×

Riedel-ի գավաթներ` հատուկ Արենի գինու համար

Արդեն մեկ տարի է, ինչ Արենի գինին կարելի է ավելի ճիշտ ըմպել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ աշխարհահռչակ Riedel գինու գավաթներ արտադրող ընկերությունը մշակել է հատուկ բաժակ Արենի գինու տեսակի համար։ Հատուկ Արենի տեսակի խաղողից պատրաստված գինու համար Riedel գավաթները վաճառվում են «Նոյան տապան» խմիչքների խանութներում, ուստի եթե դեռ Ամանորի նվեր չեք գնել, կարող եք դիտարկել որպես տարբերակ:

Նույն գինու տեսակը տարբեր համ ունի՝ տարբեր բաժակներով ըմպելիս. հավատացնում է աշխարհում ամենախոշոր գինու գավաթներ արտադրող Riedel ընկերությունը, որն իր տեսականու 2018 թվականից ավելացրել Արենի գինու գավաթը:

Riedel-ի գավաթները, ըստ գինու տեսակի, ստեղծվում են խաղողի սորտի առանձնահատկություններն ընդգծելու համար։ Արենի սորտի համար ընտրվել է այս կակաչի տեսք ունեցող գավաթը, որով մատուցվելիս գինին պահպանում եւ փոխանցում է Արենիի համային յուրահատկությունները:


Հայաստանից մի խումբ փորձագետներ մեկնել էին Ավստրիայի Քուվշթայն քաղաք՝ Riedel ընկերության հետ համատեղ ընտրելու Արենի գավաթը: Եռօրյա այցի ժամանակ մասնագետներին ներկայացվել էին նախապես մշակված 11 տարբերակներ, որոնք տարբերվում էին իրենց կառուցվածքով, տրամագծով, ձեւով: Փորձարկվել էին հայկական գինեգործական ընկերությունների կողմից ստեղծված Արենի գինիները, ընկերությունների ներկայացուցիչները նաեւ մասնակցել են գավաթի ընտրությանը: Կանգ էին առել երեք տարբերակի վրա, որից հետո էլ ընտրվել էր կակաչի դիզայնով գավաթը:

300-ամյա պատմություն ունեցող ընկերությունում Riedel ընտանիքի արդեն 10-րդ սերունդն է արտադրում հատուկ գավաթները: Աշխարհում Riedel-ի մշակած գավաթներով են մատուցում մի շարք ճանաչված սորտեր, ինչպիսիք են՝ Պինո Նուար, Շարդոնե, Սիրա: Ընկերությունը գավաթներ ստեղծելիս շեշտը չի դնում դրա գեղեցկության վրա. նրանց համար կարեւոր է, որ բաժակը առավելագույն կերպով փոխանցի գինու առանձնահատկությունը: Գավաթները մշակվում են գինեգործների հետ համագործակցության արդյունքում։


Բացի այն, որ Արենի գինին ճիշտ կմատուցվի, այն նաեւ իր ճանաչելիությունը կմեծացնի ամբողջ աշխարհով, քանի որ Riedel ընկերության բաժակների տուփերի վրա մակնշվում են բոլոր այն սորտերը, որոնց համար Riedel-ը գավաթ ունի: Այսինքն՝ անկախ նրանից տուփի մեջ Արենիի բաժակն է լինելու, թե՝ ոչ, տուփի վրա լինելու է նաեւ Արենի սորտի մակնիշը:


Արենիի գավաթի դիզայնն այնպես է արված, որ գինին հատուկ ձեւով տարածվի լեզվի վրա: Ըմպելիս առաջին կումը զգում ենք ոչ թե ամբողջ բերանում, այլ լեզվի ծայրին, որն էլ ցանկալի է մի քանի վայրկյան պահել բերանում եւ հետո կուլ տալ։ Այն լեզվի մեջտեղի հատվածին չի հասնում, լեզվի ծայրը կլորանում է եւ պարունակությունը գնում է կոկորդ. գաղտնիքը գավաթի եզրերի մեջ է:


Նախաձեռնությունը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ «Նոյան Տուն» ընկերության համագործակցության շնորհիվ է իրականացվել, աջակցել է նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագիրը:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարների՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին