×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երեւանի գինու օրեր»․ անձրեւային, բայց ուրախ

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում մայիսի 4-ը սովորական անձրեւային օր էր՝ հավերժ թվացող խցանումներ ու անձրեւանոցներով շտապող մարդիկ։ Այլ էր միջավայրը Սարյան փողոցում, որտեղ շարունակվում էին «Երեւանի գինու օրերը»։

Գինու համար խոչընդոտներ չկան

Ժամը 17։00-ին, երբ արդեն պետք է տրվեր միջոցառման մեկնարկը, հորդառատ անձրեւ էր տեղում։ Մեկ ժամվա ընթացքում Սարյան փողոցն այնքան էլ բանուկ չէր, սակայն անգամ այդ եղանակին շատ գինեսերներ եկել էին համտեսի։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հնդկաստանից ժամանակ զբոսաշրջիկներ Վիրան եւ Ռեբեկան Հայաստանում են մեկ շաբաթով եւ «Երեւանի գինու օրերի» մասին տեղեկանալուն պես շտապել են մասնակից դառնալ։

«Մեր ընկերներից իմացանք, որ նման միջոցառում կա։ Գինի շատ ենք սիրում, այդ պատճառով էլ անձրեւն ամենեւին էլ խոչընդոտ չէ, իսկ հայկական գինին լավագույնն է։ Շատ կուզենայինք Հնդկաստանում եւս կարողանալ գնել այն», - ասում է Վիրան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս Վիրան եւ Ռեբեկան՝ Հնդկաստանից


Միջավայրը կարեւոր է

Գինու տեսակների բազմազանությունն ողջունելի է, սակայն այն նաեւ բարդացնում է ընտրությունը։ Այս դեպքում օգնության կհասնի սոմելյեն, որ փորձառու ուղեկցորդի նման կկողմոնոշի գինու անծանոթ աշխարհում։

«Պետք է գինին համադրել եւ´ ըստ տրամադրության, եւ´ ըստ ուտելիքի, եւ´ ըստ բաժակակիցների։ Երեք բաղադրիչներն էլ շատ կարեւոր են։ Հաճախ որեւէ միջավայրում գինի համտեսելիս մարդիկ կարող են այն չհավանել, իսկ հետո խմել նույնը տանը միայնակ եւ խոստովանել, որ շատ համեղ գինի է։ Իրականում գինու առաջացրած զգացողությունները էապես կախված են դրա շուրջ տիրող մթնոլորտից»,- պատմում է սոմելյե Կարեն Զուրաբյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարեն Զուրաբյանը


Խմում ենք վարդագույն

Ժամեր անց Սարյան փողոցը կրկին մարդաշատ էր, եւ տաղավարներում սկսեցին հերթով դատարկվել գինու շշերը։ «Նոյան Տապան» գինեգործարանի տաղավարում ամենապահանջվածը ռոզեն էր։

«Վարդագույն գինի ստանալը բավականին բարդ է։ Այն պատրաստվում է կարմիր խաղողից՝ սպիտակի տեխնոլոգիայով։ Խաղողը հավաքվում է նույն կերպ, ինչպես կարմիր գինու դեպքում, սակայն կաշին եւ միջուկը 14-18 ժամ են թողնում միասին։ Երբ աշխատում ես սեւ արենի խաղողի տեսակի հետ, ստիպված ես լինում նաեւ քամել եւ ֆիլտրել, որպեսզի կարողանաս ստանալ ցանկալի բաց երանգը»,- մանրամասնում է «Նոյան Տապանի» խորհրդատու-սոմելյե Սալոմե Հովսեփյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս Սալոմե Հովսեփյանը


Նրա խոսքով՝ ինչպես կյանքի յուրաքանչյուր պարագայում, այնպես էլ գինու դեպքում, կարեւորը ետնահամն է։ Ո´չ բույրին, ո´չ էլ համին ալկոհոլը չպետք է խանգարի, այլ անդրադառնա միայն զգացողության վրա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երեւանի գինու երկրորդ օրը բեմը դատարկ էր՝ անձրեւային եղանակի պատճառով, սակայն պարային տրամադրությանը դա բոլորովին չխանգարեց։ Տաղավարներից հնչող ակտիվ երաժշտությունն ու գինու հովանավորած բարձր տրամադրությունն ապահովեցին միջոցառմանը հատուկ մթնոլորտը նաեւ մայիսի 4-ին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին