×

Զորիկ Ղարիբյանը Լուսանկարը՝ Zorah

Zorah-ի անշտապ հաջողություններն ու սպասվող նոր գինին

Exotic Wine Travel-ը կրկին անդրադարձել է Հայաստանին՝ այս անգամ զրույցի հրավիրելով Zorah-ի հիմնադիրներ Զորիկ Ղարիբյանին եւ Երազ Թոմասիանսին։ Ապրիլի 29-ին Facebook-ի ուղիղ հեռարձակման միջոցով Exotic Wine Travel հարթակի հազարավոր հետեւորդների համար Zorah-ի հիմնադիրները պատմել են իրենց գինիների ու Հայաստանի գինեգործության մասին։ 

Exotic Wine Travel-ի հիմնադիրներ Շերին Թանը եւ Մեթյու Հորքին 2016-ին լույս տեսած Uncorking the Caucasus: Wines from Turkey, Armenia, and Georgia գրքի հեղինակներն են, նրանք տարիներ առաջ այցելել էին Հայաստան, ծանոթացել էին տարածաշրջանի գինիներին ու տպավորվել եզակի սորտերով։

***

Exotic Wine Travel-ի հեղինակները զրույցի ընթացքում խոստովանեցին, որ Զորիկն ու Երազն իրենց ամենասիրելի գինեգործներից են աշխարհում, նշեցին, որ լավ ծանոթ Zorah-ի արտադրանքին ու շատ են հավանում դրանց եզակի բույրերը։ 

Զորիկը պատմությունը սկսեց 2000 թվականից. Հայաստանում նրանք առաջիններից էին, որ հավատացին երկրի ներուժին ու որոշեցին տեղական սորտերով գինի արտադրել։ «Այն ժամանակ ոչ ոք չէր խոսում Հայաստանի տեղական սորտերից, մենք Արենիից սկսեցինք։ Մարդիկ ծիծաղում էին, երբ տեղական սորտերով էինք հետաքրքրվում, մինչդեռ ես հավատում էի, որ կարող եմ բարձր որակի գինի արտադրել՝ ընտրելով մեր տեղականն ու հենց սկզբից գինիները հնեցնելով կարասներում»,- պատմել է Զորիկը։ 

Արենիի սորտերով տարբեր փորձարկումներ կատարելու արդյունքում 2006-ից սկսել են այգիները տնկել, 2010-ին բերքահավաքն են արել, իսկ շուկայում հայտնվել են 2012-ից։ «Ես չեմ սիրում արագ գործել. «Զորահ» նախագծի ցանկացած գինի պետք է 100%-ից ավելի լինի, այդ պատճառով էլ նախագծի ստեղծումից 20 տարի անց մենք ունենք ընդամենը երեք տեսակի գինի, չորրորդն էլ ճանապարհին է։ Ամեն տարի փորձարկումներ ենք անում ու տարբեր սորտերով ենք աշխատում, խառնածին սորտեր չենք ներառում։

Բնույթով պերֆեկցիոնիստ եմ. «Զորահ» նախագծում ոչինչ շտապ չի արվում, երբեւէ ճնշում չենք գործադրում, մենք հիանալիորեն ադապտացվում ենք Վայոց Ձորի կլիմային, ռիթմին...»,- ասել է Զորիկը։ 

***

Շերինը եւ Մեթյուն զրույցի ընթացքում հիշեցրին, որ հայկական Zorah Karasi Areni Noir գինին 2012-ին ներառվել էր Bloomberg-ի տասը լավագույն գինիների ցանկում ու խնդրեցին Zorah-ի հիմնադիրներին կիսվել իրենց հաջողության պատմությունով։

«Միջազգային հարթակում դա Zorah-ի համար առաջին ճանաչումն էր, գաղտնիքը պարզ եւ երկարաժամկետ տեսլական ունենալն է, նաեւ պետք է բծախնդիր եւ համառ լինել աշխատանքում, հավատալ այն ամենին, ինչ անում ես»,- ասել է Զորիկը։ 

Zorah-ի հիմնադիրները նաեւ ընդգծեցին, որ աշխարհի գինեգործության ոլորտում Հայաստանը գովազդի մեծ կարիք ունի, այդ պատճառով նրանք փորձում են բոլոր հնարավոր հարթակներում ներկա լինել, ճամփորդությունների վրա չեն խնայում ոչ ժամանակ, ոչ գումար։ 


Զորիկ Ղարիբյանը Լուսանկարը՝ Zorah

«Հատկապես գինու աշխարհում որակն է հաջողության գրավականը։ Գինու որակը պետք է շատ բարձր լինի, հենց վստահ ես քո արտադրանքի վրա, պետք է աշխարհով մեկ ճամփորդես ու ներկայացնես այն տարբեր հարթակներում։ Հատկապես Zorah-ի դեպքում նման կերպ պետք է վարվեինք, որովհետեւ երբ սկսում էինք ներկայանալ աշխարհին, ոչ ոք չգիտեր Հայաստանի մասին։ Բարեբախտաբար, հիմա ոլորտը զարգացել է Հայաստանում, շատերը տեղյակ են մեր գինիներից, Արենին արդեն աշխարհի քարտեզում է հայտնվել։ Այս ոգով պետք է շարունակենք աշխատանքը եւ համառորեն մնանք նույն ուղու վրա»,- պատմել են Զորիկն ու Երազը։ 

***

Շերինի հարցին, թե Արենին աշխարհի հայտնի գինիներից ո՞ր սորտին է նման, Զորիկը պատասխանեց՝ համեմատություններ անել չի սիրում, որովհետեւ Արենին իր ուրույն տեղն է գրավում աշխարհում։ 

«Ապացուցված է, որ Արենին 100 տոկոսանոց հայկական է, այն ոչ մի սորտի նման չէ։ Մենք շատ բախտավոր ենք, որ Արենի ունենք Վայոց Ձորում։ Վերջերս Վայոց Ձոր շատերն են գալիս եւ ցանկանում ներդրում անել, այդ պատճառով խնդրում եմ՝ հարգեն այս մարզը եւ պատվաստումներ չանեն։ 

Վայոց Ձորն աշխարհում կարող է այն եզակի վայրերից մեկը համարվել, որն ունի դարավոր պատմություն, տարատեսակ սորտեր, գինու ազգային հնեցման հատուկ մեթոդ եւ ամենակարեւորը՝ չունի ֆիլոքսերա։ Եթե մտնում եք Վայոց Ձոր, հիշեք, որ մենք ժառանգել ենք այս եզակի վայրն ու պետք է փոխանցենք այն հաջորդ սերունդներին: Ֆիլոքսերայից զերծ նման տարածքը պատվաստելու դեպքում մեծանում է հիվանդություն տարածելու հավանականությունը։ Եթե պատվաստումն անհրաժեշտ եք համարում ձեր բիզնեսի համար, ընտրեք Հայաստանի մյուս հիասքանչ վայրերը»,- Զորիկն եւ Երազը այս կոչով են ավարտում զրույցը։

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին