×

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նախարարն ու գինեգործները քննարկել են վարկավորման ծրագրերը

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության եւ գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի եւ Տիգրան Գաբրիելյանի հետ։ 

Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի եւ ծիրանի կոլեկցիոն եւ ցուցադրական այգիներում։

Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձնահատկությունների եւ համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: 

Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ 

Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները:


Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Քննարկվել են առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները եւ հնարավոր լուծումները։ 

«Այս տարի խաղողի առատ բերք է սպասվում: Կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավասարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչեւ տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նա նաեւ նշել է, որ այս տարի կտրամադրվի նաեւ լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով:


Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին եւ փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն եւ ցուցադրական, ինչպես նաեւ  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարեւորությունը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին