Աշխարհում եւ Հայաստանում COVID-19 համավարակի տարածումն ու դրանից բխող տնտեսական հետեւանքները որոշակի խնդիրների առաջ են կանգնեցնելու Հայաստանի գինեգործության եւ կոնյակագործության ոլորտը։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը GastroVino-ի հետ զրույցում ներկայացրել է հնարավոր խնդիրներն ու մատնանշել լուծման տարբերակները։
Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը, Ավագ Հարությունյանի խոսքով, անհետեւանք մնալ չի կարող, քանի որ արտահանման շուկայի 80 տոկոսը Ռուսաստանն է, իսկ պայմանագրերի հիմնական մասը կնքված են ռուբլով։
«Այստեղ արդեն մենք մոտ 30 տոկոսի վնաս ենք կրում, եթե ռուսական ռուբլով վճարումները հիմա կատարեն։ Ինչ վերաբերում է Եվրոպային եւ Ամերիկային, վճարումների հետ կապված խնդիր չկա, բայց բեռնափոխադրումները կանգ են առել, անհայտ է, թե բեռնատարները երբ կհասնեն»,- ասել է Ավագ Հարությունյանը։
Նա նկատել է, որ եթե կոնյակի սպառման 95 տոկոսն արտահանումն է, ապա գինու մոտ 70 տոկոսը Հայաստանում է սպառվում։
«Հիմա տեղական սպառումը կտրուկ նվազել է, որովհետեւ ռեստորանները փակ են, խանութները նոր խմբաքանակ չեն վերցնում։ Գինու տուրիզմը նույնպես կանգ է առել»,- ասել է Ավագ Հարությունյանը։
Անդրադառնալով գինու եւ կոնյակի արտադրությանը՝ նա ասել է, որ դրան որեւէ վտանգ չի սպառնում, որովհետեւ գինու արտադրության ցիկլը բոլոր գործարաններում ավարտվել է այս տարվա փետրվար ամսին, իսկ մյուս արտադրանքի փուլը կսկսի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Կոնյակի սպիրտը նույնպես գործարանները հիմնականում թորել են։
«Պահեստավորման հետ կապված եւս այս պահին խնդիր չկա, բոլոր գինեգործարաններն ունեն անհրաժեշտ պայմանները։ Մինչեւ մայիս ամիսը կլիմայական պայմանները բարենպաստ են, բայց եթե ճգնաժամը հասնի հուլիս-օգոստոս, պահպանման հետ կապված խնդիրներ կունենանք»,- ասել է նա։
Ավագ Հարությունյանն ասել է, որ խնդիր կա վճարումների եւ վաճառքի առումով։
«Այստեղ պետք է, որ կառավարությունը ներքին ֆակտորինգը դարձնի պարտադիր, կամ սուբսիդավորի վարկերի տոկոսները, բանկերին լրացուցիչ վարկ տա ներքին ֆակտորինգի համար։ Շատ կարեւոր է դրամական հոսքերի ապահովումը»,- ասել է Ավագ Հարությունյանը։
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: