Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում նոր սրճարան է բացվել։ Անսովոր անուն ունի՝ «DOC Therapy Bar»։ GastroVino-ն որոշեց պարզել՝ ինչպե՞ս կարելի է ներսում թերապիա անցնել։
«DOC»-ը՝ «DOCtor»-ի հապավումն է
Բայց հիվանդանոցի կամ էլ բժշկական կենտրոնի հետ սրճարանը ոչ մի կապ չունի։ Ներսում գուցե բժիշկներ էլ լինեն, բայց միայն այցելուների շրջանում։ Այստեղ DOC-ի՝ բժշկի առաքելությունը սուրճն է իրականացնում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Սուրճ խմելը մեր առօրյայի անբաժան մասն է։ Հայերը ցանկացած խնդրի պարագայում դիմում են սուրճի օգնությանը։ Օրինակ՝ «վայ, գլուխս ցավում է, սու՞րճ», «նյարդայնացած եմ, սուրճ է պետք», «հոգնած եմ, սուրճ խմեմ՝ ուշքի գամ» արտահայտությունները մեզ համար լրիվ սովորական են», - սրճարանի անվան որոշումն է մեկնաբանում «DOC»-ի տնօրեն Վալերի Բաղդագուլյանը։
Վալերի Բաղդագուլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինտերիերը չափազանց սրճարանային է։ Երաժշտությունը ցածր է, սեղանները ոչ մեծ՝ հարմար թե գործնական, թե անձնական հանդիպումների համար։
Սպիտակ, մոխրագույն, տեղ-տեղ կանաչ երանգներն ու փայտն է գերիշխում երկհարկանի սրճարանի ինտերիերում, որի երկրորդ հարկը դեռ չի բացվել։
Սուրճ պատրաստելը բարդ արվեստ է
Մինչ սրճարանի բացումը Իտալիայից Երեւան են հրավիրել սուրճի մասնագետի, որը սուրճ մշակել եւ պատրաստել է սովորեցրել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ամեն սուրճ բովման իր ջերմաստիճանն ունի, եւ բովելուց հետո էլ ժամանակ է պետք, որ այն մնա, «հանգստանա», որոշ յուղեր դուրս գան, որոշները պահպանվեն եւ հետո նոր կարելի է սուրճը աղալ», - բացատրում է Վալերին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանում սուրճի երկու մասնագետ կա՝ Աշոտն ու Աղասը։ Նրանք տիրապետում են սուրճի բովման, պահպանման բոլոր մանրամասներին, գիտեն եփման ճիշտ ջերմաստիճանն ու մատուցման մշակույթը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում լավ սուրճը խնդիր է
Սուրճի իտալացի մասնագետի՝ Լեանդրոյի գալուց հետո հասկացել են, որ Հայաստանում լավ սուրճերը քիչ են, հաճախ խախտվում են պահպանման ժամկետներն ու կարգը, շատ դեպքերում սուրճի տեսակի անվանումները չեն համապատասխանում բովանդակությանը։ Հենց այդ պատճառով էլ որոշել են սրճարանում մատուցվող սուրճը ներկրել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ներկրում ենք 10 երկրից՝ Վենեսուելայից մինչեւ Կոլումբիա։ Կանաչ հատիկները բովվում են այստեղ, մշակվում, պահպանվում, բերվում համապատասխան վիճակի, ինչից հետո սկսվում է կիրառվել սուրճի եփման ընթացքում։ Ոչ մի սուրճ չի կարելի բովել եւ նույն պահին աղալ», - պատմում է Վալերին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«DOC»-ը հեղինակային չորս տեսակ սուրճ ունի ճաշացանկում, որոնք տարբեր սուրճերի փունջ են: «DOC»-ը միջին խտությամբ է, «Լեանդրոն»՝ շատ թունդ, իսկ «Հարմոնիկը» ավելի մեղմ է: Կա նաեւ 100-տոկոսանոց «Արաբիկա»։
Սրճարանում նաեւ մեր սիրելի «hայկական» սուրճը կա, որը պատրաստվում է ավազի վրա։
Սուրճից բացի
Ըստ սրճարանի տնօրենի, թեեւ սրճարանը Հյուսիսային պողոտայում է, բայց գներն այստեղ մատչելի են։ Սուրճ խմելուց բացի, այստեղ կարող եք նախաճաշել, ճաշել, հրուշակեղեն համտեսել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գնային քաղաքականությունը որոշելիս ելնում էինք նրանից, որ ուզում ենք սուրճի մշակույթը զարգացնել, եւ սա ավելի կարեւոր է, քան բիզնեսի արագ աճը։ Թեեւ շեշտադրումը սուրճի վրա է, 13 տեսակի աղանդեր ունենք, որոնք տեղում պատրաստում է մեր հրուշակագործը։ Կերակրատեսակների ցանկն էլ լայն է՝ սթեյքեր, պաստաներ, պիցցաներ», - ճաշացանկն է թերթում Վալերին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մատուցումն ու մատուցողները
«DOC»-ում շաքարամանը ձեզ դեղորայքի պնակ կարող է հիշեցնել, իսկ դարչնի օշարակը՝ դեղորայքի լուծույթի սրվակ։ Սուրճի բաժակներն էլ անսովոր ձեւաչափ ունեն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Օրինակ, էսպրեսո կամ կապուչինո պատվիրելիս, սուրճը մատուցվում է սրճաձեւ քաղցր փոքրիկ թխվածքաբլիթների եւ մեկ շերտ նարնջի հետ, իսկ բաժակն էլ առանց բռնակի է։
Մատուցողները հիմնականում երիտասարդներ են, շատերը նույնիսկ անփորձ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շատ են ուսանողները, որոնք աշխատում են ամառային արձակուրդների ընթացքում։ 14 տարի է այս ոլորտում եմ աշխատում եւ կարող եմ արձանագրել, որ եթե նախկինում երիտասարդները մատուցող չէին աշխատում՝ ամաչում էին, հիմա այդ խնդիրն այլեւս չկա։ Աշխատողներից շատերը նույնիսկ փորձ չունեն, հենց այստեղ են ձեռք բերում», - ասում է Վալերին։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: