Հայաստանում պարբերաբար իրականացվող գինու փառատոների շարքին կավելանա եւս մեկը՝ «Ոսկեհատ» փառատոնը, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում։
Փառատոնի իրականացնող Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը GastroVino-ին պատմել է միջոցառման նպատակների եւ այցելուներին սպասվող անակնկալների մասին։
Տարածաշրջանի ընտրությունը
Միջոցառումն առաջին անգամ անցկացվում է Արագածոտնի մարզում՝ նպատակ ունենալով տարածաշրջանը ճանաչելի դարձնել որպես գինեգործական շրջան։
Աշտարակից 6 կմ հեռավորության վրա գտնվող Ագարակ համայնքում իրականացված պեղումների շնորհիվ հայտնաբերվել են գինու մեծաքանակ ժայռափոր հնձաններ, որոնք փաստում են տարածաշրջանի վաղեմի գինեգործական ավանդույթների մասին։ Արագածոտնի մարզը հետաքրքիր է թե՛ որպես գինեգործական տարածաշրջան, թե՛ խաղողի սորտային բազմազանությամբ, թե՛ բնակլիմայական պայմաններով եւ գինիների արտադրությամբ։
Փառատոնին մասնակցելու են 26 գինեգործական ընկերություններ։ Հիմնական շեշտադրումը կատարել ենք տարածաշրջանի գինեգործարաններին ներգրավելու վրա, սակայն հարթակ ենք տրամադրել նաեւ այլ ընկերությունների։ Իրենց գինիները կներկայացնեն նաեւ տնայնագործներն ու տարածաշրջանի տարբեր համայնքներում գործող գաստրո բակերը։
Ինչու «Ոսկեհատ»
Ոսկեհատ խաղողի սորտը ծագումով Արագածոտնի մարզից է, հետո տարածվել է դեպի Վայոց Ձոր։ Այն էնդեմիկ հայկական սորտերից է, որն այժմ մեծ պահանջարկ ունի։ Ոսկեհատից պատրաստված սպիտակ գինին շատ լավ սպառվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Փառատոնի նպատակներից է գինեսերներին ծանոթացնել այս գինու հետ, բարձրացնել սորտի ճանաչելիությունը՝ այդ կերպ նպաստելով նոր այգիների տնկմանը։
Թեեւ միջոցառման հիմնական շեշտադրումն արված է հենց ոսկեհատից պատրաստված գինիների վրա, սակայն արտադրողները կներկայանան նաեւ այլ տեսականիով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ժամանց եւ անակնկալներ
Նախատեսում ենք ունենալ գինու թեմայի շուրջ հետաքրքիր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու գինեգործարաններում շրջայցերի, գինու համտեսի վարպետության դասերի։ Տնայնագործ արտադրողներին եւս սպասվում են անակնկալներ։
Քանի որ ընտանիքները հաճախ գալիս են երեխաների հետ, եւ սովորաբար նման միջոցառումների ընթացքում երեխաները ձանձրանում են, նախապատրաստել ենք հատուկ մանկական ծրագիր՝ առանձնացված գոտում։
Փառատոնի տարածքում կանցկացվեն հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր՝ կավագործություն, տիկնիկագործություն, գորգագործություն։ Կլինի նաեւ ցուցահանդես-վաճառք, որում կներկայացվեն տարածաշրջանի անապահով ընտանիքների ձեռագործ աշխատանքները։
Ունենալու ենք նաեւ հայկական խոհանոցի ուտեստներ՝ Հայաստանի լավագույն ռեստորաններից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ազգային, էթնո եւ ակումբային երաժշտություն
Միջոցառումը կսկսվի խաղողի օրհնության արարողությամբ՝ դրանով ազդարարելով գինեգործական շրջանի մեկնարկը։ Երաժշտական ծրագրի առաջին մասում կհնչեն ժողովրդական երգեր, կլինեն պարային կատարումներ, որոնցից մեկում պարի միջոցով փորձ կարվի ներկայացնել գինու պատրաստման տեխնոլոգիան։
Երաժշտական ծրագրի երկրորդ մասում կհնչի էթնո ոճի երաժշտություն, մեր հատուկ հյուրն է Վիգեն Հովսեփյանը։ Իսկ երեկոյան կլինի ավելի ակտիվ, պարային երաժշտություն՝ Արամ MP3-ի կատարմամբ։
Գինու մասնագիտացված գավաթներ
Այս անգամ հատուկ ձեռք ենք բերել Riedel մասնագիտացված գինու գավաթներ, քանի որ կարեւորում ենք այն, որ գինին մատուցվի պրոֆեսիոնալ բաժակներով։ Ցավոք, չկարողացանք ձեռք բերել Riedel-ի Արենի գինու գավաթը, որովհետեւ այն բավականին բարձր ինքնարժեք ունի, իսկ մենք չենք ցանկանում բարձր գնով ճնշել մեր հյուրերին։ Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար գտանք ընտրել ընդհանուր սորտի գինու գավաթներ։
Գավաթի գինը կլինի 3500 դրամ, որով այցելուն կստանա անսահմանափակ գինի խմելու հնարավորություն՝ ներկայացված բոլոր 26 գինեգործարաններից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դեպի փառատոն
Փառատոնին ակնկալում ենք նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք։ Նախապես պատրաստել ենք տեղեկատվական թռուցիկներ եւ տրամադրել տարբեր զբոսաշրջային օպերատորների։ Քանի որ միջոցառումը մեկնարկում է ժամը 17։00-ից, զբոսաշրջիկները կարող են օրվա ընթացքում այցելել տարբեր պատմամշակութային վայրեր, իսկ երեկոյան մասնակից դառնալ փառատոնին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ժամը 16։00-ից Երեւանից կգործի անվճար ուղեւորափոխադրում դեպի Աշտարակ։ Ընտրել ենք ոչ թե մեծ ավտոբուսներ, այլ միկրոավտոբուսներ, որպեսզի դրանք շարժվեն ուղեւորներով համալրվելուն պես։ Վերադարձը կկազմակերպվի ժամը 22։00-ից սկսած, իսկ միջոցառումը կավարտվի կեսգիշերին։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: