×

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Zara Wines` Արենիի երեք երանգները

Zara Wines-ը մարտի 23-ին գինեսերներին ներկայացրել է երեք նոր գինի. շնորհանդես-համտեսը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, անցկացվել է անվտանգ՝ առցանց տարբերակով։

Գինեսերները հնարավորություն են ունեցել նախապես ձեռք բերել նոր գինիները եւ, In Vino գինու ակումբից հեռարձակված ուղիղ եթերում, Zara wines-ի հիմնադիր-տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ համտեսել ու կիսվել տպավորություններով: Գինեգործը նաեւ հետաքրքիր նրբություններ է ներկայացրել գինու համտեսի վերաբերյալ։

Երեք տարբեր գինի՝ նույն խաղողի սորտից

Զարուհի Մուրադյանը պատմել է, որ գինի պատրաստելու առաջին փորձն արել է 2012 թվականին։ 


Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երբ սկսեցի զբաղվել գինու արտադրությամբ, հիմնականում օգտագործում էի խաղողի այն տեսակները, որոնք չէին օգտագործում մյուս արտադրողները։ Հետաքրքիր էր հասկանալ գինեգործության մեջ այդ տեսակների ներուժը։ Այս անգամ փորձեցի աշխատել էնդեմիկ սորտերի հետ։ Շատերն են գինի պատրաստում Արենի տեսակի խաղողից, հետաքրքիր էր, թե ինձ մոտ ինչպես կստացվի»,- ասել է Զարուհի Մուրադյանը։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Zara Wines Areni երեք նոր գինիները նույն՝ Արենի տեսակի խաղողից են, բայց արդյունքը մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր է ստացվել։

Առցանց համտեսը սկսվել է վարդագույն կիսաչոր գինուց, որը պատրաստվել է Աղավնաձորի Սեւ Արենի տեսակի՝ հատուկ մշակում անցած խաղողից։ Գինեգործը նշել է, որ վարդագույնը բնական կիսաչոր գինի է, ունի նուրբ հատապտղային բույրեր։ 

Կարմիր չհնեցված (կլասիկ) գինին հատուկ ընտրված խաղողից է եւ ընպելուց հետո երկար պահպանվող հաճելի համ ունի. 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Բերքն այնպես ենք մշակել, որ հողից խաղողին անցնեն հնարավորինս շատ արժեքավոր նյութեր, ունենանք գինու որակյալ հումք։ Կիսաչոր, պարզ, փայլուն գինի է՝ Արենիին բնորոշ ռուբինի գույնի։ Այն ունի համեմունքային եւ հատապտղային համեր, հատկապես արտահայտված են սեւ հաղարջն ու բալը։ Քանի որ մեր բնակիլիմայական պայմանները թույլ են տալիս ունենալ բարձր շաքարայնության խաղող՝ այս դեպքում ուշ ենք բերքահավաք արել, արդյունքում ստացել ենք մարմնեղ, հետաքրքիր կառուցվածքով գինի»:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Զարուհի Մուրադյանի համար Zara Wines Areni շարքից «ամենաներդաշնակն ու ամենասիրելին» կարմիր հնեցվածն (ռեզերվ) է։ 

«Շատ հայկական գինի է։ Պատրաստվել է հայկական էնդեմիկ սորտից, գինեգործական շրջանում, մոտավորապես մեկ տարի հնեցվել է հայկական տակառներում։ Սեւ Արենի խաղողից պատրաստված գինին հարուստ է այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններով ու հայկական տակառի բույրերով։ Ինձ դուր է գալիս, որ տակառը չի ճնշում խաղողի բույրերը»,- ասել է գինեգործը եւ նշել, որ այս գինուց արտադրվել է ընդամենը 3000 շիշ։ 


Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Զարուհի Մուրադյանը, ով նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենն է, առցանց համտեսի վերջում նշել է․ «Դժվարությամբ եմ խոսում իմ արտադրած գինիների մասին, որովհետեւ ներկայացնում եմ ամբողջ Հայաստանի գինեգործությունը, բոլոր գինի արտադրողներին։ Ունեմ շատ սիրելի արտադողներ, որոնք բարձրորակ գինիներ են պատրաստում։ Ուրախ եմ, որ կարող եմ Հայաստանը ներկայացնել նաեւ իմ որակյալ գինիներով։ Ունենք մեծ ներուժ, վստահ եմ, որ հայկական գինին աշխարհին կներկայացնենք որպես բարձրորակ ու բարձրարժեք»։

Անի Խչոյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին