×

«Օշական» հնեցված գինու պիտակը

Խորհրդային Հայաստանում բացահայտված խերեսային խմորիչն ու գինիները

Խորհրդային Հայաստանում գինեգործության ավանդույթները «սպանելու» վերաբերյալ մասնագետների կարծիքին զուգահեռ՝ կա մեկ այլ իրականություն եւս, որի մասին, սակայն, գրեթե չի հիշատակվում։ Խորհրդային միության երկրներից շատերում եւ այդ թվում՝ Հայաստանում, նոր մոտեցմամբ արտադրվում էր իսպանական Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում ծնունդ առած Jerez տեսակի գինին։ Կա վարկած, որ խերեսային գինին միութենական երկրներից հենց Հայաստանն է առաջինն արտադրել։ Այս գինիները մեծ համբավ էին վայելում եւ այսօր արդեն համարվում են վինտաժային։

Հայաստանում բացահայտված խմորիչը

Առաջին անգամ Խորհրդային միության գիտնականները իսպանական խերես տեսակի խմորիչը հետազոտեցին 1930թ․-ին եւ ընտրեցին արտադրության համար ամենահարմարը։ Այդ ժամանակ աշխարհում առավել տարածված էին քաղցր գինիները։ 

Մեկ տարի անց գինեգործության եւ խաղողագործության ոլորտի գիտնականներ Պրոստոսերդովը եւ Աֆրիկյանը Հայաստանում հերմետիկ չփակված տակառներում՝ գինու մակերեսին հայտնաբերեցին փառ, որը, ինչպես պարզվեց, խերեսային խմորիչ էր եւ նույնական էր իսպանականի հետ։ Այս խմորիչին գիտնականները տվեցին «Sacch. cheresiensis armeniensis» անունը, եւ այդպես առաջին անգամ ապացուցվեց, որ խերեսային խմորիչներ լինում են նաեւ այլ երկրների գինիներում։


Խորհրդային միություն խերեսային գինիները

Խորհրդային միությունում լավագույն խերեսային գինիներն արտադրվում էին Ղրիմում, հայտնի էին «Մասսանդրա», «Դիոնիս», «Մագարաչ» գինիները։ Մեծ համբավ ունեին նաեւ Մոլդովայի, Հայաստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի խերեսային գինիները։  

Առաջին հայկական խերեսային գինիները

Հայաստանում արտադրված խերեսային տեսակի առաջին գինին «Աշտարակն» էր։ Այն ուներ 20% թնդություն եւ 3% շաքարայնություն, բոված ընկույզի համ եւ վառ արտահայտված խերեսային նրբերանգ։ Պատրաստվում էր խաղողի տեղական տեսակներից եւ հնեցվում 3 տարի։ 


«Աշտարակ» խերեսային գինու պիտակը

Աշտարակի գինու գործարանի մյուս՝ չոր խերեսային գինին «Բյուրականն» էր՝ պատրաստված տեղական խաղողից, 15-15.5% թնդությամբ ու 3% շաքարայնությամբ։ Այս գինին հնեցվում էր 1,5 տարի։ 

«Ոսկեվազ» գինին պատրաստվում էր միայն Ոսկեհատ խաղողի տեսակից։ Խերեսային երանգով (սաթի գույն) այս գինու հնացման ժամկետը 2 տարի էր։ 

Աշտարակի գինու գործարանի համբավը

ՀՍՍՀ գինեգործական ձեռնարկություններից հայտնի էր Աշխատարակի գինու գործարանը, որն Օշական գյուղում էր գտնվում եւ ուներ բաժանմունքներ Աշտարակում եւ Ոսկեվազում։ Այս գործարանը հիմնվել էր 1932-ին։ Գործարանի շենքը կառուցվել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծմամբ՝ նարնջագույն տուֆից։ 


Աշտարակի գինու գործարանի շենքը Լուսանկարը՝ risraelyan.com

Գինեգործական ժամանակակից տեխնիկայով եւ 10 հազար տոննա խաղողի վերամշակման կարողությունով այս գործարանը հիմնականում վերամշակում էր Ոսկեհատ (Խարջի) եւ Ճիլար տեսակների խաղող։ Գործարանի բարձորակ «Աշտարակ», «Օշական», «Բյուրական» եւ «Ոսկեվազ» գինիները միջազգային եւ միութենական համտեսներում ու ցուցահանդեսներում շահել էին 10 մեդալ (3 ոսկե, 7 արծաթե)։ 

Ռաֆայել Իսրայելյանի նախագծած շենքը, ցավոք, մոտ 10 տարի է՝ սեփականատերերի սնանկացման հետեւանքով գինու արտադրության համար չի ծառայում։ Ինչ վերաբերում է խերեսային գինիներին, ապա դրանց արտադրությամբ Հայաստանում այլեւս չեն զբաղվում։

Ռուս գրողն ու հայկական խերեսային գինին

Հայաստանում արտադրված խերես գինու վերաբերյալ ռուս արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ Իլյա Էրենբուրգի մասին իր հուշերում հիշատակել է գրականագետ, գրող Գուրգեն Հովնանը՝ պատմելով, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ռուս գրողը ցանկացել է այցելել խերեսի գործարան. 

«ճանապարհին, զրույցի ժամանակ, նա ասաց, թե ինքը զարմացած է, որ ոմանք կոնյակը խմում են ինչպես գինի, մինչդեռ ընդունված է կոնյակը խմել ճաշից հետո, սուրճի ժամանակ:

-Սովորության հարց է,- ասացի ես:

-Թանկարժեք սովորություն է, - ասաց նա: 

Խերեսի գործարանում էրենբուրգն ավելի աշխուժացավ: Նա ճաշակեց խերեսի խաղողը եւ երկար զրույց ունեցավ գործարանի գլխավոր վարպետի հետ: 

-Խերես գինի ես խմել եմ Իսպանիայում, հիշում եմ՝ այն հաճելի դառնություն ուներ, իսկ սա հաճելի քաղցրություն: 

-Դա խաղողի քաղցրությունից է, -ասաց վարպետը: 

- Շատ լավ է, որ Հայաստանում պատրաստում եք «Խերես», սա մեծ պահանջ ու լայն ճանաչում կունենա»:

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին