Ամերիկյան The Dealy Beast պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված հայկական կոնյակի ավանդույթների, հյուրասիրության մշակույթի եւ Հայաստանի կոնյակի գործարանի մասին: Հատկանշական է, որ հոդվածի վերնագրում՝ Armenian Cognac Might Be the Booze World's Best Secret, օգտագործվել է «կոնյակ» եւ ոչ թե «բրենդի» բառը:
Հոդվածի հեղինակ Բենջամին Քեմփերը չի թաքցնում իր հիացմունքը եւ գովեստի խոսքեր է շռայլում ինչպես լեգենդար Արարատ կոնյակն արտադրող Երեւանի կոնյակի գործարանի, այնպես էլ հայերի հասցեին:
Ներկայացնում ենք մի քանի հատված հոդվածից:
Երբ «Զվարթնոց» օդանավակայանից նստում եք 201 համարի ավտոբուսը եւ ուղեւորվում Երեւան, քաղաքին մոտենալու մասին ազդարարող առաջին նշանը բլրի վրա կառուցված բարձր կամարներով, քարե երեսպատվածքով հոյակերտ շենքն է, որտեղից դեպի Հրազդան գետի ափ են «իջնում» կոկիկ սիզամարգերը: «Հայաստանի խորհրդարանի շենքն է կամ վարչապետի նստավայրը»,- կմտածեք դուք: Բայց այցելուներին հեռվից եւ մոտիկից ողջունող այս հիանալի, փառահեղ շենքը Երեւանի կոնյակի գործարանն է:
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Արեւմուտքում կոնյակը եւ բրենդին ասոցացվում են ֆրանսիական ամրոցների եւ եվրոպական ազնվականության հետ: Այնուամենայնիվ, հարցրեք Խորհրդային Միությունում մեծացած որեւէ մեկին, թե լավ կոնյակ ասելիս որ երկիրն է մտքով անցնում, եւ պատասխանը, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանը: Նույնիսկ այսօր, շատ արեւելյան եվրոպացիների եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչների համար հայկական կոնյակը շարունակում է ընկալվել որպես ոսկե չափանիշ:
Հայաստանը հայտնի է օտարերկրացիներին ցուցաբերած շռայլ հյուրընկալությամբ: Հայկական մի ասացվածքի համաձայն, յուրաքանչյուր հյուր Աստծո կողմից ուղարկված պարգեւ է: Ամեն անգամ, երբ ես հայերի հետ միասին սեղան էի նստում, ընթրիքի ավարտին կոնյակի շիշը գրեթե միշտ հայտնվում էր սեղանին: Համտեսելով Արարատի 10 տարվա հնեցման կոնյակը, հանկարծ մի միտք ծագեց. ուսումնասիրել, թե ինչով է առանձնանում հայկական կոնյակը, եւ ինչու այդպիսի «աստղային» արտադրանքն ավելի լայն տարածում չունի:
Հունաստանի նախագահը Երեւանի կոնյակի գործարանում | Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Շրջայցի ընթացքում ինձ ուղեկցեցին դեպի մի սենյակ, որտեղ փակցված էին գործարան այցելած ավելի քան 30 նախագահների լուսանկարները: Ապա բացվեց հսկայական մետաղյա դուռը, եւ մենք մուտք գործեցինք տաճարի նման մի սենյակ, որտեղ միմյանց հաջորդող արժեքավոր շշերը լցված էին պատմությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: