×

Լուսանկարը՝ Getty Images

Հայաստանում գինեգործ դառնալու տարբերակները

Տարեցտարի հայկական գինու նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է, պահանջարկը՝ մեծանում։ Հայկական գինու ավանդույթները վերականգնելու, հայ սպառողին գոհացնելու, նաեւ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին որակյալ արտադրանքով ներկայանալու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ։ Բավարար չէ, որ ժամանակակից հայ գինեգործը իմանա «աստվածային» ըմպելիք պատրաստելու ճիշտ տեխնոլոգիան, նա նաեւ պետք է տեղյակ լինի խաղողագործության հիմունքներին, պատկերացում ունենա մարքեթինգի, գինու տուրիզմի մասին, տիրապետի շատ այլ անհրաժեշտ հմտությունների: Ոլորտի զարգացման կարեւոր գործը կիրթ, բանիմաց մասնագետների ուսերին է: 

Գինեգործական կրթություն՝ ընդհանրություններն ու տարբերությունները

Հայաստանում գինեգործական կրթություն կարելի է ստանալ երկու հաստատությունում։ Առաջինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտությամբ, երկրորդը՝ Երեւանի գինու ակադեմիան: Այն հիմնադրվել է 2014 թվականին՝ Գայզենհայմի համալսարանի հետ, որը Եվրոպայում այս ոլորտի կրթություն տրամադրող լավագույն համալսարանն է: 


Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը դասավանդում է ե՛ւ Ագրարային համալսարանում, ե՛ւ Գինու ակադեմիայում։ Նա GastroVino-ին ներկայացնում է Հայաստանում լավ գինեգործ դառնալու ուղիները։ 

Ագրարային համալսարանում ուսման տեւողությունը 4 տարի է, որից հետո ուսանողները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում: 


Ագրարային համալսարանում Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Յուրաքանչյուր տարի գինեգործ դառնալու նպատակով Ագրարային համալսարան է ընդունվում մոտ 60 ուսանող, սակայն նրանցից միայն տասն է դառնում գինեգործ։ Լինում են դեպքեր, երբ 4 տարի սովորելուց հետո երիտասարդները գնում են գինու արտադրամաս ու հիասթափվում, նշում են, որ դժվար է աշխատել խոնավության մեջ կամ այգում՝ արեւի տակ, աշխատանքի թեժ շրջանում գիշերները չքնել ու մթերում իրականացնել: 


Գինու ակադեմիայում Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Գինու ակադեմիան ամեն տարի ունենում է 16-17 ուսանող: Ակադեմիա ընդունվելն ավելի բարդ է, քանի որ շեշտադրումը ուսանողների մոտիվացիայի վրա է: Նախ ուսումնասիրում են դիմորդի հայցադիմումը, հետո հրավիրում հարցազրույցի: Կրթության ավարտին տրամադրվում է հավաստագիր: Գինու ակադեմիայի ուսանողները՝ որպես կանոն, արդեն կրթություն, մասնագիտություն ունեցող մարդիկ են, նաեւ՝ այլ ոլորտների մագիստրոսներ, թեկնածուներ, որոնց համար գինեգործությունը նոր մասնագիտություն է: Այստեղ կրթության տեւողությունը 18 ամիս է: Ուսանողները, գինու ակադեմիան դեռ չավարտած, արդեն աշխատում են։ Բացի այդ, նրանք լիարժեք տիրապետում են օտար լեզվին, քանի որ այստեղ դասընթացներն անգլերեն են:


Գինու ակադեմիայում Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Ակադեմիան տրամադրում է ավելի արդիական կրթություն: Ուսանողները ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են գինեգործներին: Ակադեմիայում դասավանդվող առարկաներն են խաղողագործությունը, մանրէաբանությունը, գինեգործությունը, գինու քիմիան, կառավարման հմտությունները: 

Ակադեմիայի հիմնադրումից հետո փոփոխություններ են եղել նաեւ Ագրարային համալսարանի ուսումնական ծրագրում: Զարուհի Մուրադյանն ասում է, որ սկսել են դասավանդել այն առարկաները, որոնք նախկինում երբեւէ չէին եղել ուսումնական ծրագրում, օրինակ՝ գինու համտես, տուրիզմ, մարքեթինգ, ավելացել են խաղողագործության ժամերը, պրակտիկան խաղողի այգիներում: ՀԱԱՀ-ում դասավանդվում է նաեւ գինիների զգայաբանական գնահատում առարկան, որը եւս նախկինում չի դասավանդվել: 


Ագրարային համալսարանում Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

«Գինեգործը պետք է հասկանա, թե իր պատրաստած գինին ինչ որակի է, արդյոք խաղողին բնորոշ առանձնահատկությունը փոխանցվե՞լ է գինուն: Շատերն իրենց պատրաստած գինին ներկայացնելով միջազգային համտեսներում, հասկանում են, որ որակապես այն չի դասվում այն գինիների շարքին, որոնք շուկայում պահանջարկ ունեն»,- ասում է ՀԽԳՀ տնօրենը:

Ագրարային համալսարանում կա նաեւ արտադրամաս, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն նաեւ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել:

Գրեթե բոլոր գինու գործարանները ներդրումներ են անում, որպեսզի կարողանան հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Գինիներով հետաքրքրվող զբոսաշրջիկներն առանձնահատուկ մարդիկ են, նրանք առաջին հերթին հետաքրքրված են երկրի գինեգործությամբ, խաղողի տեսակների առանձնահատկություններով: 

«Ուսանողներին սովորեցնում ենք, թե ինչպես պետք է աշխատել զբոսաշրջիկների հետ, ինչ ծրագրեր պետք է մշակվեն, որպեսզի կարողանան էլ ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնել գործարանը: Գինու ակադեմիան փորձում է այս ամենը մատուցել ու մասնագետներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, Ագրարային համալսարանը շեշտադրումն ավելի շատ անում է գինեգործ-մասնագետների վրա»,- ասում է Զարուհի Մուրադյանը: 

Տնայնագործ-գինեգործներ

Հայաստանում քիչ չեն նաեւ տնայնագործ-գինեգործները: Տան պայմաններում պատրաստված գինու բազում տեսակներ կարելի է համտեսել գինու բնօրրան համարվող Արենի բնակավայր տանող ճանապարհին: Զարուհի Մուրադյանը սակայն նկատում է, որ եթե զբոսաշրջիկներն ու փորձագետները համտեսեն ճանապարհի եզրին վաճառվող գինիները, կարող են խոր հիասթափություն ապրել: Որպեսզի ե՛ւ տնայնագործ գինեգործներին չարգելվի վաճառել իրենց պատրաստած գինին, ե՛ւ Հայաստան այցելող գինեսերները սխալ պատկերացում չունենան մեր երկրի մասին, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը միջազգային գործընկերների հետ իրականացնում է տնայնագործների աջակցության ծրագիր: Թեպետ նրանցից ոմանք ընդդիմանում են, ասում, որ գինեգործություն սովորել են իրենց հայրերից ու պապերից, ովքեր լավ գիտեին ինչպես մշակել խաղողն ու պատրաստել գինի։ 

«Հայտարարվեց ծրագիր, 60 շահառուից ընտրվեց 17-ը, նրանց հետ աշխատեցին Երիտասարդ գինեգործների միավորման անդամները: Նրանք մշակեցին ոչ թե խաղողի ամբողջ այգին, այլ մեկ-երկու շարք, դրա օրինակով տնայնագործներին ցույց տվեցին, թե ինչպես պետք է էտը ճիշտ կազմակերպել, ջրել, ժամանակին պատվաստել, արդյունքում ստացվեց բարձրորակ խաղող: Այնուհետեւ օգնեցին հասկանալ, թե տնային պայմաններում ինչպես ճիշտ մշակել խաղողը: Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կստեղծի հարթակ, որտեղ տնայնագործ գինեգործները կվաճառեն իրենց գինիները»,- ասում է Զարուհի Մուրադյանը:

Երիտասարդ մասնագետները՝ ուժեղ բանակ

Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործության ոլորտում այժմ մասնագետների մեծ պահանջարկ կա, մեծ հետաքրքրություն կա նաեւ ուսանողների շրջանում։


Գինու ակադեմիայում Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

«Երիտասարդ մասնագետների լավ «բանակ» ունենք, որոնք ոլորտի նվիրյալներ են ու փորձում են իրենց ներուժն օգտագործել Հայաստանում գինեգործության զարգացման համար: Ամենաուժեղ եւ կարեւոր գրավականը կրթությունն է, եթե ցանկանում ենք ոլորտը զարգացնել, շեշտադրումը պետք է դնենք մասնագետների վրա: Ունենք խաղողի 400 տեսակ, բայց դրանց ներուժը բացահայտված չէ, մեզ պակասում են գիտական լուրջ ինստիտուտներ, մասնագետներ, որոնք այդ ուսումնասիրությունները կանեն: Նման ուսումնասիրություններն այժմ արվում են արտերկրում: Եթե մասնագետների կարիք է լինում, արտերկրից ենք հրավիրում, որոնք մեր բնակլիմայական պայմաններին ծանոթ չեն, խաղողի տեսակների հետ չեն աշխատել: Անգամ երբ որակական գնահատական ենք տալիս մեր գինիներին, հրավիրում ենք համտեսողների, որոնք գալիս են ու անծանոթ լինելով մեր գինիներին՝ համտեսում, երբեմն ոչ ճիշտ գնահատականներ են տալիս: Դրա համար մեզ պետք են լավ մասնագետներ, արդի տեխնոլոգիաներին տիրապետող, որոնք կկիրառեն դրանք, մեզ կօգնեն, որ ոլորտը զարգանա: Մենք աշխարհին շատ բան ունենք ցույց տալու»: 

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին