GIZ-ը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը պետության աջակցության ծրագրերում չընդգրկված 9 միկրոձեռնարկատեր-գինեգործի եւ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջին կօգնեն հաղթահարել COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած մարտահրավերները։
GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը GastroVino-ին ասել է, որ Վայոց Ձորի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում տնայնագործ-գինեգործների հետ աշխատում են 2017թ-ից, եւ հիմնական շեշտը դրված է եղել նրանց արտադրած գինու որակի բարձրացման ու եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա։
GIZ-ի նախագծերում ներառված տնայնագործ-գինեգործներից մի քանիսի արտադրանքի իրացման հիմնական շուկան գաստրո բակերն են, որոնք եւս տուժել են համավարակից։
«Մենք համագործակցել էինք Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի (UNDP) Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի հետ, որպեսզի գաստրո բակերի տուրիստական կոնցեպտը ներդրվի մեր գինեգործների մոտ։ Տնայնագործ-գինեգործների գինին սպառվում էր գաստրո բակեր զբոսաշրջիկների այցերի արդյունքում, եւ համավարակի հետեւանքով չունենալով զբոսաշրջիկներ, գինեգործները կանգնել էին իրացման լուրջ խնդրի առաջ»,- պատմել է Արամ Բաբայանը՝ նշելով, որ տնայնագործների արտադրանքը մակնշված չէր, չուներ պիտակ եւ բրենդ, ինչը թույլ չէր տալիս դրանք շուկա դուրս բերել։
Աջակցության ծրագրում ընդգրկված գինեգործների եւ քոլեջի սաների արտադրած գինիների համար անհատական բրենդ եւ պիտակ կմշակվի, ինչը հնարավորություն կընձեռի դրանք շշալցնել եւ իրացնել տեղական ու միջազգային շուկաներում։
«Ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարելիս մի շարք գործոններ ենք հաշվի առել։ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը գինիների փակ համտես է կազմակերպել, որի արդյունքում մասնագետները գնահատել են գինիները, ապա ընտրել ենք այն արտադրանքը, որը պատրաստ է շշալցման եւ իրացման։ Ընտրությունը կատարելիս հաշվի ենք առել այն հանգամանքը, թե ինչքանով են տնայնագործ-գինեգործները մասնակցել մեր դասընթացներին եւ ինչպիսի ակտիվությամբ։ Հաշվի ենք առել նաեւ նրանց մոտ գինու արտադրությամբ զբաղվելու ներուժի առկայությունը»,- ասել է Արամ Բաբայանը։
Նա նշել է, որ մասնակիցներից յուրաքանչյուրի հետ դիզայներական ընկերությունը անհատական աշխատանք է կատարելու եւ մի քանի տարբերակ է մշակվելու, որից հետո արտադրողն ընտրելու է իր համար լավագույն տարբերակը։ Նախատեսվում է բրենդավորման աշխատանքներն ավարտել մինչեւ 2021 թվականը։
«Գինիների անվանումները եւ բրենդը պետք է գրանցվեն Մտավոր սեփականության գործակալությունում, ինչը մի քանի ամիս է պահանջում։ Այդ գործընթացի ավարտից հետո արդեն գինեգործները կարող են սկսել արտադրանքի շշալցումը։ Հետագայում մեր երկարաժամկետ նպատակը կլինի աջակցել արտադրանքը շուկա դուրս բերելու հարցում»,- ասել է Արամ Բաբայանը։
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: