×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պինո Նուարի եւ Արենու «կույր համտեսումը» Gouroo Club & Garden-ում

Ամիսը երկու անգամ երեքշաբթի օրերին Gouroo Club & Garden ռեստորանում գինու ակումբի օրերն են։ Գինու սիրահարները հավաքվում են սեղանների շուրջ, իսկ սոմելյեն ներկայացնում է 3-4 տեսակի գինի, որի հետ մատուցվում են համապատասխան ուտեստներ։ Սոմելյեի օգնությամբ հավաքվածները բացահայտում են գինու տեսակները, հասկանում տարբերությունները, գտնում ճիշտ համադրությունները։ Գինու ակումբի հերթական հանդիպմանը ներկա է եղել նաեւ GastroVino-ն, հետեւել ընթացքին ու պարզել միջոցառման մանրամասները։

Սոմելյե Աննա Վարլամովան ներկայացնում է այս հանդիպման թեման՝ «Կույր համտեսումը». ծածկված են գինու շշերը, որպեսզի պիտակները չմատնեն գինու տեսակը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չորս շշերում էլ կարմիր գինի է, երկուսում Պինո Նուար է, երկուսում՝ Արենի։ Սոմելյեն բացատրում է՝ երկու տեսակներն էլ նույն ընտանիքից են:

«Շատ մասնագետներ հայկական Արենին համեմատում են ֆրանսիական Պինո Նուարի հետ։ Մեր առաջադրանքն է տարբերել գինիները՝ համով, բույրով եւ գուշակել՝ որն է հայկական գինին, իսկ որը ֆրանսիականը»,- բացատրում է Աննան: Գուշակելուց հետո մասնակիցները պետք է թերթիկների վրա նշեն գինիների համային առանձնահատկությունները եւ ընտրեն վերջնական տարբերակը։ Հնչում են շատ տարբեր պատասխաններ, բույրերը նմանեցնում են իրենց արդեն ծանոթ համերի հետ:

Աննա Վարլամովան Լուսանկարը՝ Մեդիամաքս


Աննա Վարլամովան 15 տարի Ռուսաստանում սոմելյե է աշխատել, Հայաստանում ապրում է արդեն հինգ տարի: Gouroo Club & Garden-ի գինիների հանդեպ վերաբերմունքը դուր է եկել իրեն եւ սկսել է համագործակցել։ Նա է մշտապես վարում գինու ակումբները: Հաճախ նաեւ կազմակերպվում են հատուկ ընթրիքներ եւ հրավիրվում են գինեգործներ, որոնք ներկայացնում են իրենց գինիներն ու դրանց առանձնահատկությունները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս հանդիպումների նպատակն է զարգացնել գինին ուտեստների հետ համադրելու մշակույթը եւ գինիները տարբերակելու ունակությունները:

Գինու ակումբի թեմաները տարբեր են։ Մեծ պահքի շրջանում պահքային ուտեստների հետ են համատեղել գինիները։ Համեմատել են նաև ֆրանսիական, արգենտինական, վրացական, հայկական գինիներ։ Կազմակերպիչները շեշտում են՝ յուրաքանչյուր գինու հետ մատուցվող ուտեստները ոչ թե հիմնական մենյուից են, այլ դրանք տվյալ գինիների համար են ստեղծվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սոմելյեն ամեն անգամ մանրակրկիտ ներկայացնում է գինու բաղադրությունը եւ բացատրում, թե ինչու են գինիների համերը տարբեր ձեւով ընկալվում տարբեր ուտեստների հետ փորձելիս:

Հանդիպման այս թեմայի հետ համադրել են միայն մեկ ուտեստ՝ Օռզոտո, քանի որ այն համապատասխանում է բոլոր տեսակի կարմիր գինիներին։ Այս ուտեստը նման է ռիզոտոյին, պատրաստվում է գարեձավարով (պերլովկա), ավելացվում է նաեւ սնկային սոուս։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Միշտ ցանկացել ենք կազմակերպել Wine and Food Pairings (Գինու եւ սննդի զուգադրում), այսինքն՝ հատուկ ընթրիքներ, որտեղ ընտրված գինիների համար կստեղծվեն հատուկ ուտեստներ։ Գինին եւ ուտեստն անբաժանելի են: Այն երկրներում որտեղ զարգացած է ռեստորանային մշակույթը, ուտեստն առանց գինու հազվադեպ է մատուցվում»,- ասում է Gouroo Club & Garden-ի սեփականատեր Նատալյա Անտոնյանը:

Նատալյա Անտոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Միջոցառումների մուտքն ազատ է, նախապես հայտարարվում է օրն ու ժամը, պետք է միայն զանգահարել եւ տեղ ամրագրել: Կան արդեն մշտական անդամներ, Նատալյան պատմում է՝ առաջին օրերին նրանցից շատերն ասում էին, որ ոչ հոտ են տարբերում, ոչ համ, իսկ հիմա արդեն մասնագիտանում են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ինձ մոտ նույնպես զարգացել է տարբերելու ունակությունը, առաջ թվում էր՝ «թիթիզություն» է, երբ ասում են՝ սա սրա հետ չի սազում, սա սազում է, մտածում էի՝ կարմիր գինի է, ինչ տարբերություն։ Երբ սկսեցի գինիները փորձարկել տարբեր ուտեստների հետ, հասկացա, որ շատ տարբեր են համերը, զգացմունքները»,-ասում է Gouroo Club & Garden-ի սեփականատերը։

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին