Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերությունը եւ Հ. Թումանյանի թանգարանը թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարք: Գինիները փաթեթավորված են հոբելյանական դիմապիտակով, թումանյանական քառյակով ու գրողի մասին հուշերի գրքույկով:
Թումանյանական գինիների շարքի նպատակն է Հովհաննես Թումանյանին ներկայացնել նաեւ որպես մի մարդու, ում տանից անպակաս է եղել խնջույքը եւ գինին: «Թումանյանը սիրում էր գինին եւ տոնը. նա ոչ միայն «Ամենայն հայոց բանաստեղծն» էր, այլեւ առաջին «Ամենայն հայոց թամադան»,- ասում են Հ. Թումանյանի թանգարանի աշխատակիցները:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հուշանվեր գինիներն այսօրվա մարդկանց կփոխանցեն Թումանյանի՝ գինի խմելու յուրահատուկ մշակույթը եւ մեծ սերը գինեգործության նկատմամբ:
«Թումանյանին «Ամենայն հայոց թամադա» են անվանել իր ընկերները՝ շնորհիվ իր անզուգական կենացների ու ճառերի, որոնցով արբեցնում էր սեղանակիցներին իր խնջույքների ժամանակ: Քեֆը Թումանյանի համար պարզ կերուխում չէր, այլ հոգեւոր ու մտավոր վայելքի մթնոլորտ ձեւավորելու միջոց:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Տակառ» գինիների հատուկ շարքով ուզում ենք հանրության լայն շերտերին ներկայացնել թումանյանական աշխարհը մեկ այլ տեսանկյունից»,- ասում է նախաձեռնության գաղափարի հեղինակ եւ թանգարանի էքսկուրսավար Մարիա Ադամյանը:
Ուղեկցող գրքույկի մեջ տեղ են գտել Թումանյանի ժամանակակիցներից հետաքրքիր հուշեր՝ Թումանյանի գինի խմելու եւ քեֆ-ուրախություն կազմակերպելու վարպետության մասին:
Անի Եղիազարյանը եւ «Արմենիա Վայն»-ի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Քրիստինե Վարդանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ցանկանում ենք, որ մեծ վայելքների, ընկերական հավաքույթների ժամանակ գինին ընկալվի ոչ որպես պարզապես խմիչք, այլ՝ որպես փոքրիկ համեմունք, եւ մատուցվի այնպես, ինչպես Թումանյանն էր օգտագործում», -ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հուշանվեր գինիները հնարավոր է ձեռք բերել թանգարանի հուշանվերների բաժնում: Շուտով դրանք սահմանափակ քանակությամբ հասանելի կլինեն նաեւ առեւտրային եւ ժամանցային կենտրոններում:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: