Gouroo Club & Garden-ը այցելուներին ներկայանում է նոր մոնո հայեցակարգով՝ առաջարկելով Teracce Gin Bar-ում ծանոթանալ ջիների ու դրանցով պատրաստված կոկտեյլների ընտրանուն:
Գաղափարի հեղինակները GastroVino-ին պատմել են Երեւանի առաջին ջին բարի առանձնահատկությունների ու ռեստորանային ոլորտում մոնո հայեցակարգի թրենդի մասին:
Այն, ինչ պակասում էր քաղաքին
2020-ի ամառը Gouroo Club & Garden-ի համար երրորդն է: Ռեստորանի հիմնադիր Նատալյա Անտոնյանն ասում է, որ իրենց գաղափարախոսությամբ հասել են հաջողության, եւ արդեն նորություններով ներկայանալու ժամանակն է:
«Gouroo Club & Garden-ի պատշգամբի հատվածը, որ մի կողմից նայում է դեպի այգի, մյուս կողմից էլ՝ Սարյան փողոց, մշտապես առանձնանում էր իր այցելուներով: Տպավորություն էր՝ այստեղ մի բան պակասում է: Մտածեցինք, որ եթե լինի բարի կանգնակ (ռուս.՝ барная стойка), տարածքը նոր շնչով կսկսի ապրել: Քանի որ կոկտեյլ բար արդեն իսկ ունեինք, փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է պակասում քաղաքին, ու սկսեցինք մտածել մոնո հայեցակարգի շուրջ: Այդ փնտրտուքի արդյունքում էլ ծնվեց Teracce Gin Bar-ի գաղափարը»,- պատմում է Նատալյա Անտոնյանը:
Նատալյա Անտոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մոնո հայեցակարգը աշխարհում սկսել է տարածվել մոտ 10 տարի առաջ: Ժամանակի ընթացքում հասարակությունը հագենում է ամեն ինչ մատուցող ռեստորաններից ու սկսում ձգտել դեպի մասնագիտացված խոհանոցներ:
«Հետզհետե մարդիկ սկսում են նախընտրել մոնո հայեցակարգով վայրերը, որտեղ ամեն ինչ պտտվում է մեկ թեմայի շուրջ, սակայն խորացված մոտեցմամբ: Այժմ այս միտումը նկատվում է հենց բարի մշակույթում: Գուցե Երեւանը դեռեւս այդ աստիճանի չի հագեցել ամեն ինչ առաջարկող ռեստորաններից եւ բարերից, բայց մենք սովոր ենք անել այն, ինչը դեռ ոչ ոք քաղաքում չի արել»,- ժպտում է Նատալյան եւ վստահեցնում, որ շուտով մոնո հայեցակարգը Հայաստանում եւս թրենդային կդառնա:
Պետք է փորձել նորը
Gouroo Club & Garden-ի տնօրեն Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այժմ Gin bar-երը մեծ տարածում ունեն աշխարհում: Հայաստանում այս միտումներն արդեն նկատելի են, սակայն նորությամբ առաջինն իրենք են ներկայանում:
Սուրեն Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մոտ տաս տարի առաջ քաղաքում խմում էին օղի եւ գարեջուր: Հետո դրանց փոխարինելու եկավ գինին, որն էլ իր հերթին ժամանակի ընթացքում սովորական դարձավ: Այժմ նորություն է անհրաժեշտ, որը կարծում եմ, ջինն է՝ իր բազմազան տեսակներով»,- նշում է նա:
Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Սուրեն Գրիգորյանը պատմում է, որ Terrace Gin bar-ում ներկայացված է շուկայում առկա ջիների գրեթե ամբողջ տեսականին: Փորձում են նաեւ հանդես գալ նոր մոտեցմամբ՝ ծանոթ տարբերակների փոխարեն հետաքրքիր տարբերակներ ներկայացնելով:
Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
«Բարում միտումնավոր չունենք այն հայտնի խմիչքները, որ միշտ ու ամեն տեղ բոլորը խմում են տարիներ շարունակ: Դրանց փոխարեն ունենք այլ առաջարկներ, որոնք չեն զիջում ճանաչված խմիչքներին եւ մարդկանց համար հետաքրքիր կլինեն: Ուզում ենք այցելուներին ասել՝ նոր բան է պետք փորձել»,- ասում է Սուրեն Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Էկո սկզբունքը ջին բարում
Ջին բարում եւս պահպանվում են Gouroo-ի Eco Bar-ի սկզբունքները, որ բացառում են շաքարավազի եւ ոչ բնական ծագման օշարակների, հյութերի օգտագործումը: Եթե կոկտեյլը քաղցրություն է պահանջում՝ օգտագործվում է գետնախնձորի օշարակ կամ մեղր: Անհրաժեշտ հյութերն ու ջեմերն էլ պատրաստվում են տեղում՝ բացառելով ոչ բնական ծագման հավելումների առկայությունը:
Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Terrace Gin Bar-ի բարմեն Արման Դավթյանը պատմում է, որ նման կերպ աշխատելն իր համար մարտահրավեր էր:
Արման Դավթյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բարմեններս սովոր ենք օգտագործել ոչ բնական ծագման օշարակներ, որ մեզ տալիս են բալանսավորված համ: Օշարակը միշտ նույն համն ունի, ու կարիք չկա ամեն անգամ կոկտեյլը պատրաստելիս փորձել այն: Մշտապես օգտագործվող նույն հումքը ձեռքի տակ չունենալը փոքր-ինչ շփոթեցնող էր, սակայն հյուրերի հետ անմիջական շփման միջոցով մարտահրավերը հեշտությամբ հաղթահարվեց»,- նշում է նա:
Անմիջական շփում հյուրերի հետ
Արման Դավթյանը միշտ բաց է այցելուների հետ շփման համար, անգամ կարող է իրավիրել բար՝ միասին կոկտեյլ պատրաստելու: Երեւանի առաջին ջին բարում աշխատելը նրա համար եւս հետաքրքիր փորձություն էր:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մատուցողներին հաճախ խնդրում եմ հաճախորդներից ճշտել՝ կոկտեյլ պատվիրելիս կոնկրետ որ տեսակի ջինն են նախընտրում: Մեր բարը հյուրերի համար նաեւ բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ջիների բազմազան ընտրանուն, դրանց հետ համադրվող բարձրակարգ տոնիկներին: Հյուրին խորհուրդ ենք տալիս՝ որն ընտրի, նոր հետաքրքիր առաջարկներ ներկայացնում: Կան նաեւ այնպիսի բարձրակարգ ջիներ, որ մաքուր տարբերակով են խմում՝ անգամ առանց սառույցի»,- մանրամասնում է բարմենը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխարհում ամենահայտնի ջինով կոկտեյլներից մեկը Նեգրոնին է, որ Արման Դավթյանի դիտարկմամբ՝ Հայաստանում եւս նախընտրելի է դարձել: Նա այս կոկտեյլը ձեւափոխում եւ այլ հետաքրքիր տարբերակներով է մատուցում հյուրերին: Այս մոտեցումը բարմենների լեզվում կոչվում է «թվիստ»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շատ կոկտեյլներ ստեղծվում են հենց հյուրի հետ շփման ընթացքում: Մեզ մոտ այդ փորձի փոխանակումը եւս առաջնային է, որի շնորհիվ էլ նոր ու չկրկնվող խառնուրդներ են ստացվում: Դասական կոկտեյլներ եւս կարող ենք մատուցել, սակայն նախընտրում ենք այցելուին առաջարկել նոր խմիչքներ: Մեզ մոտ կոկտեյլները հեղինակային են, մատուցվում են նաև ծանոթ կոկտեյլներ՝ պատրաստված յուրահատուկ ձեռագրով»,- հավելում է Արմեն Դավթյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ելնելով համավարակային իրավիճակից՝ Teracce Gin Bar-ի պաշտոնական բացումը դեռեւս չի եղել, սակայն առաջիկայում ջին բարը կներկայանա հետաքրքիր միջոցառմամբ:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: