«Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերությունն առաջարկում է շատ անսովոր եւ հետաքրքիր ժամանցի տեսակ՝ նկարչություն գինով: GastroVino-ի հետ զրույցում «Ոսկենի գինիներ»-ի համահիմնադիր, Art and Wine նախագծի հեղինակ Ալինա Մկրտչյանը պատմեց՝ ինչպես առաջացավ Հայաստանում նման նախագիծ իրագործելու գաղափարը, եւ կիսվեց գինով նկարելու հմտություններով:
Քանի որ գինին ինքն իրենով արվեստ է, մտածեցի, որ այն կարելի է միահյուսել մեկ այլ արվեստի բնագավառի՝ նկարչության հետ: Գեղանկարչության մեջ նման ուղղություն գոյություն ունի (գինու գրիզայլ), սակայն այն զանգվածային ճանաչում չի վայելում, «նեղ մասնագիտական է»: Մենք էլ որոշեցինք ավելի ազատ եւ ժամանակակից շունչ հաղորդել դրան:
Լուսանկարը՝ «Ոսկենի գինիներ»
Մեր նախագիծը թերապեւտիկ եւ նույնիսկ մեդիտատիվ բնույթ է կրում. գինի ըմպելիս ներքին լարվածությունը պակասում է, իսկ երբ այդ գործընթացը համատեղվում է նկարչության հետ, տեղի է ունենում ուղեղի «վերբեռնում», առկա խնդիրները այլ լույսի ներքո են սկսում երեւալ:
Art and Wine նախագծի մեկնարկը տրվել է 2017 թվականի ապրիլին. ռեստորաններում դեգուստացիոն երեկոներ էինք կազմակերպում, այնուհետեւ առաջարկում էինք մեր նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ որեւէ բան նկարել՝ ներկերի փոխարեն օգտագործելով առաջարկված գինիների տեսականին: Անկեղծ ասած՝ զարմացած էի, որ նույնիսկ տարիքով տղամարդիկ երեխաների պես տարված նկարում էին:
Լուսանկարը՝ «Ոսկենի գինիներ»
Նկարում ենք մեր արտադրության երկու տեսակի կարմիր (Արենի, Արենի Խնդողնի) եւ սպիտակ գինիներով, ինչպես նաեւ մեր նկարչուհու կողմից դաշտային ծաղիկներից եւ բույսերից պատրաստված ներկերով: Օգտագործվում է ակվարելային թուղթ, ժամանակի ընթացքում պատրաստի նկարը իր տեսքը չի փոխում: Նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք երբեւէ չեն նկարել, հիանալի է ստացվում:
Բացի դեգուստացիոն երեկոներից, ունենք նաեւ նկարչության մեկանգամյա դասընթացներ մեր գործարանում, որտեղ երաշխավորում ենք դրական էմոցիաներով եւ արեւի ջերմությամբ լցված օր:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: