«Կուրը» շարունակում է հայկական գինու հազարամյա ճամփորդությունը։ Այս անգամ ուղղությունը ոչ թե Եփրատով դեպի Բաբելոն է, ինչպես լինում էր դարեր առաջ, այլ Հայաստանի պատմական այն վայրեր, որոնք զբոսաշրջային քարտեզի վրա առանձնահատուկ նշում չունեն։
«Բացահայտել Հայաստանը գինու միջոցով» նոր նախաձեռնության 6 հոգանոց խումբն այցելում է պատմական վայրեր, փնտրում ու գտնում գինեգործությանը վերաբերող հիշատակումներ։
Ճամփորդական խմբի մասնակիցներից մեկը՝ «Կուր» գինիների մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Սիմոնյանը, GastroVino-ին պատմել է նախաձեռնության ու գինու միջոցով աշխարհին Հայաստանի գրավչությունը բացահայտելու նպատակի մասին։
«Բացահայտել Հայաստանը գինու միջոցով»
Շատերին է հայտնի, որ հենց Հայաստանում՝ Արենիի քարանձավներում են գտել գինու մասին ամենահին վկայությունները։ Գինու բնօրրան համարվող մեր երկրում, իրականում, բազմաթիվ այլ ապացույցներ եւս կան, որոնք հաստատում են, որ խաղողագործությունն ու գինու արտադրությունը դարեր շարունակ Հայաստանում առաջնային են համարվել։ Վանական համալիրների պատերին խաղողի, նռան զարդաքանդակները այցելուներին հուշում են, որ դրանք ունեցել են խաղողի այգիներ ու գինու սեփական արտադրություն։
Մարիամ Սիմոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բացահայտել Հայաստանը գինու միջոցով» ծրագիրը սկսել ենք իրականացնել հունիսի սկզբին, առաջին վայրը, ուր այցելեցինք, Թեղենյաց վանքն է։ Հետո սկսեցինք ճամփորդել ըստ մարզերի։ Վերջին այցը Տավուշի մարզ էր, որտեղ ամեն քայլափոխի բացահայտեցինք հուշարձաններ, որոնք այդքան էլ հայտնի չեն։
Այցերի ընթացքում սկսեցինք նկատել հետաքրքիր մասնիկներ, որոնց նախկինում ուշադրություն չէինք դարձնում։ Անհնար է չնկատել, որ խաղողագործությունն ու գինեգործությունը շատ մեծ դեր են ունեցել մեր մշակույթում եւ կենցաղում։
Լուսանկարը՝ Koor
Մենք ճանապարհորդում ենք «Կուր» գինու հետ միասին, քանի որ նպատակ ունենք ցույց տալու, որ գինին ճամփորդությունների լավագույն ընկերն է։ Եվ նրանք, ովքեր պատրաստվում են որեւէ հետաքրքիր վայր այցելել, կարող են իրենց հետ վերցնել գինի ու ամեն ինչ ավելի գունեղ դարձնել։
Այցերից հետո մեր Facebook-ի եւ Instagram-ի էջերում հրապարակում ենք լուսանկարներ, պատմում այդ վայրերի մասին։ Նպատակն ավելի շատ Հայաստանը տեսանելի դարձնելն ու այն աշխարհին յուրահատուկ կողմից ներկայացնելն է։
Որեւէ վայր այցելելուց առաջ փորձում ենք հավաստի աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ գտնել։
Մարիամ Սիմոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երբ երկիրն ու գինին ներկայացնում են միմյանց
«Կուր» գինիները ստեղծվել են աշխարհին Հայաստանի դարավոր մշակույթն ու գինեգործությունը ներկայացնելու համար, եւ «Բացահայտել Հայաստանը գինու միջոցով» ծրագրի գաղափարն էլ շատ ավելի վաղ ենք ունեցել։
Լուսանկարը՝ Koor
Այս ծրագրի կարեւոր կետերից մեկը կրթական բաղադրիչն է։ Մեր արշավը տուրիստական ճամփորդություններից տարբերվում է նրանով, որ միշտ փորձում ենք գինեգործության վերաբերյալ տեղեկությունը վեր հանել, ներկայացնել ոչ միայն պատմական կոթողներ, այլեւ պատմել ու ցույց տալ հայկական բնաշխարհին հատուկ խաղողի հին տեսակներ։
«Կուրը» ճանապարհորդություն է
«Կուր» գինին արտադրելիս՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակային ստանդարտներին։ Ամեն կերպ փորձում ենք գինեսերներին հասցնել բարձրորակ արտադրանք, այնպես անել, որ գինին խոսի իր մասին ու պատվով ներկայացնի մեր երկիրը։ Մեր խնդիրը ոչ միայն սեփական գինին առաջ տանելն է, այլ ամբողջ երկրի մշակույթը։
Լուսանկարը՝ Koor
«Բացահայտել Հայաստանը գինու միջոցով» ծրագիրը կլինի ամառվա բոլոր ամիսներին եւ հնարավորինս շատ տեղեկություն կհաղորդենք մեր հետեւորդներին Հայաստանի մասին, նաեւ կհուշենք, թե ուր այցելել։ Մեր ճանապարհորդությունների ուղղությունը կշարունակվի, որովհետեւ «Կուրը», իսկապես, ճանապարհորդություն է, ու մենք մնում ենք հավատարիմ մեր առաքելությանը, իսկ առաջիկայում հետեւորդներին խոստանում նոր անակնկալներ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Կուր» գինիների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: