×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աշտարակում նշեցին գինեգործների «Նոր տարին»

Գինեգործական շրջանի մեկնարկը տրված է։ Այս տարի առաջին անգամ գինեսերները այն տոնեցին «Ոսկեհատ» գինու փառատոնով, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում։

Փառատոնային շքերթ

Գինեգործական շրջանի մեկնարկը մասնագիտական շրջապատում գինեգործների «Նոր տարի» են կոչում։ Գինեսերների համար այս տարի այն նշանավորվեց «Ոսկեհատ» գինու փառատոնով։ Հյուրերն ականատես դարձան խաղողի օրհնության արարողությանը, որից հետո ոսկեհատը մամլեցին ու քաղցուն լցրին խորհրդանշական տակառիկը։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը խաղողահյութով լի տակառը փոխանցեց Արցախի խաղողագործների եւ գինեգործների միության նախագահ Գրիգորի Ավետիսյանին, ում ջանքերով սեպտեմբերի 21-ին Արցախի Տող գյուղում պետք է տեղի ունենա հաջորդ գինու փառատոնը։ 


Զարուհի Մուրադյանը եւ Գրիգորի Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Խմորումը կիրականացնեն արդեն Արցախում, հետո տակառիկը կփոխանցեն «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանին՝ հոկտեմբերի 5-ին կազմակերպելու «Արենի» գինու փառատոնը։

«Հաջորդ տարի այս օրը կբացենք տակառիկն ու կվայելենք փառատոնի գինին։ Հետո նոր քաղցու կլցնենք եւ տակառիկը նորից կճանապարհենք դեպի Արցախ»,- ասում է Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ քաղցուի փոխանցման խորհուրդը նման միջոցառումների շարունակականությունն է։ Նա ցանկանում է, որ գինին այս կերպ փառաբանվի բոլոր այն շրջաններում, որտեղ գինի է պատրաստվում։ 

Առավել քան մրցունակ

Սանկտ Պետերբուրգից ժամանած զբոսաշրջիկ Մարինան Հայաստանում իր երկրորդ օրն է անցկացնում։ Հայկական գինի առաջին անգամ է փորձում, բայց շատ է հավանում։

«Սիրում եմ հատկապես կարմիր չոր գինի։ Կարծում եմ, հայկական գինին մոտ է ֆրանսիականին։ Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում խաղողի այգիները հին են, ինչն էլ գինուն խորություն է տալիս»,- կարծում է նա։ 


Ռուս զբոսաշրջիկ Մարինան Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այն գինին, որը փորձեցի այստեղ, միանշանակ կարող է մարտահրավեր նետել աշխարհի ցանկացած գինու»,- իր ելույթում նշում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Կայուն զարգացման գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը։

«Կարծում եմ, որ հայկական գինին հրաշալի է։ Շատ եմ ճանապարհորդել՝ ինչպես ընտանիքիս հետ, այնպես էլ աշխատանքի բերումով, եւ պարտավոր եմ ասել՝ հայկական գինին լիարժեքորեն կարող է համեմատվել Իտալիայի, Իսպանիայի, Կալիֆոռնիայի գինիների հետ»,- մանրամասնում է նա GastroVino-ի հետ զրույցում։ 


Լայլա Էնդրյուս Բաշանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ժամանցային բազմազանություն

Փառատոնի անցկացման համար ընտրվել էր Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ընդարձակ տարածքը, որտեղ առանձնացված գոտիներով կարելի էր տեսնել գինեգործարանների, Արագածոտնի մարզի համայնքների ներկայացուցիչների, ռեստորանների եւ այլ տաղավարներ, որ հյուրերին առաջարկում էին համային բազմապիսի նրբերանգներ։ Կարելի էր նաեւ անցնել կավագործության, գորգագործության եւ այլ վարպետաց դասեր, ինչպես նաեւ ձիով շրջայց կատարել։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Օշական գյուղի բնակիչ Վերա Զաքարյանը, որ ավելի հայտնի է որպես «գյուղի տատիկ», փառատոնի մասնակիցներին սիրով հյուրասիրում էր իր պատրաստած մթերքները՝ բալի, սեւ խաղողի եւ քիշմիշի գինի, ավանդական չրեր եւ աղցաններ։ 

«Հյուրերի կողմից ամենաշատը սիրվեց լոլիկի չրով աղցանը։ Պատրաստել եմ սեփական բաղադրատոմսով։ Այն Հայաստանում հենց այդպես էլ հայտնի է՝ Վերայի աղցան։ Չոր պոմիդորը թրջում եւ համեմում եմ տարբեր բաղադրիչներով ու ստանում հրաշալի աղցան»,- պատմում է Վերա տատիկը ու շտապում աղցանն ու բալի գինին առաջարկել տաղավարի մոտ կանգնած ռուս զբոսաշրջիկներին։ 


Վերա Զաքարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երաժշտական ծրագիրը եւս բազմազան էր․ սկզբում ժողովրդական, հետո հայկական էթնո, իսկ վերջում պարային երաժշտություն՝ համապատասխան գինովցած տրամադրությանը։

Թեեւ նախատեսվում էր տոնախմբությունը շարունակել մինչեւ կեսգիշեր, սակայն եղանակային պայմանները դա թույլ չտվեցին։ Սկզբում անձրեւը չէր խանգարում հյուրերին շարունակել ուրախությունը, սակայն ի վերջո ամպրոպն ու կայծակը վճռեցին՝ տուն գնալու ժամանակն է։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին