագործության արհեստը»,- ասում է Զորիկը:
Վայոց Ձորը՝ նոր սորտերի գանձարան
Խոսելով Վայոց Ձորի առանձնահատկություններից Զորիկը հատուկ շեշտում է՝ աշխարհում այս մարզն այն եզակի վայրերից է, որտեղ չկա ֆիլոքսերա եւ պատվաստում:
Pall Mall 67 ակումբում | Լուսանկարը՝ Pall Mall 67
«Zorah նախագիծը միտված է վերաբացահայտելու Վայոց Ձորի տեղական սորտերի բազմազանությունը: Այս մարզը մի թաքնված գանձարան է, որտեղ մենք ամեն տարի տեղական նոր սորտ ենք բացահայտում, ու այս գործընթացը կարող են շարունակել նաեւ իմ երեխաներն ու թոռները: Մեր նպատակն է բացահայտել Հայաստանի եզակի սորտերն ու գինեգործության ներուժը, ինչի արդյունքում, մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է մրցել աշխարհում լավագույն գինիների հետ»,-ասում է Զորիկը:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: