×

Դավիթ Հովհաննիսյանը

Բարմենները սովորեցնում են տանը կոկտեյլ պատրաստել

Ցանկացած դատարկ տարա, շերեփ կամ երկար գդալ, խանութից ձեռքբերված մթերքներ ու ալկոհոլ. այն ամենն, ինչ պետք է տանը կոկտեյլներ պատրաստելու եւ բարային մթնոլորտը վերհիշելու համար։ Բարմենները վստահեցնում են՝ կարանտինը լավ առիթ է զարգացնելու տանը կոկտեյլներ պատրաստելու մշակույթը: 

Վերջին օրերին նրանցից շատերը սոցիալական ցանցերում կիսվել են իրենց պատրաստած տեսանյութերով, որտեղ քայլ առ քայլ բացատրում են՝ ինչ է հարկավոր սիրելի կոկտեյլներն ինքնուրույն պատրաստելու եւ տնեցիներով վայելելու համար։ Թե ինչպես են սկսել տեսանյութերը նկարել ու ինչպես են անցկացրել կարատինը, մեզ հետ զրույցում պատմում եմ բարմենները։ 

Դավիթ Հովհաննիսյան 

Դեռ համալսարանում սովորելու տարիներից էին կուրսեցիներս հարցնում՝ եթե տանն այսինչ խմիչքն ունեն, ի՞նչ կարող են պատրաստել։ Վերջին տարիներին էլ շատերը եթե ինչ-որ կոկտեյլ էին հավանում, խնդրում էին՝ սովորեցնեմ, թե ինչպես ինքնուրույն սարքեն։ Քանի որ կարանտինի պատճառով բոլորը տանն էին, վերջապես որոշեցի սովորեցնել։ 

Տանը ոչ բոլորը շատ խմիչքներ ու հատուկ բաղադրիչներ ունեն, այդ պատճառով ընտրել եմ այն կոկտեյլները, որոնք հեշտ են պատրաստվում։ Երեք տեսանյութ եմ նկարել, առաջինում բալի մուրաբայով Gin & Tonic եմ պատրաստում։ Սրա բաղադրիչները հեշտ է ձեռք բերել խանութներից, հեշտ է նաեւ սարքելը, քանի որ հենց մատուցվող բաժակում է պատրաստվում. բավականին հայտնի ու սիրված կոկտեյլ է։ 

Ընդամենն անհրաժեշտ է մեկ գդալ, որը կարելի է նաեւ փոխարինել երկար ձողով կամ սուշիի փայտիկով. պետք է խառնել բաժակի պարունակությունն ու առանց ձողիկ վայելել։ Պարտադիր չէ նաեւ հենց բալի մուրաբա օգտագործել, ցանկացած մուրաբա կամ նույնիսկ ջեմ կարելի է ավելացնել։ 


Դավիթ Հովհաննիսյանը

Այս ընթացքում երեք տեսանյութ եմ հրապարակել, դրանք իմ աշխատավայրում եմ նկարել։ Քանի որ հեշտ եմ աշխատում տեսախցիկի հետ, մեկ-երկու փորձից ստացվել է։ Կարծում եմ՝ ցանկացած ուսուցողական նյութ կարեւոր է՝ անկախ քո մասնագիտությունից ու ծավալած գործունեությունից։ Օրինակ, կարանտինային օրերին հաճախ խոհարարական տեսանյութեր եմ նայել ու փորձել ինքնուրույն պատրաստել։

Վահան Չինո Սարգսյան

Երբ տանն էի ու դուրս գալու տարբերակ չունեի, ստիպված շատ ժամանակ էի անցկացնում համացանցում, արդյունքում՝ ճանաչում էի մի շարք ոլորտների ներկայացուցիչների, որոնք իրենց մասնագիտական հմտություններն էին ցույց տալիս տան պայմաններում՝ DJ-ները տանը նվագում էին, խոհարարները՝ պատրաստում... Նկատեցի նաեւ արտասահմանում գտնվող մի քանի բարմենների, որոնք տանը կոկտեյլներ էին պատրաստում ու հրապարակում, այդպես ես էլ սկսեցի կիսվել իմ բաղադրատոմսերով։ 

Կարանտինի ընթացքում չորս տեսանյութ եմ նկարել: Առաջինում պատրաստում եմ Bloody Mary կոկտեյլը, որտեղ օգտագործում եմ իմ արտադրած Chinos ապրանքանիշի լոլիկի հյութը։ Այս տեսանյութից հետո լոլիկի հյութի պահանջարկը մեծացավ, հասկացա, որ մարդիկ նայել են ու փորձել ինքնուրույն պատրաստել։ 


Վահան Չինո Սարգսյանը

Շատերն են հարցնում՝ եթե տանը չունեն հատուկ գործիքներ, ինչպե՞ս պատրաստեն: Մենք այլընտրանքային տարբերակներ ենք առաջարկում. եթե չունեք շեյքեր, կարելի է հերմետիկ փակվող տարա օգտագործել, բայց պետք չէ շատ ուժեղ թափահարել: 

Տեսահոլովակը նկարելու առաջին փորձերը շատ վատ են անցել (ծիծաղում է-հեղ.)։ Մի քանի անգամ տեսախցիկն է ընկել, նույնիսկ կոտրել եմ բջջային հեռախոսս. լավ է՝ առաջին նյութն ուղիղ հեռարձակում չէր: Երբ հմտացա, սկսեցի «լայվ» նկարել։ Առաջին տեսանյութից հետո տեղափոխվել եմ գրասենյակիս խոհանոց (կրկին տնային պայմաններում, որովհետեւ սեփական տուն է), քանի որ սկզբում մի բացթողում էի արել. տանը փոքրիկ երեխա ունենք, նրա ձայներն ու շարժը նկատվում էին, իսկ ես տեսանյութում ալկոհոլի հետ եմ աշխատում։ 

Էդգար Սարդարյան

Ես նախկին բարմեն եմ, վերջին հինգ տարին ոլորտում այլ գործով եմ զբաղվում, բարմեն աշխատել եմ 12 տարի։ Կարելի է ասել՝ պարապությունից արած քայլ էր: Կատակով ասում եմ, որ կարանտինը լավ առիթ էր վերադառնալու «փոշոտ անցյալիս»։ Սա առաջին փորձն էր, տեսախցիկի հետ աշխատելու առանձնապես սեր չունեմ։ Ընկերներս զարմացել էին, երբ տեսել էին այս տեսանյութը. ինձնից նման բան չէին սպասում: Երկու տեսանյութ եմ նկարել՝ Canchanchara եւ Ararat Apricot Lemonade։

Canchanchara կոկտեյլը պատրաստելիս միտումնավոր շեյքեր չեմ օգտագործել, այլ ձիթապտղի տարայով եմ թափահարել: Խմիչքը չափել եմ սովորական օղու բաժակով, նաեւ շերեփ եմ օգտագործել։

Տեսանյութ անելու հիմնական նպատակն է ցույց տալ, որ պետք է զրո բարային գործիք եւ հեշտ հասանելի բաղադրիչներ՝ թարմ քամած լայմի հյութ, մեղրի օշարակ (ընդամենը մեղրը տաք ջրի հետ եփում կամ խառնում ես) ու յոթ տարեկան Havana Club, որն իմ ամենասիրած խմիչքն է. այս ամենը կարելի է խանութից գնել։ 


Էդգար Սարդարյանը

Հայաստանում տանը կոկտեյլներ պատրաստելու մշակույթը զրոյական մակարդակի վրա է։ Սա ժամանցի առումով բավականին կարեւոր է. շատերը չեն գիտակցում, որ տանը հեշտությամբ կարող են կոկտեյլներ պատրաստել ու խնջույքներ անել, կամ պարզապես տան անդամներով խմել։ Մարդիկ տանը հիմնականում խմում են գարեջուր, գինի կամ, օրինակ, վիսկի, բայց շատ խմիչքների դեպքում ընդամենը մեկ բաղադրիչ ավելացնելով՝ կարելի է մի հետաքրքիր բան ստանալ, որը ե՛ւ ավելի համով կլինի, ե՛ւ ավելի մեծ հաճույքով կվայելես: 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին