×

Լուսանկարը՝ REUTERS

Հայկական գինիները Եվրոպայում՝ միասնական հարթակով

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը GIZ-ի հետ համատեղ աշխատում է Եվրոպայում հայկական գինիների միասնական վաճառքի հարթակի եւ լոգիստիկ պահեստի ստեղծման ուղղությամբ:

GastroVino-ն զրուցել է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանի հետ՝ պարզելու ծրագրի մանրամասները:

Ուղիղ վաճառքներ Եվրոպայում

Ծրագիրը, որի վրա աշխատում ենք, բաղկացած է 3 հիմնական մասից: Առաջինը օնլայն հարթակի ստեղծումն է, որի միջոցով ներկայացվելու են հայկական գինիները՝ Եվրոպայում ուղիղ վաճառքներ կատարելու համար:

Երկրորդ բաղադրիչը միասնական պահեստն է, որտեղ պահվելու են հարթակում ներկայացված բոլոր գինիները՝ հնարավորություն տալով արտադրողներին առավել արդյունավետ դարձնել տեղափոխման եւ պահպանման ծախսերը:

Երրորդը սպասարկման կենտրոնի առկայությունն է, այսինքն՝ հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ստանալու պարզաբանումներ, կատարելու պատվերներ:

Ծրագիրն առաջին տարում կլինի պիլոտային: Ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի, մասնակից արտադրող ընկերությունների եւ GIZ-ի կողմից: 

Որակի գնահատում

Հիմնադրամն այժմ աշխատում է նաեւ հայկական գինիների որակի գնահատման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Դա կօգնի նաեւ միասնական հարթակում ընդգրկվելիք գինիների ընտրության հարցում:

Այն գինիները, որոնք կստանան համապատասխան որակավորում, կընդգրկվեն հարթակում: Օրինակ՝ եթե մի ընկերություն արտադրում է 10 տարբեր գինիներ, սակայն որակի գնահատման նվազագույն շեմը հաղթահարել են դրանցից 3-ը, միասնական հարթակում ներկայացված կլինեն հենց այդ 3 գինիները: Նպատակն է խթանել որակյալ գինիների վաճառքը, որպեսզի սպառողները ճիշտ պատկերացում կազմեն հայկական գինու մասին:

Արամ Բաբայանը Լուսանկարը՝ GIZ


Պահեստը ծավալային առավելագույն սահմանափակում չի ունենա, իսկ նվազագույն շեմը կորոշվի քննարկումների ընթացքում:

Պահեստի տեղակայման համար այժմ դիտարկում ենք մի քանի եվրոպական երկրներ, իսկ համեմատություններ անցկացնելուց հետո կկայացնենք որոշում՝ հիմք ընդունելով այն, թե որտեղ կունենանք ամենալայն հնարավորությունները:

Լուծումներ արտադրողների խնդիրներին

Փոքր արտադրողների համար գինիների վաճառքի հիմնական խնդիրն այն է, որ նրանք արտադրանքի փոքր ծավալների պատճառով դժվարանում են գտնել համապատասխան գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն իրենց գինիները ներկրել տվյալ շուկա:

Հարթակը հնարավորություն է տալու նաեւ փոքր արտադրողներին իրականացնելու վաճառքներ՝ անկախ տվյալ երկրում ներկայացուցիչ ունենալու հանգամանքից:

Ծրագրի միջոցով կկարողանանք նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին  ուղղորդել հետագայում արդեն իրենց երկրներում հայկական գինի գնել:


Լուսանկարը՝ REUTERS



Այսօր շատ են այն զբոսաշրջիկները, որ գալով Հայաստան շատ հավանում են մեր գինիները, սակայն հետագայում չեն կարողանում գնել, քանի որ տվյալ արտադրողի հետ կապը կորչում է: Այս բացը լրացնելով՝ կօգտագործենք նաեւ զբոսաշրջիկների պոտենցիալը հայկական գինիները եվրոպական շուկայում ավելի ճանաչելի դարձնելու համար:

Իհարկե, ծրագիրը նաեւ շատ արդյունավետ է ծախսի տեսանկյունից: Ընկերություններից շատերը տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր միջոցառումների են մասնակցում՝ համտեսներ, ցուցահանդեսներ: Իրենց արտադրանքի՝ պահեստում առկայության շնորհիվ մի քանի շիշ գինի Եվրոպա ուղարկելու համար հավելյալ ծախսերի կարիք չի լինի:

Իրականացման ժամկետներ

Ծրագիրը ներկայացրել ենք արտադրողներին եւ այն հավանության է արժանացել շատերի կողմից: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում կունենանք որոշում՝ ինչ ճանապարհով ենք գնալու: Նպատակն այն է, որ 2021 թվականի սկզբից հայկական գինիներն արդեն իսկ ներկայացված լինեն միասնական հարթակով:

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին