×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Rikars Wine. տոսկանական փորձ եւ հայկական սիրտ

Հայ-իտալական Rikars Wine գինեգործարանը ներկայացրել է իտալական տեխնոլոգիայով եւ «հայկական սրտով» «Davit» ու «Arag» բնական գինիները։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

2017թ․-ին հիմնադրված գինեգործարանի կարմիր չոր գինիները հայկական Արենի խաղողի տեսակից են՝ խմորված ու հնեցված կավե կարասում եւ արցախյան կաղնեփայտե տակառում։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինեգործարանի ասիստենտ-գինեգործ Սիլվա Աթոյանը նոյեմբերի 28-ին՝ գինիների շնորհանդեսի ժամանակ, GastroVino-ին պատմել է, որ իրենք որեւէ քիմիական հավելում չեն օգտագործում։ 

«Փորձել ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները։ Երկու գինին էլ պատրաստվում են նույն Արենի տեսակի խաղողից, պարզապես հնեցումն է տարբեր, հետեւաբար՝ համային ու հոտային հատկանիշները նույնպես տարբեր են։ «Arag» գինին հնեցվում է հին հայկական ավանդական մեթոդով՝ կավե կարասների մեջ, «Davit»-ը՝ արցախյան կաղնեփայտե տակառում»,- ասել է Սիլվա Աթոյանը։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինեգործարանի գլխավոր գինեգործ Ֆեդերիկո Ռենցին Տոսկանայից է, կենտրոնական Իտալիայում շուրջ 20 գինեգործարանների, այդ թվում՝ Rikars Wine-ի համահիմնադիր Ռիկարդո Գալիարդի՝ Իտալիայում գործող գինեգործարանի խորհրդատուն է։  

Ուսումնասիրելով հայկական գինեգործության ավանդույթները, Ֆեդերիկո Ռենցին որոշել է գալ Հայաստան ու ծանոթանալ հայկական արտադրանքին։ Գինիները համտեսելուց հետո՝ ընտրությունը կանգ է առել Արենի տեսակի վրա։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երբ Տոսկանայից եկա Հայաստան եւ ուսումնասիրեցի հայկական գինեգործության ավանդույթները, հայտնաբերեցի, թե ինչքան շատ ու հետաքրքիր խաղողի տեսակներ ունեք։ Հասկացա, որ հենց հայկական խաղողի տեսակի հետ եմ ուզում աշխատել, եւ ոչ թե տոսկանական խաղող բերել Հայաստան։ Այսպիսով՝ սա հայկական գինի է՝ ստեղծված տոսկանական փորձով։ Մեր բնական գինիների պատրաստման տեխնոլոգիան իտալական է, խաղողը, այսինքն՝ «սիրտը»՝ հայկական։ Ես միշտ ասում եմ, որ պարզապես իմ հմտություններն եմ կիրառում, բայց գինին ես չեմ ստեղծում, այն ստեղծում են արեւն ու հողը, այնպես որ մեր գինիների ստեղծողը հայկական արեւն եւ հողն են»,- GastroVino-ին ասել է Ֆեդերիկո Ռենցին։ 


Ֆեդերիկո Ռենցին Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռիկարդո Գալիարդին եւ Արսեն Զադոյանը 15 տարվա ընկերությունից հետո են որոշել գինեգործարան հիմնել։ Արսեն Զադոյանը GastroVino-ին ասել է, որ սա ընկերական-ընտանեկան բիզնես է։ 


Ռիկարդո Գալիարդին, Ֆեդերիկո Ռենցին եւ Արսեն Զադոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այժմ խաղողը մթերում ենք ֆերմերներից, բայց մեր այգիներն ենք հիմնում։ Հավանաբար, երեք տարուց արդեն կսկսենք մեր այգիների խաղողն օգտագործել»,- ասել է Արսեն Զադոյանը՝ հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են «Հաղթանակ» տեսակի խաղողի գինի արտադրել։ 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին