×

Դարել Ջոզեֆը Լուսանկարը՝ Դարել Ջոզեֆի արխիվից

Ամերիկացի քննադատը Կորեայում ներկայացրել է հայկական գինին

Ավստրիայում բնակվող ամերիկացի լրագրող, գինու քննադատ, դասախոս Դարել Ջոզեֆն 2019 թվականի օգոստոսին հայկական 8 գինի է ներկայացրել Հարավային Կորեայում անցկացված վարպետության դասին, որին մասնակցել են 40 փորձագետներ։  

GastroVino-ն Դարել Ջոզեֆի հետ զրուցել է հայկական գինիների, վարպետության դասի եւ մասնակիցների արձագանքի մասին։

- Ինչպե՞ս բացահայտեցիք հայկական գինիները։

- Առաջին անգամ հայկական գինիների հետ ինձ ծանոթացրեց Էդուարդ Բինդերը՝ Գերմանիայում կայացած ProWein գինու տոնավաճառի ժամանակ։ Էդուարդ դասավանդում էր Երեւանում եւ հաճախ էր այցելում Հայաստան։ Մենք ծանոթացել էինք Արեւելյան Եվրոպայում գինետուրերի եւ մրցումների ժամանակ, ու նա համոզված էր, որ հետաքրքրված կլինեմ ճանաչել հայկական գինիները, հատկապես, որ արդեն աշխատում էի վրացական գինիների հետ։

- Իսկ ինչպե՞ս որոշեցիք Ասիայի գինու կոնֆերանսում ներկայացնել հայկական գինիները։

- 2018թ․-ին Ասիայի գինու փառատոնին ներկայացրել էի Վրաստանի քվեվրի (կարասներում հնացված-Մեդիամաքս) գինիները, եւ դրանք մեծ ոգեւորությամբ ընդունվեցին մասնակիցների շրջանում (մեծ մասը գինեգործության մասնագետներ էին Ասիայից, ոմանք՝ նաեւ Եվրոպայից)։ Մտածեցի, որ հետաքրքիր կլինի այս տարվա համաժողովին հայկական գինիները ներկայացնել, հատկապես, որ Հայաստանը՝ Վրաստանի նման, Կովկասի տարածաշրջանի երկիր է ու, ինչպես գիտենք՝ գինու օրրան։

Լուսանկարը՝ Դարել Ջոզեֆի արխիվից


Քանի որ արդեն եղել էի Հայաստանում եւ ծանոթացել գինիներին ու տեղական խաղողի տեսակներին, համոզված էի, որ գիտաժողովի մասնակիցները շատ կցանկանային իմանալ այդպիսի հատկանշական գինիներն ու համտեսել դրանք առաջին անգամ:

- Ի՞նչ գինիներ էիք ընտրել կոնֆերանսում ներկայացնելու համար եւ ինչո՞ւ հենց դրանք։

- Ընտրել էի հետեւյալ 8 գինիները.

Malahi (White) 2018 - Maran Winery,

Malahi (Red) 2018 - Maran Winery,

Voskevaz (White Dry) 2018 - Voskevaz Wine Cellar,

Haghtanak (Karasi Collection) 2016 - Voskevaz Wine Cellar,

NOA (White) 2017 - NOA (Noah of Areni) winery,

NOA (Noah of Areni) Winery - NOA Reserve-Limited Edition 2015:

Voskeni (White)2017 - Van Sevan LLC /Voskeni Wines,

Voskeni (Red) 2016 - Van Sevan LLC /Voskeni Wines:

Լուսանկարը՝ Դարել Ջոզեֆի արխիվից


Այս բոլոր գինիները պատրաստված են հայկական բնիկ խաղողի տեսակներից: Թեեւ մեծ մասը մեկ տեսակի խաղողի գինիներ են, բայց մի մասը խառնուրդներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են հայկական խաղողի տեսակները գեղեցիկ զուգակցվել միջազգային խաղողի հետ եւ դառնալ միանգամայն գրավիչ։

Այս ամենից երեկում է, թե որքան բազմատեսակ եւ տարբերվող են հայկական գինիներն այսօր։

Լուսանկարը՝ Դարել Ջոզեֆի արխիվից


- Ինչպիսի՞ն էր կոնֆերանսի մասնակիցների արձագանքը։

- Չափազանց դրական էր։ Մասնակիցներին խնդրել էի ասել՝ ի՞նչն են հավանել եւ ինչը՝ ոչ, ի՞նչ կարծիքներ եւ մտքեր ունեն։ Իսկապես հաճելի էր լսել բազմաթիվ դրական մեկնաբանություններ. ընդհանուր առմամբ՝ գինիները մեծապես առանձնանում էին իրենց «բնավորությամբ», բարձր որակով, էկզոտիկ ծագմամբ եւ շատ լավ համով։

- Ոո՞նք են հայկական գինիների առանձնահատկությունները եւ որքա՞ն ճանաչված կարող են լինել դրանք աշխարհում։

- Սա չափազանց ընդհանուր հարց է, քանի որ միայն մեկ տեսակի գինին այնքան շատ առանձնահատկություններ ունի: Պարզ պատասխան տալ հնարավոր չէ. յուրաքանչյուր գինին առանձնահատուկ է։

Կարեւոր է, որ մարդիկ սկսեն ճանաչել Հայաստանի գինիները,ծանոթանան խաղողի տեսակներին եւ սովորեն դրանց յուրահատկությունները։ 

Լուսանկարը՝ Դարել Ջոզեֆի արխիվից


Դա ժամանակ եւ ջանքեր է պահանջում, նախ եւ առաջ Հայաստանի գինեգործական կազմակերպություններից, որոնք պետք է երկարաժամկետ մարքեթինգային քայլեր իրականացնեն, որպեսզի աշխարհը ճանաչի հայկական գինին։

Դարել Ջոզեֆի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին