×

Լուսանկարը՝ Armenia Wine

Միջազգային մրցույթում հայկական կոնյակի հաղթանակի գաղտնիքը

Շաբաթներ առաջ հայտնի դարձան International Wine & Spirit Competition-ի դափնեկիրների անունները, որոնց թվում համաշխարհային հայտնի բրենդերի կողքին արծաթե մեդալների է արժանացել նաև «Արմենիա Վայն» ընկերությունը։ Երեք, հինգ և յոթ տարեկան կոնյակների հաջողության գաղտինքը բացահայտում է ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվիե Շապտը։

Բարձր գնահատական՝ համաշխարհային փորձագետներից

50 տարվա պատմություն ունեցող International Wine & Spirit Competition-ն ամեն տարի հյուրընկալում է կոնյակագործության ու գինեգործության համաշխարհային ընկերությունների, որոնց արտադրանքը օրեր շարունակ գնահատում են ոլորտի 400-ից ավելի համաշխարհային փորձագետներ շուրջ 30 երկրներից: Մրցույթի նպատակն է պարգևատրել գերազանցությունը գինու և ալկոհոլային խմիչքների ոլորտում՝ խրախուսելով որակյալ արտադրանքի ճանաչումն աշխարհով մեկ։ 

«Արմենիա Վայն» ընկերության կողմից պատրաստված կոնյակն արժանացել է 3 արծաթե մեդալների։ Գործարանի 3 և 5 տարեկան կոնյակները ստացել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93, և առաջնային դիրք գրավել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մրցակիցների ցանկում։ Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված է չէ հայկական շուկայում, ընկերությունը նախատեսում է այն ներկայացնել տեղական և միջազգային շուկա մյուս տարվա սկզբում:

«Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է ընկերության կոնյակագործ Օլիվիե Շապտը։


Լուսանկարը՝ Armenia Wine

Նա հավելում է, որ թեև նման հաղթանակրներն անչափ ուրախացնող են, սակայն միևնույն ժամանակ չափազանց պարտավորեցնող։ Փորձագետը վստահեցնում է, որ ընկերությունը նոր բարձրունքներ է գրավելու՝ Հայաստանի անունը հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում։ 

Հայկականի ու ֆրանսիականի միախառնում

Ըստ մրցույթի կանոնների՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը պետք է լինի գերազանց խմիչք՝ բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ։ Այն պետք է նկատելիորեն առանձնանա մրցակիցներից։


Լուսանկարը՝ Armenia Wine

«Արմենիա Վայնի» կոնյակի՝ ահա այս չափանիշներին համապատասխանության գաղտնիքը կոնյակագործ Օլիվիե Շապտը կապում է մի քանի առանցքային գործոնների հետ։ Առաջին հերթին դրանք են Հայաստանի հողը, կլիման, խաղողի սորտը, որ յուրահատուկ համային նրբերանգներ ու բույր են տալիս խմիչքին։ Այս ամենին գումարվում է փորձագետի՝ խմիչքների պատրաստման միջազգային փորձն ու տարիների աշխատանքի հետ ձեռք բերած գիտելիքը։ 

Նա ընդգծում է այն, որ կոնյակները պատրաստվում են ֆրանիսական տեխնոլոգիայով՝ նորագույն սարքավորումների կիրառմամբ, որոնցով հագեցած է «Արմենիա Վայն» ընկերության գործարանը։ Հատկապես կարևոր դեր ունի թորման արտադրամասը, որտեղ տեղադրված են գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներ։ 


Լուսանկարը՝ Armenia Wine

Գրավիչ երիտասարդների համար 

«Լավորակ կոնյակ պատրաստելու համար մեզ ժամանակ է պետք, տարիներ պետք է անցնեն։ Կոնյակը հնեցնում ենք բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնու փայտից, որ լավագույններից է աշխարհում։ Տարբեր տարիքի կոնյակներն, իհարկե, ունեն տարբեր համահոտային առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե փորձենք ավելի երիտասարդ կոնյակ, կզգաք թարմ կաղնու փայտի բույր։ Այն թարմություն և քաղցրություն ունի։ Ինչքան երկար է հնեցվում կոնյակը, այնքան բարդանում է և ձեռք բերում նոր նրբերանգներ»,- պատմում է ֆրանսիացի կոնյակագործը։

Նա հավելում է, որ «Արմենիա Վայնի» 3-ամյա կոնյակը հատկապես սիրելի է երիտասարդների շրջանում, քանի որ դրա թեթևությունը հեշտացնում է համտեսը՝ դարձնելով կոնյակը երեկույթների խմիչք։ 


Լուսանկարը՝ Armenia Wine

Ճանապարհորդություն բուրմունքի աշխարհով

«Լավագույն պահն, իհարկե, կոնյակը փորձելն է։ Պետք է վերցնել գավաթն ու բույրը զգալ՝ գնահատելով այս որակը։ Երկրորդ անգամ բուրմունքն առնելիս արդեն սկսում ես ճանապարհորդել կոնյակի բույրի նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։ 

Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները`Armenia Wine 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին