Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ալկոհոլային խմիչքների սպառման մեջ զգալիորեն ավելացել է գինու մասնաբաժինը: Մեկ շնչի հաշվով գինու սպառումը 2019 թվականին կազմել է 3.5 լիտր:
Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ասել է, որ այս ցուցանիշի բարձրացմանը նպաստում է վերջին տարիներին երկրում գինու մշակույթի զարգացումը:
«Այսօր արդեն տեղական արտադրանքն՝ իր որակական եւ համային հատկանիշներով, կարող է մրցել միջազգային շուկայում գինեգործության ոլորտում բարձր համբավ ունեցող այլ երկրների արտադրանքի հետ»,- ասել է Զարուհի Մուրադյանը: Նա նշել է, որ Հայաստանում վաճառվող մեկ շիշ գինու միջին արժեքը 3500 դրամ է:
Երեւանում գործում է գինու ավելի քան 30 մասնագիտացված սրահ, որտեղ այցելուների մեծ մասը, ըստ Զարուհի Մուրադյանի ներկայացրած հետազոտության, նախընտրում է տեղական արտադրության գինի:
Գինու սպառողները՝ ըստ տարիքային խմբի եւ զբաղվածության
Հայաստանում գինու սպառողների 71,4%-ը կանայք են, 28,6%-ը՝ տղամարդիկ:
Սպառողների 83,4%-ն աշխատում է:
Լուսանկարը՝ Van Ardi
Գինու սպառման 39,7%-ը 26-35 տարիքային խումբն է:
Հետազոտության համաձայն՝ 29,2%-ը գինի խմում է ամսական 1-2 անգամ, 25,3%-ը՝ 4-5 անգամ, 25,2%-ը՝ միայն առիթներին, 17,2%-ը՝ շաբաթական 2-3 անգամ, իսկ 3,2%-ը գինի խմում է ամեն օր:
Գինու սպառումը՝ ըստ արտադրող երկրի եւ տեսակի
Հայաստանյան գինեսերների 70% նախընտրում է հայկական արտադրության գինի, այնուհետեւ՝ ֆրանսիական եւ իտալական:
Բացարձակ առաջատարը կարմիր գինին է, այն նախընտրում է հարցվածների 80 %-ը:
Լուսանկարը՝ Wine Republic
Գինեսերների մեծ մասը նախընտրում է խմել չոր գինի, որիրն հետեւում են կիսաչորը եւ կիսաքաղցրը, շատ փոքր հատված էլ նախընտրությունը տալիս է քաղցր գինուն:
Հետազոտության մասնակիցները հայտնել են, որ 82,1% դեպքերում գինի գնում են սուպերմարկետներից, 49,3% դեպքերում՝ ալկոհոլային խմիչքի մասնագիտացված խանութներից, իսկ 7,3% դեպքերում՝ առցանց:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: